Հայերեն   English   Русский  

Ավագ դպրոցն իրականում կայացել է. Մանուկ Մկրտչյան


  
դիտումներ: 5368

Հանրակրթական ոլորտի բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը:

Ինչպիսի՞ն էր բարեփոխման ընթացքը, մեր կրթական համակարգին համահո՞ւնչ էր ավագ դպրոցների կայացումը: Կարծիքներն իրարամերժ են:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ զրույցի ընթացքում փորձել ենք պարզել, թե ինչքանով էր մեզ համար հրատապ ավագ դպրոցների ստեղծումը և ծրագրի իրականացման որ փուլում ենք հիմա:

- Ինչո՞վ էր պայմանավորված ավագ դպրոցի ստեղծման գաղափարը և ինչպե՞ս կբնութագրեք 12-ամյա կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացը, ի՞նչ դժվարություններ ունեցանք:

- Ավագ դպրոցների ցանցի ստեղծումը պայմանավորված էր 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու գործընթացով, մյուս կողմից՝ այն կարևոր և պարտավորեցնող էր, քանի որ միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու, խնդիր էր դրված: Մենք պետք է որևէ կերպ համապատասխանեինք միջազգային կրթական չափորոշիչներին:

Ավագ դպրոցը հատուկ իմաստ ստացավ: Մեր օրեսնդրությամբ հիմնական դպրոցում ուսանելը պարտադիր է, իսկ ավագ դպրոցում՝ կամավոր: Վերջին տարիներին արդեն ընդունվեց ծրագիր, ըստ որի՝ միջնակարգ դպրոցը պետք է լիներ պարտադիր 12-ամյա: Այս երևույթը, սակայն, նորմալ չընկալվեց, հնչեցին տարբեր կարծիքներ: Ծրագրի իմաստը ոչ թե ավագ դպրոցում սովորելու գաղափարին էր միտված, այլ առհասարակ միջնակարգ կրթությունը 12-ամյա դարձնելու գործընթացին, անկախ նրանից՝ շրջանավարտը քոլեջ, թե ավագ դպրոց կնախընտրեր:

Մենք քոլեջներում պետք է իրականացնեինք հատուկ հանրակրթական ծրագիր, ուստի շատ քոլեջներ դարձան անվճար:

Ծրագրի իրականացման ժամանակ առաջ եկավ եռամյա կրթության դերն իմաստավորելու անհրաժեշտություն:

Ավագ դպրոցում հասարակության և պետության շահերը մղվում են երկրորդ պլան, առաջնայինը միայն անհատի շահն է: Մեր հանրությունը չնկատեց այս պահը, եթե մենք միջնակարգ դպրոցում առաջնահերթությունը տալիս ենք կրթական ծրագրերին, չափորոշիչներին, ապա այս փուլում ուշադրությունը բևեռվում է բացառապես անհատի նախասիրությունների վրա:

Ավագ դպրոցում աշակերտն ունի ազատ ընտրության իրավունք՝ գնալ բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ, տնտեսագիտական, թե այլ հոսքային ուղղությամբ: Այս առումով առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը համապատասխանում է այդ մոտեցմանը և նպաստում առկա խնդրի լուծմանը: Առանձնացված ավագ դպրոցները հնարավորություն են տալիս կենտրոնացնելու թե՛ նյութատեխնիկական միջոցները և թե՛ կադրային ռեսուրսները: Ավագ դպրոցները պետք է մասնագիտանան կոնկրետ որևէ ուղղությամբ:

- Ինչքան էլ խոսում ենք ավագ դպրոցի դրական կողմերի մասին, խոստովանենք, որ այս գործընթացը նաև իր չստացված կողմերն ունի: Խոսենք մի փոքր բացթողումների մասին:

- Այս ծրագրի չստացված կողմերից մեկն ավագ դպրոցների բնականոն գործունեության ապահովումն էր գյուղական վայրերում, ինչը չհաջողվեց: Սկզբում ենթադրվում էր, որ կլինեն առանձնացված ավագ դպրոցներ, սակայն բոլոր գյուղերում դա հնարավոր չեղավ ապահովել, բացի շրջկենտրոններից: Այս հանգամանքը ևս խնդիրներ ստեղծեց: Ցանկացած հարց ունի իր պատմությունը, կենսագրությունը: Հասկանալով ավագ դպրոցների կայացման հիմնախնդիրները, նախապատմությունը՝ փորձում ենք շտկել իրադրությունը: Մենք շատ հաճախ առնչվում ենք ոլորտում ներգրավված երիտասարդ կադրերի հետ, որոնք ջանասիրաբար, նվիրված ուզում են որևէ լավ գործ կատարել: Սակայն երբեմն առանց հաշվի առնելու խնդրի ողջ էությունը, կենսագրությունն ու նախապատմությունը՝ անհաջող առաջարկներ են հնչեցնում, ինչը, ի դեպ, միայն կրթության ոլորտին չէ, որ վերաբերում է: Վերջին երկու տարվա իրողությունը խիստ վտանգված է այս առումով: Շատ պատասխանատու և ազնիվ հակումներով մարդիկ են հայտնվել դաշտում, ովքեր առհասարակ տեղյակ չեն կայացման հիմնախնդրին: Խելամիտ առաջարկությունների փոխարեն կայացնում են միամիտ, պարզունակ որոշումներ:

Ավագ դպրոցների ցանցն իրականում կայացել է՝ իր կառուցվածքով, իր իմաստով, նվաճումներով. արդեն այդ մասին փաստելու հիմքեր կան: Խնդիրները տեսանելի են, անհրաժեշտ է յուրաքանչյուր դպրոց դարձնել կոնկրետ մի հոսքի ներկայացուցիչ:

Շատ հաճախ ծնողները դժգոհում են, թե ինչու իրենց բնակավայրին մոտ գտնվող ավագ դպրոց չկա: Օրինակ՝ մենք ունենք որակյալ ֆիզմաթ դպրոց, որտեղ ծնողը երեխային տանելիս երբեք տարածքային հեռավորության հարց չի բարձրացնում:

- Այնուամենայնիվ, որն ե՞ք համարում ավագ դպրոցի կայացման ամենաարդյունավետ եղանակը:

- Այն պետք է որևէ հոսքային ուղղություն ապահովի, ձևավորի իր հստակ դիմագիծը, որպեսզի ծնողն ու երեխան այլընտրանքային տարբերակ ունենան:

Այս խնդիրը չի կարելի ասել, թե լուծել ենք. անհրաժեշտ են մի քանի գործոններ: Մասնավորապես սխալ է ըստ աշակերտի թվաքանակի ֆինանսավորման մոդելի կիրառումը: Համակարգի բարեփոխումներից մեկն ուղղված է հենց ֆինանսավորման բանաձևի փոփոխմանը: Երբ աշակերտի թվով է դպրոցը ֆինանսավորվում, տնօրինությունն աշխատում է բոլոր հնարավոր հոսքերն ունենալ թվաքանակ ապահովելու համար: Իսկ երբ դպրոցն ապահովում է բոլոր հնարավոր հոսքերը և չի մասնագիտանում միայն մեկի ուղղությամբ, տուժում է կրթության որակը: Մենք ունենք 35 ավագ դպրոց Երևանում, սակայն մարզերում ավագ դպրոցների քանակը շատ ավելին է, քան պահանջարկը, հետևաբար շատ դպրոցներ բնականոն ճանապարհով փակվում են: Դրված է խնդիր՝ միացնել ավագ դպրոցները և որևէ հստակ ուղղությամբ զարգացնել: Որտեղ բնակավայր է, պետք է դպրոց լինի և չտուժի կրթության որակը:

- Որոշ գյուղական բնակավայրերում բնակչությունն անհանգստացած էր դպրոցների օպտիմալացման խնդրով, որքանո՞վ է այս մտահոգությունն արդարացված:

- Շրջանառվող այն լուրերը, թե որոշ գյուղական համայնքներում օպտիմալացման արդյունքում որոշ դպրոցներ կմիացվեն՝ չեմ համարում հավաստի: Նման խնդրի առաջ գյուղաբնակները երբեք չեն հայտնվի:

Շատ գյուղերում հիմնական ֆինանսական միջոցը դպրոցն է, որը նաև ապահովում է զբաղվածություն: Երբ գյուղում դպրոցներ փակվեն՝ կբախվենք գյուղի մտավորականության վերացման խնդրին, որն իր բացասական արտացոլումը կգտնի առաջիկա տարիներին: Մենք այդ քայլով վերացնում ենք գյուղի մտավորական խավը: Նախարարը հայարարել է՝ բնակավայրերում դպրոցներ չեն փակվելու:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: