Հայերեն   English   Русский  

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե այն փրկելու է անգամ մեկ կյանք. Մանե Թանդիլյան


  
դիտումներ: 940

Կարելի է խոսել որոշակի դրույթների, սահմանումների բարելավման և փոփոխության մասին, սակայն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումն անհրաժեշտ է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Նա ընդգծեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթներից մեկն է նմանատիպ օրենք ընդունելու գաղափարը. «Երբեմն մեզ հարցնում են՝ իշխանության բերած ծրագիրն է և ինչո՞ւ եք աջակցում այդ օրենք:Պետք է ասեմ, որ մենք դեմ ենք ընտանեկան բռնությանը: Հարցը օրինագիծը չէ կամ բերողը»:

Պատգամավորը նշեց, որ քննարկումների արդյունքում կարելի է փոխել որոշակի դրույթներ, սակայն բայց օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե այն փրկելու է անգամ մեկ կյանք:

«Նման դեպքերը բազմաթիվ են: Բացահայտվածներն են շատ, իսկ ես չեմ խոսում չբացահայտվածների մասին՝ դրանք մի քանի անգամ ավելին են: Մենք պետք է սթափվենք և հասկանանք, որ սա հասարակության մեջ արմատացած չարիք է, որն ունի իր հետևանքները: Ագրեսիվ , անհանդուրժողական հասարակությունը նաև դրա արդյունքն է:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ ընտանիքը նեղ անձնական երևույթ չէ, այն պետության մի միավոր է և պետությունն ունի պատասխանատվություն բռնությունը կանխարգելելու հարցում ու թույլ չտալու, որ որևէ միջավայրում դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:

«Հասարակության ի՞նչ անդամ են դառնում բռնություն ստեսած երեխաները: Ի՞նչ սերունդ են դաստիարակում բռնության ենթարկված կանայաք… Դա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս օրենքի ընդունումն անհրաժեշտություն է: Ես պատրաստ եմ ընդունել, որ շատ դրույթներ այնպես գրված չեն, բազմաթիվ տերմիններ այնպես կիրառված չեն և թյուրընկալման տեղիք են տալիս: Պատրաստ եմ քննարկել, փոխել»,- ասաց տիկին Թանդիլյանն՝ շեշտելով, որ հավաքել է քաղաքացիների մտահոգությունները և գրառել:

Նա գտնում է, որ հասարակությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի բռնությունը կանխարգելվի: Ըստ նրա՝ չպետք է ասել, որ Քրեական օրենսգրքով կա հոդված, որով բռնությունը համարվում է քրեական հանցագործություն: Պետք է կանխարգելել բռնությունը և թույլ չտալ, որ հասարակությունը մեծանա բռնության պայմաններում:

ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանն իր հերթին նշեց, որ իրենց կառույցը դեմ է հանդես գալիս «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին:

Փաստաբանի համոզմամբ՝ ցանկացած օրենքի ընդունման համար հարկավոր է սոցիալական պահանջարկ, այսինքն՝ դրա հիմքում պետք է լինեն քաղաքական, սոցիալական, իրավական լուրջ հետազոտություններ. «Արդյոք այդ գործիքներից գեթ մեկը պատշաճորեն կիրառվե՞լ է այս օրենքի անհրաժեշտությունը հիմնավորելիս: Արդարադատության նախարարությունը հղում է անում ինչ-ինչ սոցոլիոգիական հարցումներին, բայց դրանք գերազանցապես ներկայացվում է փակ, գաղտնի՝ հարցումների մասնակցած անձանց անվտանգության նկատառումներով և անձնական կյանքի իրավունքով: Չի նշվում, թե որ կազմակերպություններն են իրականացրել հարցումները: Արդյունքում բերվում են թվեր, որ իրավաչափ կասկած են առաջացնում դրանց արժանահավատության վերաբերյալ»:

Փաստաբանի տվյալներով՝ 2015-2017 թվականների ընթացքում բռնության հետ զուգարդված հանցագործությունների ընդամենը 8-10 տոկոսն է վերաբերում ընտանիքում կատարված բռնությանը.«Սոցիալական անհրաժեշտության բացակայության մասին է խոսում նաև այն մասին, որ օրենքը ցույց չի տալիս, թե ինչ կանխարգելիչ կառուցակարգեր է նախատեսում: Հիմնականում դրանք հետևանքների վերացման դեմ ուղղված կառուցակարգեր են»:

Պատգամավոր Մանե Թանդիլյանը հակադարձեց փաստաբանին.«Այդ ընդամենը 8-10 տոկոսը ցույց է տալիս, ըստձեզ, որ սոցիալական պահանջ չկա՞: Եթե մեկ կնոջ ճակատագիր էլ կարող են այս օրենքով փոխել, դա նշանակում է, որ այս օրենքն անհրաժեշտ է»:

Հանդիպման ներկա փաստաբան Հայկ Եգանյանը նշեց՝բոլոր փաստաբանները չեն, որ դեմ են օրինագծին. «Բա ես ո՞վ եմ. փաստաբանների պալատի անդամ եմ, դուք ներկայացնում եք ի՞մ տեսակետը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: