Հայերեն   English   Русский  

Տարբեր ժամանակների հայկական և արտասահմանյան հիթեր. մի քանի հոբելյան՝ մի համերգի ընթացքում


  
դիտումներ: 3046

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տոնական մթնոլորտ էր. նշվում էր միանգամից երեք հոբելյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյակը, Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի 50 և Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակը։

Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նպատակ են դրել երիտասարդական տոները հիշարժան դարձնել երիտասարդների, ուսանողների համար, և այդ համատեքստում մեկ շաբաթ շարունակ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Երեկոյի ընթացքում Կարեն Ավագյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երվանդ Երզնկյանին հանձնեց շնորհակալագիր և խորհրդանշական արձանիկ։

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, շնորհավորելով հոբելյանների առթիվ, նշեց, որ երբ 20 տարի առաջ որոշվեց կոնսերվատորիայում բացել էստրադային-ջազային երաժշտության ամբիոնը, ինքը մտավախություն ուներ, քանի որ չէր պատկերացնում, թե ակադեմիական երաժշտության կողքին ինչպես կկարողանա աշխատել և կրթություն ապահովել ջազ-էստրադային ամբիոնը։ Եվ հուրախություն բոլորի՝ այս տարիների ընթացքում ամբիոնը շատ լավ կադրեր է պատրաստել և այսօր արդեն յուրահատուկ քննություն ու հաշվետվություն է հանձնում հանդիսատեսին՝ ներկայանալով տարբեր ժամանակների շրջանավարտների և ուսանողների ելույթներով։

Երվանդ Երզնկյանը իր խոսքում նշեց, որ էստրադային-ջազային երաժշտության ամբիոնն առողջ ու ստեղծարար կյանքով է ապրում, ինչն առաջին հերթին կոնսերվատորիայի ղեկավարության վերաբերմունքից է գալիս։ Մաեստրոն նշեց, որ իրենց ամբիոնը տալիս է լավ կրթություն, այստեղ ավարտում են պրոֆեսիոնալ ինստրումենտալիստներ, երգիչներ։ Պարոն Երզնկյանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ամբիոնի դասախոսներին, որոնք նվիրված կատարում են իրենց աշխատանքը։

Երեկոյի ընթացքում հնչեցին տարբեր ժամանակների հայկական և արտասահմանյան հիթերը։ Ելույթներով հանդես եկան Էմմա Պետրոսյանը, Արամոն, Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը և այլք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: