Հայերեն   English   Русский  

​ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ


  
դիտումներ: 7589

-Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.

Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ –

Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...

Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ –

Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:

Արևմտահայ գրականության ականավոր գործիչներից է Դանիել Վարուժանը (Չպուգքյարյան): Ապագա մեծանուն գրողը ծնվել է 1884 թ. ապրիլի 20-ին, Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Բրգնիկ գյուղում:

Դանիելի հայրը՝ Գրիգորը, աստվածավախ մարդ էր: Նա գյուղի եկեղեցում ընթերցում էր Դանիելի մարգարեությունը, երբ բարեկամներից մեկը ներս է մտնում և ավետում որդու ծնունդը: Երջանիկ հայրը որոշում է զավակին Դանիել կոչել:

«Ծնած եմ 1884-ին, Սեբաստիո մոտ՝ Բրգնիկ գյուղը, ուր աճած է մանկությունս՝ ուռենիներուն տխուր հովանիին տակ երազկոտ կամ գետեզերքներուն վրա բադերուն քարեր նետելով անառակորեն: Դեռ հազիվ թիթեռներ որսալու հասակին մեջ՝ հայրս պանդխտած է Պոլիս, և մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երևակայությունս օրորած է ենիչերիներու և գայլերու պատմություններով»:

Վարուժանի ընտանիքն ապրում էր չքավորության մեջ: Նրա հայրը պանդուխտ էր և օտար ափերում էր վաստակում օրվա հացը, որ կարողանա հոգալ բազմանդամ ընտանիքի կարիքները: Եվ երեխաների դաստիարակության հոգսը մոր՝ Թագուհի Ղարիպյանի և տատի ուսերին էր: Մի օր լռեց Վարուժանի հայրը. նրա մասին ոչ ոք լուր չուներ: Հետագայում պարզվեց, որ Վարուժանի հայրը Պոլսում բանտարկված է սուլթանական բանտում:

Նախնական կրթությունը Վարուժանը ստացել է Բրգնիկի ծխական վարժարանում: Երբ մահանում է Վարուժանի տատը, 12 տարեկան Վարուժանը, որպեսզի հոգս չդառնա ընտանիքի կարիքները հազիվ հոգացող մոր վրա, տեղափոխվում է Կոստանդնուպոլիս և ուսումը շարունակում Սագըղ Աղաջի թաղամասում գործող Մխիթարյան դպրոցում: Քիչ անց տեղափոխվում է Քաղկեդոն թաղամասի դպրոց: 1901 թ. նրա անդրանիկ բանաստեղծությունը հրատարակվում է դպրոցի «Արձագանք նոտայի» ձեռագիր թերթում:

Պոլսում ուսանելու տարիներին Վարուժանը լուր է առնում, որ մայրը ծանր հիվանդացել է թոքախտով: Նա կորցնում է նաև մորը, բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրա նկատմամբ, երբ գտավ հորը: Հայրն ազատ է արձակվում և աշխատանքի անցնում Պոլսի իջևանատներից մեկում՝ Խավյար խանայում: Ազատ ժամանակ պատանի Վարուժանն անց է կացնում հոր մոտ, նրան օգնում աշխատանքում:

1902 թ. Դանիել Վարուժանն ուսումը շարունակելու միտումով անցնում է Եվրոպա և ընդունվում Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը: Այստեղ ուսանելու տարիներին էապես ընդլայնվում է պատանու աշխարհայացքը, նա ծանոթանում է համաշխարհային գրականության դասականներին, տարվում ժամանակի հեղափոխական գաղափարներով:

Հենց այստեղ էլ լույս է տեսնում Վարուժանի առաջին բանաստեղծությունը հայության նկատմամբ համիդյան վարչակարգի իրականացրած ջարդերի թեմայով:

Երեք տարի Վենետիկում ուսանելուց հետո վարուժանը 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը, ուր ուսանում է հասարակական և սոցիալական գիտություններ:

Այսօր էլ Գենտի համալսարանի գրադարանի դահլիճում դրված է Վարուժանի կիսանդրին, որի վրա քանդակված են նրա խոսքերը.

-Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,

երբոր երազը կ՛ապրի,

երբոր երազն անմահ է։

Համալսարանն ավարտելուց հետո Դանիել Վարուժանը վերադառնում է հայրենիք, հաստատվում Սեբաստիայում և ուսուցչություն անում տեղի Արամյան վարժարանում: Երկու տարի անց նա տեղափոխվում է Թոքատ (Եվդոկիա) և դասավանդում Ազգային վարժարանում: Սակայն այստեղ էլ Վարուժանը երկար չի մնում: Նրան հրավիրում են մայրաքաղաք, և նա հաստատվում է Պոլսում՝ դասավանդելով Բերայի վարժարանում, միաժամանակ զբաղեցնելով վարժարանի տեսչի պաշտոնը:

1910 թ. Վարուժանը Սեբաստիայում հանդիպում է իր սիրուն՝ Արաքսի Թաշճյանին: Թաշճյանների գերդաստանն ամենահարուստներից էր Արևմտյան Հայաստանում: Վարուժանին Արաքսիի հայրը հրավիրում է իր տուն, որպեսզի դստեր հետ հայերեն և ֆրանսերեն պարապի:

Չնայած նրան, որ Արաքսին նշանված էր (մանկուց՝ դեռ օրորոցից, համաձայն հայոց հնագույն ավանդույթի), նրանց մեջ սեր է ծնվում: Հազարամյա ավանդույթն ի զորու չէր խանգարել նրանց: Վարուժանը պատրաստ էր անգամ փախցնել Արաքսիին, քանզի նրա ծնողները հասարակական կարծիքի ճնշման տակ շարունակ մերժում են նրանց ամուսնանալու «խայտառակ որոշումը»:

Ի վերջո, Արաքսիի նշանածը նահանջում է, սակայն տեսադաշտում հայտնվում է մի մեծահարուստ: Արաքսիի ծնողները որոշում են նրանց նշանադրության և պսակի օրը: Սակայն նոր փեսացուն, հասկանալով երկու սիրահարներին, մեծահոգաբար հեռանում է:

Կարճ ժամանակ անց Վարուժանն ու Արաքսին ամուսնանում են: Արաքսին Վարուժանին երեք զավակ է պարգևել՝ դուստր և երկու որդի՝ Վերոնիկ, Արմեն և Հայկակ: Վերջինին, սակայն, հայրը չտեսավ: Հայկակը ծնվել է Վարուժանի սպանության օրը:

Եղեռնի տարիներին Վարուժանի կինը երեխաների հետ խույս տվեց Պոլսից և դեգերումներից հետո հաստատվեց ԱՄՆ-ում: Վարուժանի սերունդներն այժմ բնակվում են Նյու Յորքում և Ֆրեզնոյում:

Վարուժանը Պոլսում շատ արագ ճանաչում ստացավ և ժողովրդականություն վայելեց: Նա չորս գիրք հրատարակեց: Նշանակալից էին «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» ժողովածուները, որոնց մեջ Վարուժանը գովերգում էր հայոց հին արժեհամակարգը, սեր, ուժ և զորություն քարոզում:

1910-ական թվականներին արևմտահայության շրջանում տարածվում է հեթանոսական շարժումը, որ ժամանակի իշխող կեղծ, բիրտ ու տմարդի բարքերի ֆոնին քարոզում էր բնապաշտություն, ուժ, սեր, ազնվություն: Եվ Վարուժանն իր ստեղծագործություններում հենց հեթանոսության քարոզիչն ու երգիչը դարձավ: Մանավանդ «Հեթանոս երգեր» ժողովածուում, որ բաղկացած էր երկու մասից՝ «Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ», Վարուժանը համեմատության մեջ պատկերում էր երկու տարբեր աշխարհներ՝ գովերգելով հայոց հին արժեհամակարգը:

Վարուժանի ստեղծագործությունները հետագայում թարգմանվեցին եվրոպական տարբեր լեզուներով:

Նա մշակում էր հայոց հին՝ հեթանոսական շրջանի ավանդույթներն ու առասպելները, նախատեսում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» էպոսը:

1914 թվականին Վարուժանը Պոլսում Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի, Ահարոն Տատուրյանի Կոստան Զարյանի հետ հիմնադրեց «Մեհյան» գրական հանդեսը, իսկ Հ. Սիրունու հետ՝ «Նավասարդ» գրական տարեգիրքը:

Դանիել Վարուժանն այն հայ մտավորականներից էր, որոնք դարձան եղեռնի առաջին զոհերը: Երիտթուրքերը պոլսահայ դավաճան Վահե Ինսանի մատնությամբ 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալեցին Պոլսի հայ մտավորականներին: Ձերբակալվածների թվում էր նաև Դանիել Վարուժանը: Նրան պահեցին Պոլսի կենտրոնական բանտում: Օրեր անց նրան ու Ռուբեն Սևակին տեղափոխեցին Անկարայի բանտ:

1915 թ. օգոստոսի 26-ին թուրք բարբարոսները Չանկիրի բնակավայրից Վարուժանին և Սևակին կառքով տանում են Այաշի ուղղությամբ և օգոստոսի 26-ին Թյունեյ գյուղի մոտ նախապես վարձված քրդերի միջոցով հաշվեհարդար են տեսնում նրանց հետ:

Վարուժանի աճյունը հետագայում ամփոփվեց Շիշլիի գերեզմանատանը:

Վահէ Լոռենց

Նկարում՝ Սարդարապատի հուշահամալիրը: Այն նվիրված է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտին: Հուշահամալիրի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, կառուցվել է 1968 թ.

Իմ երաժշտությունը Հայաստանի նկատմամբ սիրո արտահայտություն է: Ես լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն ջերմությունը, որով ինձ ընդունում են այստեղ, աննախադեպ է:

Եվգենի Կիսին, դաշնակահար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: