Հայերեն   English   Русский  

​Բժշկության մեջ կանացի կամ տղամարդկային մասնագիտացումներ չկան. Նելլի Խոստիկյան


  
դիտումներ: 12956

«Կյանքում ամեն ինչ փոխադարձ է, հատկապես՝ հարգանքը,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, երկարամյա դասախոս Նելլի Խոստիկյանը՝ հավելելով, որ կյանքում այդ սկզբունքով էլ առաջնորդվում է։

Խոստիկյանն իր ոլորտի ճանաչված ու հեղինակավոր մասնագետներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների, ուսումնական դասագրքերի հեղինակ, շուրջ տասը տարի եղել է ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմը։

«Բժշկության մեջ կանացի կամ տղամարդկային մասնագիտացումներ չկան, նախասիրությունների հարց է,- ասում է նա՝ բացատրելով, թե ինչպես է ժամանակին ընտրել պաթանատոմի մասնագիտությունը։- Չեմ կարող ասել, թե համալսարանում սովորելու տարիներին երազում էի պաթանատոմ դառնալ, բայց այդպես դասավորվեց»։

Պատմում է, որ համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ մանկաբույժ է աշխատել. կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար երեք տարվա աշխատանքային ստաժ էր պետք։ «Ամեն երեխայի հիվանդությամբ տառապում էի, մինչև կեսգիշեր իմ թաղամասում շրջում էի, որ բոլոր հիվանդներին ուշադրության կենտրոնում պահեմ, շատ ուշ էի տուն գնում»։ Իսկ կլինիկական օրդինատուրայում նախընտրում է պաթանատոմիան, քանի որ ախտաբանական անատոմիան համարում է բժշկության հիմնաքարերից մեկը։

Ավարտելուց հետո նա մնում է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող։ Եվ ահա արդեն 52 տարի կրթում է ապագա բժիշկներին, 28 տարի ԵՊԲՀ պրոֆեսոր է, իսկ վերջին 12 տարիներին նաև ղեկավարում է ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը։

Անդրադառնալով բժշկի մասնագիտության ընտրությանը՝ Խոստիկյանը պատմում է, որ իր մայրը եղել է ճարտարապետ, հայրը՝ դեղագործ, դեղագետ։ Դպրոցական տարիներին լավ նկարում էր ու ցանկանում էր ճարտարապետ դառնալ։ Բայց երբ գալիս է բուհ դիմելու պահը, հայրն առաջարկում է բժշկի մասնագիտությունն ընտրել, նա էլ համաձայնում է։ Փաստորեն նա ճակատագրական ընտրություն է կատարում, որի համար չի զղջում։

«Աշխատանքի առաջին տարիներին դիահերձարանում խնդրում էի, որ մահացածի դեմքը ծածկեն, չտեսնեմ։ Բայց մի քանի տարի հետո սովորում ես, ավելի պրոֆեսիոնալ ես դառնում ու դիահերձման պրոցեսում ոչ թե նայում ես մարդու ճակատագրին, այլ հյուսվածքներին, դրանցում տեղի ունեցած փոփոխություններին։ Դիահերձման ժամանակ երբեմն այնպիսի բաներ են հայտնաբերվում, որ ո՛չ հիվանդն է զգացել, ո՛չ բժիշկն է ախտորոշել»,- ասում է նա։

Հարցին, թե ինչ է պետք ախտաբան լինելու համար, Խոստիկյանը պատասխանում է՝ ազնվություն. «Ախտաբան լինելու համար պետք է ազնիվ լինես, նախ և առաջ՝ ինքդ քեզ հետ։ Պատահական չէ, որ դիահերձարանների դռների վրա սովորաբար գրված է լինում. «Սա այն տեղն է, որտեղ մահն աջակցում է կյանքին»։

Ասում է, որ դիահերձարանում սովորում են ոչ միայն ուսանողները, այլև բժիշկները, անգամ շատ հայտնի ու փորձառու մասնագետները. «Ամեն մի դիահերձում ուսուցման մի դպրոց է»։

Խոստիկյանը նաև հիշեցնում է, որ պաթանատոմը միայն դիահերձմամբ չէ, որ զբաղվում է։ Ախտաբանական անատոմիան XX դարի երկրորդ կեսից մեծ դեր ունի ճիշտ ախտորոշումների և տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի գործում։ Երբեմն անգամ վիրահատության ընթացքում են շտապ հետազոտություն կատարում, որպեսզի բժիշկը, առկա արդյունքների վրա հիմնվելով, կարողանա կողմնորոշվել։

Հարցին, թե երբևէ երկընտրանքներ ունեցել է ճշմարտության ու գործընկերների միջև, պատասխանում է. «Ճշմարտությունն ամեն ինչից բարձր է։ Երբեք երկընտրանք չեմ ունեցել, միշտ ճշմարտությունն եմ ասել, բայց դա էլ շատ նրբերանգներ ունի։ Ոչ մեկի հետ երբևէ կոմպրոմիսի չեմ գնացել, դրա շնորհիվ է, որ խիղճս հանգիստ է։ Չեմ կարող իմ խղճին դեմ գնալ»։

Նա նաև համամիտ չէ հասարակությունում տարածված այն կարծիքին, թե բժիշկները փորձում են կոծկել միմյանց սխալները։ «Անընդհատ այդ հանձնաժողովների մեջ եմ ու հակառակ հանրության մեջ ընդունված կարծիքին՝ չեմ համարում, որ բժիշկների մեղավորությունը թաքցնելու միտում կա»։ Ասում է, որ աստիճանաբար անցում ենք կատարում պրոտոկոլային բժշկության, երբ յուրաքանչյուր իրավիճակի ու հիվանդության համար գործողությունների ուղեցույց է մշակվում. «Սա բժշկի պաշտպանության և բժշկական սխալներից խուսափելու նպատակ ունի, բայց իմ փորձից ելնելով՝ համարում եմ, որ անհատական բժշկությունն է ճիշտ, որովհետև մենք բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին, որն անհատականություն է»։

Հետաքրքրվում ենք, թե դասախոսական գործունեության 52 տարիների ընթացքում ինչպես է փոխվել ուսանողությունը և բժշկական կրթությունը։ Նա նկատում է, որ թեև հիմա հեշտ ընդունելության շնորհիվ շատերն են բուհ ընդունվում, սակայն ընթացքում մաղվում են, մնում են միայն սովորողները: «Մեր ժամանակ կուրսում 70 հոգի էինք, բոլորը բժիշկ դարձան։ Հիմա բոլոր ավարտողները չէ, որ բժիշկ են դառնում։ Բայց փայլուն ուսանողներ ունենք։ Ու կան նաև շատ երիտասարդ բժիշկներ, որոնց ես կվստահեի իմ բուժումը»,- ասում է նա։

Խոստիկյանը մեկ այլ փոփոխություն է մատնացույց անում։ Հիշում է, որ մինչև Սպիտակի երկրաշարժն ու Արցախի պատերազմն ամեն օր դիահերձարանի մուտքի մոտ լացուկոծի ականատես էր դառնում. մարդիկ բարձրաձայն ողբում էին իրենց կորուստը։ Բայց վերջին 25 տարիներին մարդիկ ավելի զուսպ են դարձել. «Այս ծանր տարիների հետևանքով մարդիկ զուսպ են դարձել, ամեն ինչ ներսում են պահում»։

Տիկին Խոստիկյանը, հեղինակավոր բժիշկ և դասախոս լինելուց բացի, նաև երկու զավակի մայր և չորս թոռան տատ է։ Նրա մի որդին մասնագիտությամբ բժիշկ է՝ ուրոլոգ Արմեն Ավոյանը։ Իսկ երկրորդ որդին ՏՏ ոլորտի հանրահայտ PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն է։

Թե ինչպես է կարողացել համատեղել աշխատանքն ու ընտանիքը, նշում է, որ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չկա։ Պատմում է, որ ավանդապահ ընտանիքի հարս էր։ Բայց միևնույն է, հասցնում էր։ Գիտական հետազոտությունների արդյունքները տուն էր տանում ու կիսատ մնացած մշակումները գիշերն էր անում։ Եղել են նաև օրեր, երբ գիշերը լաբորատորիայում է մնացել ԴՆԹ ստանալու համար։ Այն ժամանակ այդ գործընթացի համար երկու օր էր անհրաժեշտ։ Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից, սակայն, ընտանիքն ու երեխաները չեն տուժել: Խիստ դաստիարակության կողմնակից է, բայց և շատ նվիրված է եղել որդիներին։ Ասում է, որ երբեք հոգնելուց չի դժգոհել ու չի դժգոհում։ Ավելին, չնայած տարիքին մեծ հետաքրքրությամբ շարունակում է իր բազմաբնույթ աշխատանքը։ Հատկապես ոգևորությամբ է խոսում իր ասպիրանտների մասին․ վերջին երկու տարվա ընթացքում Խոստիկյանի ամբիոնում 5 մասնագետ գիտական ատենախոսություն է պաշտպանել, երեքի պաշտպանության գործընթացն էլ ընթացքում է։

Հետադարձ հայացք ձգելով իր անցած ուղուն՝ տիկին Խոստիկյանը նշում է, որ երբևէ որևէ մեկից ո՛չ պաշտոն է խնդրել, ո՛չ էլ կոչում։ Ղեկավարությունը, գործընկերները, շրջապատի մարդիկ են առաջարկել՝ գնահատելով իր վաստակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: