Հայերեն   English   Русский  

ՔԿՀ-ների համակարգի օպտիմալացում և արդիականացում է սպասվում առաջիկա 20 տարվա ընթացքում


  
դիտումներ: 11819

Քրեակատարողական համակարգում բարեփոխումների քննարկվում է ռազմավարության ծրագիր, որը կգործի 2018-2038 թվականները:

Բարեփոխումների համար 9 ուղղություն է նախանշված: Դրանք վերաբերում են օրենսդրական փոփոխություններին, միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, կուռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը և այլն:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց, որ կարճաժամկետ պլանավորումից փորձում են անցնել երկարատև պլանավորման:

Նա ընդգծեց, որ ոլորտում տարիներ ի վեր կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ, այլև լուրջ ֆինանսական ներդրումներ:

Այդ նպատակով հանձնարարվել է մշակել առաջիկա 20 տարվա տեսլականը.« Քանի որ մենք իրականացնում ենք երկարաժամկետ պլանավորում, մենք չենք ֆիքսվում այն խնդիրների վրա, որոնք կարճաժամկետ են և գլոբալ բարեփոխումներից չեն բխում»:

Ըստ փոխնախարարի՝ նոր ռազմավարությունը գլոբալ գաղափարախոսություն է որդեգրել: Այս ամբողջ ռազմավարությունը հիմնված է պատժի նպատակների իրականացման վրա:

«Ռազմավարությունը ենթադրում է ՔԿՀ-ների համակարգի օպտիմալացում և արդիականացում: Անհրաժեշտության դեպքում ոչ օպտիմալ հիմնարկները կփակվեն, նոր կառույցներ կձևավորվեն՝ նվազագույն անհրաժեշտ ծախսերով: Անվտանգությանը մեծ ուշադրություն է հատկացված: ՔԿՀ-ները պետք է անվտանգ լինեն, այդ թվում՝ փախուստները կանխելու համար, պետք է ունենան անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներ»,-նշեց նա:

Ռազմավարությունը ենթադրում է դատապարտյալների պահման պայմանների բարելավում. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկն արդեն 1200 անձի պահման խնդիրը լուծել է: Նախատեսվում է առնվազն 1-2 նոր հիմնարկ կառուցելու կարիք ունենք: Որոշ հիմնարկներ ոչ բավարար շենքային պայմաններ ունեն»:

Բուժծառայությունները ևս կբարեփոխվեն, կգործեն վերապատրաստված անձնակազմեր:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն իր հերթին նշեց, որ ռազմավարության տեսանկյունից ակնհայտ խնդիր կա. «Պարզ չէ, թե կոնկրետ խնդիրներից որ մեկը ինչ ժամկետում պետք է լուծվի: Կան դրույթներ, որոնք արդեն կան այլ ռազմավարություններում: ՔԿՀ-ներում շերտավորումներ կան՝ ըստ կալանավորների դիրքի: Խտրականության դեմ պայքարի ճանապարհ չկա այդ ռազմավարության մեջ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: