Հայերեն   English   Русский  

​Երբ տարին մարզական նվաճումների առումով բերքառատ չէ


  
դիտումներ: 1303

2014-ի խոշորամասշտաբ մարզական բոլոր ստուգատեսները մնացել են անցյալում, եկել է մրցաշրջանի արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ավանդույթի համաձայն` տարեվերջին հրապարակվում են նաև մեր երկրի 10 լավագույն մարզիկների անունները: Տասնյակը որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի մարզական թեմաներով գրող գրչի մշակների շրջանում անցկացված հարցման արդյունքով:

Մեխանիզմը պարզ է և թափանցիկ: Մարզական լրագրողը ներկայացնում է տասնյակի իր տարբերակը: Այն մարզիկը, որի անունը ցուցակում նշված է առաջինը` ստանում է 10 միավոր: Եվ այդպես, հաշվարկը շարունակվում է: 10-րդ հորիզոնականը զբաղեցնողը ստանում է 1 միավոր: Վերջում գումարվում են հարցմանը մասնակցողների տարբերակների ցուցանիշները: Ամենից

շատ միավոր վաստակած մարզիկը ճանաչվում է լավագույնը: Ընդ որում, լավագույնների տասնյակն անկանխատեսելի է, քանի որ ամեն լրագրող յուրովի է գնահատում մեր մարզիկների նվաճումներն ու դասակարգում նրանց:

Սակայն մի սկզբունք չի անտեսվում: Նախապատվությունը տրվում է օլիմպիական, Հայաստանում տարածում ունեցող և սիրված մարզաձևերի ներկայացուցիչներին: Բացառապես առաջնային են համարվում մեծահասակների օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ցույց տրված արդյունքները:

Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, սակայն փորձը ցույց է տվել, որ քվեարկության արդյունքների հրապարկումից հետո տարաբնույթ խոսակցություններն անպակաս են: Եթե դժգոհողները ցուցակից «դուրս մնացած» մարզիկներ ունեցող տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ են լինում, ապա սուբյեկտիվ արձագանքները բնական են: Սակայն ոմանք երբեմն ամեն ինչ փորձում են քաղաքականացնել, պատեհապաշտություն դրսևորել: Իհարկե, քվեարկելուց հետո ոչինչ չի փոխվում, սակայն նստվածքը մնում է:

Ի դեպ, 2013-ին արտասովոր դեպք արձանագրվեց: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Յուրի Վարդանյանին տարեվերջին այցելել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսել այդ թեմայով: Եվ հրապարակվեց լավագույն մարզիկների տասնյակի մի նոր տարբերակ, որում նաև երկու ֆուտբոլիստի անուն կար: Ընդ որում սա ներկայացվում էր այնպես, որ իբր լրագրողներ են մասնակցել քվեարկությանը: Հնարավոր չէ ազնիվ խաղի կանոններին չհամապատասխանող այս քայլին որևէ արդարացում տալ… Այդ հրամցված տասնյակի տարբերակն ինքնանպատակ դարձավ: Մինչդեռ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով ներկայացված տասնյակի ներկայացուցիչները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հանդիսավորությամբ մեծարվեցին հանգստի և ժամանցի «Փարավոն» կենտրոնում, դրամական խոշոր պարգևների արժանացան, նաև ավտոմեքենաներ նվեր ստացան:

2014-ին Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում քիչ հավանական է, որ ֆուտբոլիստներ լինեն, քանի որ մեր երկրի այս մարզաձևի ազգային ընտրանին անհաջող մրցելույթներ է ունենում, և զարմանալ կարելի է, թե ինչու մինչև այժմ չի լուծարվել շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորած հավաքականը, նա էլ չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Մեր առաջատար ֆուտբոլիստներն իրենց ակումբներում էլ տխուր վիճակում են: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, օրինակ, դժգույն մրցաշրջան է անցկացնում: Նրա խաղից դժգոհ են, և այդ մասին շատ չի խոսվում միայն այն պատճառով, որ դորտմունդյան ակումբն էլ Գերմանիայի առաջնությունում մի լավ օրի չէ, շատ վատ վիճակում է և սպասվում է, որ հրաժարական կտա թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Անդրադառնանք նաև հայկական սպորտի խնդիրներին: Այս տարի մարզական նվաճումների առումով, բերքառատ չէ: Հայաստանի օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչների աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալները կարելի է մատների վրա հաշվել: Ուրեմն ովքե՞ր կարող են հայտնվել լավագույնների շարքում:

Աոաջին հերթին առանձնանում են երկուսը: Կասկած չկա, որ առաջին և երկրորդ տեղերը կզբաղեցնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Ազատ ոճի ըմբիշներից Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Գրիգոր Գրիգորյանը, բրոնզե մեդալակիրներ են Գարիկ Բարսեղյանը, Մուսա Մուրթազալիևը:

Հայաստանի ծանրորդների համար էլ 2014-ն ավարով հարուստ չէ: Ռուբեն Ալեքսանյանը և Վանիկ Ավետիսյանը Եվրոպայի առաջնության երկամարտի արծաթե մեդալակիր են, Սմբատ Մարգարյանը` բրոնզե մրցանակակիր: Ռուբենն արծաթե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում, Վանիկը` հրում վարժությունում: Իսկ Սմբատը հրում վարժության ոսկե մեդալակիր է: Նա նաև Եվրոպայի երիտասարդական առաջնությունում է հրում վարժությունում ոսկե պարգևի տիրացել:

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի գավաթի խաղարկությունում էլ ճանաչվել է 3-րդը:

Ունենք աշխարհի գավաթի մրցափուլում հաղթած մարմնամարզիկներ` Հարություն Մերդինյան (նժույգ), Արթուր Թովմասյան (օղակներ), Արթուր Դավթյան (հենացատկեր): Վերջինս Ռիգայում կայացած միջազգային մրցաշարի հաղթող է, բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս ուժեղագույն է ճանաչվել 6 մրցաձևում:

Օլիմպիական մրցաձևերում աչքի ընկած ուրիշ մեծահասակ մարզիկներ չկան:

Այդ է պատճառը, որ լավագույնների թվում տեղ գրավելու հավակնում են նաև սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, սամբոյի Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: