Հայերեն   English   Русский  

​Գիրք` նվիրված մարզական Ալավերդուն


  
դիտումներ: 2101

1976 թ. հունիսին լույս է տեսել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հոբելյանական համարը` նվիրված թերթի հիմնադրման 20-ամյակին:

Այդ կապակցությամբ երկու ակտիվ թղթակիցների հետ «Մարզական գրիչ» ոսկե մրցանակի է արժանացել նաև «Թումանյանական աշխարհ» թերթի ներկայիս խմբագիր Արարատ Թամրազյանը: Հաջողությունը պատահական չէր: Թամրազյանի աչքից չէին վրիպում մարզական Ալավերդու հաջողությունները, հաղթանակները, նաև` վրիպումները, մտահոգություները, անտարբերությունը: Ու ահա ընթերցողի սեղանին է իր տեսակի մեջ եզակի մի աշխատություն, որ «Ալավերդին մարզաշխարհի խաչմերուկներում» վերնագրի տակ ամբարել է Ալավերդու ու ոչ միայն Ալավերդու մարզական անցուդարձը 1970-1990 թթ.:

Այստեղ կողք կողքի են հայտնվել Օլեգ Գորբունովը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Երիցյանը, Սերգեյ Զատիկյանը, Ժորա Պեպանյանը, Վլադիմիր Խաշիրովը, Շուրիկ (Վաչագան) Գալստյանը, Դերենիկ Մարուքյանը, Հրահատ Սահակյանը և ուրիշներ: Նրանցից շատերը, որ կերտել են Ալավերդու մարզական ավանդույթները, այսօր ունեն արժանի հետնորդներ: Որպես նվիրական հուշ, հեղինակը ներկայացնում է շնողնեցի Միշա Մելիքսեթյանի հիշատակին անցկացվող վոլեյբոլի հուշամրցաշարը, որ մեկնարկել է 1978 թ.:

«Աղյուսագործները սպորտից դուրս», «Ի՞նչ են վկայում փաստերը» և այլ հրապարակումները ժամանակին դարձել են ահազանգ ու նպաստել թերությունները վերացնելուն, ապահովել նոր հաղթանակներ: Ձեռքի գնդակ, վոլեյբոլ, բասկետբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ, ֆուտբոլ մարզաձևերը ամբողջացրել են մետալուրգների քաղաքի մարզական դեմքը: Այս սպորտաձևերում հաջողությունների մասին շատերն են հիշում, բայց ալավերդցի հեծանվորդների հաջողությունները և հեծանվով երթևեկող Սարգիս Երիցյանին այսօրվա ջահելները, անշուշտ, չեն հիշում: Ժամանակին հիշարժան նվաճումներ են արձանագրել նաև ալավերդցի ԴՈՍԱԱՖ-ականները:

Թամրազյանի միտքն ու գրիչը մեզ վերադարձրել է շախմատիստ Ալբերտ (Ալիկ) Աբգարյանին: Նրա կողքին շուլավերցի Ավոն է (ըմբշամարտ), Լենինականում ծնված բասկետբոլիստ Լյուդմիլա Պետրոսյանն է, որի մարզական ընտանիքի հայրը` Ռաֆայել Մաթևոսյանը, հաջողություններ է արձանագրել ձեռքի գնդակի ասպարեզում: Հիշատակվում է ներկայումս ՀՀ վաստակավոր մարզիչ, բասկետբոլիստ Գագիկ Վարդանյանը:

Գրքում «Հայաստանի ֆիզկուլտուրնիկի» էջերից դուրս բացվում է «Մոսինովսկի»-ի գաղտնիքը, ներկայանում է Ժորա Պեպանյանի «Շախմատային նովելներ» հուշապատումը: Այստեղ մեծ թենիսի ասպարեզում Վալենտին Դավթյանն է, սեղանի թենիսի մոտ են Սիլվա Դավթյանը, Յուրիկ Սիմոնյանը, Վլադիմիր Բեկթաշյանը:

Իրոք շնորհակալ գործ է արել Արարատ Թամրազյանը` իր 70-ամյակի առթիվ անփոխարինելի նվեր մատուցելով ինքն իրեն ու ընթերցող հասարակությանը: Այդ ամենը գեղեցիկ է արել, մասնագիտական հմտությամբ, բարձր ճաշակով ու նվիրումով: Կարծում եմ` ժամանակն է, գուցե նաև ուշացած, որ նա համալրի ՀՀ վաստակավոր ժուռնալիստների շարքը: Սպասելով Արարատ Թամրազյանի մտքի ու գրչի նոր բացահայտումներին` ավելորդ չի լինի միանալ գրքի տպագրության հովանավորներին հասցեագրված Թամրազյանի ջերմ խոսքին, նաև շնորհակալական խոսք ուղղել «ԱրմԻնֆո» ընկերությանը և բոլոր նրանց, որոնց ջանքերը օգնել են գրքի ծնունդին:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: