Հայերեն   English   Русский  

​ՀՌՈՄ


  
դիտումներ: 7207

Հռոմն իր պատմության ընթացքում երեք ծանր, խայտառակ պարտություն է կրել Կաննում, Խառանում և Եռանդում: Վերջին երկուսում՝ հայոց բանակի անմիջական մասնակցությամբ:

Ավանդությունը պատմում է, որ Նումիտոր թագավորն ունեցել է երկու նորածին թոռնիկ՝ Հռոմուլոսն ու Հռեմոսը: Եղբայրներին նետել են Տիբեր գետը, նրանց գտել և խնամել է մի գայլ: Հետագայում ավագ եղբայրը՝ Հռոմուլոսը, հիմնադրել է Հռոմ քաղաքը:

Հռոմի պատմությունն ունի երեք շրջան՝ թագավորական, որ ընդգրկում է մ.թ.ա. 754 թ. մինչև մ.թ.ա. 509 թ., հանրապետական շրջան, որ ընդգրկում է մ.թ.ա. 509 թ. մինչև մ.թ.ա. 30 թ., և կայսերական շրջան՝ մ.թ.ա. 30 թ. մինչև կործանում՝ 395 թ.: Իսկ հայ-հռոմեական առնչությունները սկսվել են մ.թ.ա. 190 թվականից:

Հռոմն առավել հզորության հասավ հանրապետական շրջանում, երբ կատարվեցին հիմնական նվաճումները: Հռոմը նվաճեց գրեթե ողջ Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան, Փոքր Ասիա թերակղզին:

Մինչ այդ, սակայն, Հռոմը բախվեց զորեղ թշնամու՝ Կարթագենի հետ: Մ.թ.ա. 216 թ. Կաննի ճակատամարտում Հաննիբալ Բարկան ջախջախեց Հռոմի զորքերը: Դա պատմության մեջ Հռոմի առաջին խոշոր խայտառակությունն էր: Թվում էր՝ կործանումը մոտ է, սակայն Հաննիբալը հապաղեց, և Հռոմը ոչ միայն փրկվեց, այլև հետագայում կործանեց Կարթագենը:

Հռոմեական զորքն Արևելք առաջին անգամ ոտք դրեց մ.թ.ա. 190 թ.: Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում կանգնած էր սելևկյան մեծ ու հզոր բանակը՝ Անտիոքոս Գ արքայի հրամանատարությամբ:

Սակայն հռոմեական բանակը, որ գրեթե երկու անգամ փոքր էր սելևկյանից, Սկիպիոն Աֆրիկացու գլխավորությամբ գլխովին ջախջախեց թշնամուն: Սույնով հռոմեացիները ոտք դրեցին Փոքր Ասիա:

Մագնեսիայի ճակատամարտը բարենպաստ էր հայության համար: Օգտվելով սելևկյանների պարտությունից՝ Արտաշես և Զարեհ Երվանդունիները, մեկը Մեծ Հայքում, մյուսը՝ Ծոփքում, հռչակեցին անկախություն, և Մեծ Հայքում հիմք դրվեց Արտաշեսյանների զորեղ պետությանը:

Անկախություն ձեռք բերելով՝ հայոց պետությունն անմիջապես թշնամացավ Հռոմին: Արտաշես Առաջինի արքունիքում ապաստան գտավ Հռոմի ոխերիմ թշնամին՝ Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան: Արտաշեսն այնքան վստահ ու զորեղ էր զգում իրեն, որ ուղղակի անտեսեց Հռոմի շահերը:

Ի դեպ, սելևկյաններից անկախություն ստացան նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները՝ Երվանդունիների տոհմի իշխանությամբ:

Մինչ Հռոմն ամրապնդվում էր Փոքր Ասիա թերակղզում, Մեծ Հայքն իր հերթին հզորանում էր Արևելքում: Սկիզբ առած հայ-պարթևական մրցակցությունն ի սկզբանե պարթևների օգտին էր, սակայն հետագայում՝ Տիգրան Բ Մեծի օրոք, (մ.թ.ա. 95-55) պարթևների տերությունը տեղի տվեց, և Մեծ Հայքի թագավորությունը դարձավ հզորագույնը Արևելքում: Հայաստանի և Հռոմի շահերը բախվեցին: Պատերազմն անխուսափելի էր:

Հռոմը հանգամանալից էր պատրաստվել այս բախմանը: Դրա փոխարեն հայոց զորեղ տիրակալը՝ Տիգրան Մեծը, այնքան էլ լուրջ չէր վերաբերվում հռոմեացիներին: Մինչ այդ՝ մ.թ.ա. 71 թ., երբ Հռոմը ցնցվում էր Սպարտակի ապստամբությունից, Տիգրանն աջակցել էր ստրուկներին:

Պատերազմի ժամանակ՝ մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին, հռոմեացի զորավար Լուկուլլոսը ջախջախեց Տիգրանի մեծաքանակ բանակն ու գրավեց հայոց մայրաքաղաք Տիգրանակերտը, սակայն մեկ տարի անց՝ Արածանիի գետանցման ժամանակ, վճռական ճակատամարտում պարտվեց ու փախուստի դիմեց:

Սակայն մ.թ.ա. 66 թ. Արևելք արշավեց հռոմեացի մեծ զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը, որ կարողացավ Արտաշատի մոտ ծնկի բերել Տիգրան Մեծին: Ինչպես հաղորդում են հռոմեական աղբյուրները, հայոց արքայից արքան միայնակ ներկայացավ Պոմպեոսին, ծնկի եկավ ու թագը հանելով՝ դրեց նրա ոտքերի տակ: Պոմպեոսը վեհանձնաբար թագը կրկին դրեց Տիգրանի գլխին:

Եթե անգամ այս միջադեպը հորինվածք է, մի բան աներկբա է՝ Պոմպեոսը հաղթեց Տիգրանին ու նրան միակողմանի պայմանագիր թելադրեց, որով հայոց արքան Հռոմի օգտին հրաժարվեց բոլոր նվաճումներից և մեծ ռազմատուգանք վճարեց նրան:

Հռոմի և Հայաստանի հարաբերությունները հետաքրքիր զարգացում ապրեցին Արտավազդ Բ արքայից արքայի օրոք (մ.թ.ա. 55-34): Մ.թ.ա. 53 թ. Արևելքը նվաճելու բաղձանքով արշավանք ձեռնարկեց Մարկոս Կրասոսը: Արտավազդ Բ արքան՝ որպես Հռոմի դաշնակից, նրան խորհուրդ տվեց Պարթևստանին հարվածել Մեծ Հայքի տարածքից, քանզի հայ-պարթևական հարաբերությունները լարված էին: Գոռոզ հռոմեացին հրաժարվեց: Այնժամ Արտավազդը դաշինք կապեց Պարթևստանի հետ և իր քրոջն ամուսնացրեց պարթևաց Բակուր արքայազնի հետ:

Հայոց և պարթևաց արքաները, արքունիքով հանդերձ, Արտաշատի թատրոնում ունկնդրում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, երբ սուրհանդակը բերեց բաղձալի լուրը. մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում հայ-պարթևական ուժերը պարթև Սուրենի և հայ Վասակի հրամանատարությամբ գլխովին ջախջախել են Հռոմին: Թշնամին տվել է 20000-ից ավելի սպանված և 10000-ից ավելի գերիներ:

Որպես պարգև զորավարներն իրենց արքաներին էին ուղարկել սպանված Կրասոսի և նրա որդու գլուխները:

Հռոմը պարտված ու խայտառակված հետ քաշվեց: Մ.թ.ա. 34 թ. Կրասոսի խայտառակությունը կրկնեց Մարկոս Անտոնիոսը: Նա արշավանք ձեռնարկեց պարթևների դեմ: Այս անգամ իրավիճակը փոխվել էր: Հայքն ու Պարթևստանը պատերազմական դրության մեջ էին: Անտոնիոսն էլ մերժեց Արտավազդի առաջարկը, իսկ վերջինս հետ քաշվեց ու չեզոքություն պահպանեց: Պարթևները գլխովին ջախջախեցին Անտոնիոսի զորքը, և նա զորքի մնացորդներով ապաստան գտավ հայոց երկրում: Վեհանձն Արտավազդը սայթաքեց՝ ապաստան տվեց նենգ հռոմեացուն:

Անտոնիոսը գնալով Եգիպտոս՝ իր սիրուհու՝ Կլեոպատրայի մոտ, Հռոմի Սենատ ուղղված նամակներում իր խայտառակության մեղքը բարդեց հայոց արքայի վրա: Ի վերջո, Անտոնիոսին հաջողվեց խարդախությամբ գերել Արտավազդ Երկրորդին և Եգիպտոս տանել: Նա հայոց արքային իր հաղթահանդեսում անցկացրեց ոսկյա շղթաներով: Նենգ հռոմեացին Արտավազդին կյանք խոստացավ պայմանով, որ նա գլուխ խոնարհեր Կլեոպատրային: Արտավազդը գերադասեց մահը: Անտոնիոսի արարքի քստմնելիության մասին գրում են նաև հռոմեացի պատմիչները:

Արտավազդի որդին՝ նրան հաջորդած Արտաշես Բ արքան (մ.թ.ա. 34-20), վրեժ լուծեց՝ հրամայելով սրակոտոր անել իր ձեռքն ընկած 30.000 հռոմեացի գերյալներին: Բայց հայոց զորեղ ու երիտասարդ այս տիրակալն էլ սպանվեց իր արքունիքում Օգոստոս Օգտավիանոս կայսեր լարած դավի հետևանքով:

Հռոմը որպես հայոց գահի իր թեկնածու Մեծ Հայք ուղարկեց գերության մեջ պահվող Արտավազդ Բ որդուն՝ Տիգրան Երրորդին (մ.թ.ա. 20-8): Վերջինս, սակայն, բազմելով եղբոր գահին՝ իրեն անկախ հռչակեց ու այդպես էլ թագավորեց՝ հաշվի չնստելով Հռոմի շահերի հետ: Այդպես եղավ նաև Տիգրան Դ արքայի և նրա քրոջ՝ Էրատո թագուհու գահակալման տարիներին:

Հռոմին հաջողվեց միայն մասնակի հաջողության հասնել Հայաստանի հարցում, երբ հայոց գահին բազմեցրեց Արտավազդի կրտսեր որդուն՝ Արտավազդ Երրորդին (մ.թ.ա. 6-4): Վերջինս հասակ էր առել Հռոմում և հեռացել հայությունից: Սակայն հայոց ավագանին գահազուրկ արեց նրան: 1 թ. Արտաշեսյան հարստությունն անկում ապրեց: Հայաստանը հայտնվեց Հռոմի տիրակալության տակ: Հռոմեացիները երկիրը կառավարում էին դրածո գահակալների միջոցով:

Այս վիճակը կես հարյուրամյակ տևեց: 54 թ. հայերն ապստամբեցին: Ցեղակից պարթևները օգնության փութացին: Պարթևների արքա Վաղարշի եղբորը՝ Տրդատին, հայոց ավագանին հռչակեց թագավոր: Սկիզբ առավ տասնամյա ահեղ պատերազմ: Նախապես հաջողությունն ուղեկցում էր Հռոմին: Զորավար Կորբուլոնը գրավեց մայրաքաղաք Արտաշատն ու ավերեց: Սակայն 64 թ. եղավ հանգուցալուծումը՝ Հռոմի մեծագույն պարտությունն ու խայտառակությունը: Հայոց զորքը Եռանդի դաշտում շրջապատեց և գերեց հռոմեական 80000-անոց զորքը: Հռոմեացիներն անցան անարգանքի լծի տակով: Ներոն կայսրը ստիպված էր հաշտվել եղելության հետ:

66 թ. Տրդատ Ա Արշակունին սեփական հաղթահանդեսով մտավ Հռոմ՝ Ներոնի ձեռքից ստանալու հայոց թագը: Հայ-պարթևա-հռոմեական եռակողմ պայմանագրով այսուհետ հայոց արքայի թեկնածությունը պետք է առաջադրեր Պարթևստանը, հաստատեր՝ Հռոմը:

Հետագայում՝ 114 թ., կայսր Տրայանոսը փորձեց վերականգնել Հռոմի ազդեցությունը Մեծ Հայքում, բայց ապարդյուն: Մարկոս Ավրելիոս կայսրն (161-180) իր հերթին փորձեց նվաճել Հայաստանը: Սակայն հայությունը համառ դիմադրությամբ պահպանեց իր անկախությունը: Անհաջող անցավ նաև Կարակալա կայսեր՝ Հայաստանը նվաճելու (211-217) փորձը:

224 թ. Պարսկաստանում գահ բարձրացան Սասանյանները: Հայ-հռոմեական հարաբերությունների բնույթը փոխվեց: Սասանյանների թշնամի հայ Արշակունիները ի դեմս Հռոմի տեսան հայության շահերի պաշտպանի: Սակայն Հռոմն իր նենգ քաղաքականությամբ միայն սեփական շահերին էր հետամուտ:

297 թ. կնքվեց Մծբինի հաշտության պայմանագիրը Հռոմի և Պարսկաստանի միջև: Հռոմն ամրապնդեց իր ազդեցությունը Մեծ Հայքում:

Եվ 301 թ. հենց Հռոմի անմիջական միջամտությամբ Մեծ Հայքում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Այսուհետ, ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, Հռոմը հայոց երկրում ուներ իր ամուր ու հզոր հենարանն ու գործակալը:

363 թ. Հովիանոս կայսրը Պարսկաստանի հետ կնքեց հաշտություն, որով Մեծ Հայքը թողնում էր բախտի քմահաճույքին՝ զորեղ պարսկական տերության դեմ հանդիման:

Սա դեռ ամենը չէր: 374 թ. Հռոմը կազմակերպեց Պապ թագավորի դավադիր սպանությունը: Անգամ հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսն է ամոթով խոսում այդ մասին: Շատ չանցած՝ 387 թ., Պարսկաստանն ու Հռոմը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև:

Հռոմեացիներն իրենց բաժին հասած հողում անմիջապես վերացրին հայոց թագավորությունը:

Բայց Հռոմի օրերն էլ հաշված էին: Օղակն աստիճանաբար սեղմվում էր Արևմուտքի նենգ ու դավադիր տիրակալի պարանոցին:

395 թ. կայսրությունը բաժանվեց երկու մասի. արևելյան մասի մայրաքաղաքը դարձավ Բյուզանդիոնը (հետագայում ձևավորվեց Բյուզանդական կայսրությունը), իսկ Արևմտյան Հռոմեական կայսրությունը 476 թ. կործանեցին գերմանական ցեղերը: Հռոմի կործանումն անհեթեթ էր: Կայսրությունը հրաժարվեց գերմանացի վարձկանների ծառայությունից։ Դժգոհ գերմանացիները Օդոակրի գլխավորությամբ ապստամբեցին և սպանեցին Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրին՝ Հռոմուլոս Օգոստուլոսին: Խորհրդանշական էր նաև վերջին կայսեր անունը. Հռոմուլոսը Հռոմի առաջին արքան էր և քաղաքի հիմնադիրը, Օգոստոսը՝ առաջին կայսրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: