Հայերեն   English   Русский  

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում. Ջիվան Ավետիսյան


  
դիտումներ: 5425

Արցախի Խաչմաչ գյուղը` ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի միջոցով մեծ ճանաչում կունենա Արևելյան Եվրոպայի երկրներում:

Ամերիկյան հայտնի և առաջատար համարվող կաբելային ու արբանյակային հեռուստատեսային ցանցը` Home Box Office (HBO)-ն, որը ներառված է աշխարհի ամենախոշոր կոնգլոմերատներից մեկի` Time Warner կորպորացիայի մեջ, կլիցենզավորի «Վերջին բնակիչը» ֆիլմը` այն վաճառելու համար: Այս առումով, «Արցախպրես»-ի թղթակցին հաջողվել է ունենալ բացառիկ զրույց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք ստացել առաջարկը և ո՞ր երկրներում է ցուցադրվելու «Վերջին բնակիչը»` ըստ այդ առաջարկի:

- Ամերիկյան հայտնի՝ պրեմիում դասի խոշոր հեռուստատեսային ցանց հանդիսացող HBO-ը «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային վաճառքի գործակալ ավստրալական «Galloping Films» ընկերությանն առաջարկել է մեր ֆիլմը լիցենզավորել և վաճառել՝ HBO-ի արևելյան երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մակեդոնիայում և այլն։ Ինչպես տեղյակ եք, այս հեռուստատեսային ցանցը համարվում է առաջատարներից ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև` ողջ աշխարհում։ Այսօր, նրա պրոդուկտները մեծ ռեկորդներ են սահմանում, և, իսկապես, մեծ հաջողություն է մեզ համար այն, որ Արցախի մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմն այսօր արդեն այդպիսի մակարդակով տարածում է գտնում եվրոպական մի շարք երկրներում։

- Կա՞ արդեն պայմանավորվածություն, թե երբ են նախատեսվում ցուցադությունները:

- Նրանց հետ մենք այժմ համաձայնագրի կնքման փուլում ենք և առաջիկայում պետք է որոշենք ֆիլմի ցուցադրությունների ժամանակացույցը։ Այդ տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակենք (բազմանշանակ ժպտում է):

- Պարոն Ավետիսյան, Time Warner-ի խոշոր ընկերություններն են թե՛ HBO-ն, թե՛ Time Inc.-ը, Warner Bros. Entertainment-ը, Time Warner Cable-ը, CNN-ը, Turner Broadcasting System-ը, The CW Television Network-ը: Ի՞նչ եք կարծում՝ այս ընկերությունների կողքին՝ նույն հարթության վրա գտնվելով՝ HBO-ը ի՞նչ դռներ կբացի ֆիլմի տարածման, ինչու՞ չէ նաև ֆիլմի` կինոփառատոնների ցանկն ընդլայնելու համար:

- HBO-ի առաջարկն արդեն իսկ կնպաստի ֆիլմի առաջխաղացմանը։ Արևելյան Եվրոպայի երկրներում ցուցադրվելով՝ այն, իհարկե, մեծ ճանաչում ձեռք կբերի, սակայն, միաժամանակ, ֆիլմի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին շարունակում է մնալ մեր կարևորագույն նպատակներից մեկը, որի ուղղությամբ մենք չենք դադարում աշխատել:

- Ձեր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Թևանիկ»-ը դարձավ այն կարևոր հիմնասյունը, և, թույլ տվեք ասել, այցեքարտը` Արցախը միջազգային ասպարեզում կինոյի լեզվով ներկայացնելու համար, որի հաջողություններն արդեն իսկ իմ նշածի հաստատումն են: Երկրորդ լիամետրաժը` «Վերջին բնակիչը», հայ հանդիսատեսի մոտ առաջին հայացքից մտահոգության, գուցե երկմտանքի առիթ տվեց, սակայն, նրա հաջողությունները, կարծես, գերազանցում են նախորդին: Դուք ի սկզբանե ակնկալու՞մ էիք նման հաջողություններ:

- Յուրաքանչյուր հաջորդը պետք է գերազանցի նախորդին, և զարմանալի չէ, որ «Վերջին բնակիչը» գերազանցում է բոլորի սպասելիքները: Ֆիլմը ստեղծելու պահից` ես հավատացել եմ նրա հաջողություններին, իսկ մեծագույն հավատով ստեղծված գործերը` կլինի ֆիլմ, կտավ, երաժշտություն, թե քանդակ, վստահաբար, մեծ ճանաչում է ունենում: Ես երջանիկ եմ, որ «Թևանիկ»-ը ճանապարհ հարթեց «Վերջին բնակիչը» ֆիլմի համար, որն էլ, այսօր ահա, շարունակում է իր հաղթարշավը:

- Կաննի 69-րդ միջազգային կինոշուկա, Ոսկե գլոբուս 74-րդ մրցանակաբաշխություն, Շանհայի, Վենետիկի, Սկանդինավյան երկրների, Տորոնտոյի միջազգային կինոփառատոններ, հեղինակավոր մրցանակներ, ինչպես նաև` Լիբանան, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Հոլանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա, Իտալիա… Պատկառելի աշխարհագրություն է. ցուցադրությունների հաջորդ կանգառը որտե՞ղ է նախատեսվում:

- Մենք անընդհատ աշխատում ենք նոր ցուցադրությունների ուղղությամբ, և, վստահ եմ, որ այդ երկրների ու կինոփառատոնների աշխարհագրությունը դեռ զգալիորեն ընդլայնվելու է: Այս պահի դրությամբ նախատեսում ենք ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում, եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում` Անգլիայում, Հունաստանում, Լիտվայում և այլն:

- Վենետիկի ցուցադրությունից հետո Ադրբեջանական կողմը մեծ ալիք բաձրացրեց: Ենթադրաբար, մեր հարևանները կարձագանքեն նաև այժմ` կաբելային ու արբանյակային առաջին վճարովի, ԱՄՆ-ում 45 տարվա հսկայական ներդրում ունեցող հեռուստատեսության կողմից` Ձեր ֆիլմի լիցենզավորման առաջարկից հետո: Ի՞նչ եք կարծում՝ ադրբեջանական ջղաձգումները դժվարացնու՞մ են ֆիլմի առաջխաղացման աշխատանքները:

- Մենք ամուր ենք մեր հողի վրա, կրկնակի ամուր ենք` մեր երկիրը օտարի հողի վրա ներկայացնելիս: Անշուշտ, նախքան այս ֆիլմն արարելը մտածել եմ այդ մասին, չէ՞ որ ադրբեջանական կողմը հիստերիայի ալիք էր բարձրացրել նաև «Թևանիկ» ֆիլմի ժամանակ: Արցախի ճանաչման հասնելը հեշտ գործ չէ, պայքարելով` հավատում եմ, որ մի օր կհասնենք մեր ցանկալի նպատակին: Իսկ իմ զենքը իմ ֆիլմերն են, պատրաստ եմ գնալ մինչև վերջ:

- Հաճախ եք նշում, որ Ձեր ֆիլմերը ճանապարհ են հարթում մեկը մյուսի համար: Ի՞նչ է տալու HBO-ն և առհասարակ` «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողությունները` Ձեր հաջորդ կինոնախագծին:

- Հայկական ֆիլմը, որն, ըստ էության, կոմերցիոն չէ, որին ավելանում է նաև Արցախյան թեման, աներևակայելի դժվար է տարածել աշխարհում: Ընդհանրապես, կոնֆլիկտային թեմա պարունակող ֆիլմերի հնարավորությունները քիչ են, սակայն մեծ ուրախություն է, որ HBO-ի պես առաջատար հեռուստատեսային ցանցը, որն Ամերիկայի տարածքում ունի 8 հեռուստաալիք, ցանկություն է հայտնում ֆիլմը գնել և վաճառել Արևելյան Եվրոպայի երկրներում: Մեծ պատիվ և երջանկություն է Արցախն ու Հայաստանը ներկայացնել աշխարհում` նման եղանակով: Այս հաջողություններն, անշուշտ, մեծ դռներ կբացեն իմ հաջորդ` «Դրախտի դարպասը» ֆիլմի համար, որը նույնպես նախատեսում եմ ստեղծել միջազգային համագործակցության արդյունքում: Սակայն, միևնույն ժամանակ, ես նպատակ ունեմ նաև հայկական կինեմատոգրաֆիայի զարգացումը տեսնել աշխարհում: Իմ ֆիլմերի նմանօրինակ հաջողությունները, վստահ եմ, ճանապարհ են հարթելու նաև Հայաստանի և Արցախի երիտասարդության համար: Այս դժվարին ուղին, որը ես անցնում եմ բազում փորձություններով, հավատում եմ, որ նրանց կտրվի ավելի դյուրին:

- Ձեր ֆիլմերն ավելի հաստատուն քայլերով առաջ տանելու համար, ի՞նչ է անհրաժեշտ՝ HBO-ի պես խոշոր ընկերությունների հետ համագործակցությու՞ն, ցուցադրություննե՞ր, թե՞ հանդիսատեսի ներկայությունն ու սերը:

- Կստեմ, եթե բացառեմ Ձեր նշածներից որևէ մեկը, բայց առավել շատ` իհարկե, մեր հայրենիքի աջակցությունը, առանց որի ավելի բարդ կլիներ այս պատասխանատու ճանապարհն անցնելը:

- Շնորհակալ ենք այս բացառիկ զրույցը մեզ վստահելու համար: Հաջողություններ ենք մաղթում Ձեզ և Ձեր գործունեությանը, ինչպես նաև սպասումով ենք լցված դեպի HBO-ի առաջարկն ու իրականացումը:

- Շնորհակալ եմ: Եկեք ուղակի հավատանք և շարունակենք աշխատել, դա է, ըստ իս, հաջողության հասնելու թիվ մեկ բանալին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: