Հայերեն   English   Русский  

Մեդալների բերքահավաք Եվրոպայում


  
դիտումներ: 3621

Հոկտեմբերի 15-21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացավ մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ստուգատեսին 35 երկրների 345 մարզիկ մասնակցեց:

Հայաստանի պատվիրակությունն առաջնությանը մասնակցեց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մեծահասակների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: Նա նաև ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում էր: Հայ ծանրորդները Դուրրեսում հանդես եկան երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի, կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի ղեկավարությամբ:

Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանեցին Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Կարեն Ավագյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):

Մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացրին Իզաբելլա Յայլյանը (58կգ), Տաթևիկ Հակոբյանը (90 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ)

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում Արփինե Դալալյանը (+90 կգ) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաև Սոնա Պողոսյանը (75 կգ)` ոսկե մեդալների արժանանալով նաև պոկում և հրում վարժություններում:

+105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով, ոսկե մեդալներ նվաճելով պոկում և հրում վարժություններում, հռչակվեց չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր ռեկորդ սահմանեց:

Առաջնության փոխչեմպիոններ դարձան Սամվել Գասպարյանը (105 կգ) երկամարտի 374 կգ արդյունքով և Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) 343 կգ արդյունքով:

Մինչև 23 տարեկանների տղաների մրցապայքարում Գոռ Մինասյանը (+105 կգ) երկամարտի 420 կգ արդյունքով, Կարուշ Ղուկասյանը (94 կգ) երկամարտի 359 կգ արդյունքով և Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն:

Նույն տարիքային խմբում 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: 58 կգ քաշային Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը ճանաչվեցին մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերի լավագույն մարզիկներ:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձավ 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե: Մեր 20 և 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ լավագույնն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: