Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի առնչությամբ երկու բանաձև է ընդունել


  
դիտումներ: 228

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն աշնանային նստաշրջանի՝ հոկտեմբերի 11-ի լիագումար նիստի ընթացքում քննարկել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը» խորագրով զեկույց:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, զեկույցը պատրաստել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա): Զեկույցի հետ մեկտեղ ներկայացվել է նաև բանաձևին համապատասխանող նախագիծ: Զեկույցում մտահոգություն են հայտնել Ադրբեջանում իշխանության ճյուղավորումների միջև անհավասարակշռության առնչությամբ:

Մասնավորապես նշված է, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ գործադիր իշխանությունը դառնա ավելի քիչ հաշվետու խորհրդարանին, իսկ դատական մարմինները գործադիր իշխանությունից կախվածության մեջ մնան: Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել հասարակական կազմակերպությունների առաջնորդների, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերիների և փաստաբանների հետապնդման ու մշտական ձերբակալությունների առնչությամբ:

Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել այն բանտարկյալներին, որոնց ձերբակալությունը ողջամիտ կասկածներ է հարուցում: Զեկույցում իշխանություններին ներկայացվել են հետևայլ առաջարկները՝ օպերատիվ կերպով ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ամբողջական կատարումը, ուժեղացնել գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական հսկողությունը, իրականացնել դատական համակարգի և դատախազության բարեփոխում, լրագրողներին թույլ տալ ազատորեն աշխատանք ծավալել, ՀԿ-ների, այդ թվում՝ քննադատական կարծիք հայտնող ՀԿ-ների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծել:

Քննարկումների ընթացքում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորները քննադատել են զեկույցն ու պահանջել են փոխել դրույթները, որոնք քննադատում են դատախազության և դատական մարմինների անկախության բացակայությունը, ինչպես նաև զանգվածային ցույցների ճնշումը, սակայն ադրբեջանական կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկը չի անցել: Բանաձևն ընդունվել է 117 «կողմ» 18 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քննարկվել է «Մարդու իրավունքների հարգման ոլորտում Ադրբեջանի ձեռնարկած քայլերը Եվրոպայի խորհրդում երկրի նախագահության ընթացքում (2014թ. մայիս-նոյեմբեր)» զեկույցը: Այն պատրաստել է բելգիացի պատգամավոր Ալլեն Դեստկսը կողմից, սակայն ներկայացրել է ուկրաինացի պատգամավոր Ելենա Սոտնիկը:

Զեկույցի վերջնական տարբերակում Ադրբեջանում քաղաքական բնույթի կալանքների մասին փոփոխություն է մտցվել, որին ադրբեջանական պատվիրակությունը դեմ է հանդես եկել: Փաստաթուղթն ընդունվել է 114 «կողմ» 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: