Հայերեն   English   Русский  

​Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները (մաս 2)


  
դիտումներ: 8341

Նախորդ համարում խոսեցինքհողամասերի նկատմամբ պետության, համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների կազմի մասին: Շարունակելով հողամասերի նկատմամբ իրավունքների թեման՝ այս համարում կխոսենք դրանց ծագման, փոփոխման, դադարման, ինչպես նաև վերոնշյալ սուբյեկտներից յուրաքանչյուրին պատկանող իրավունքների առանձնահատկությունների մասին:

Հողամասերի նկատմամբ պետության, համայնքների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը ենթակա են պետական գրանցման: Հենց այդ պահից էլ ծագում են նշված սուբյեկտների իրավունքները: Պետությունը չի երաշխավորում հողամասի նկատմամբ չգրանցված իրավունքների պաշտպանությունը և անձեռնմխելիությունը:

Պետության սեփականություն են հանդիսանում այն հողերը, որոնք չեն պատկանում քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին:

Համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի: Սակայն դա չի նշանակում, որ համայնքը չի կարող հող ձեռք բերել նաև իր համայնքային սահմանագծից դուրս:

Օրենսդիրը հստակ սահմանել է պետությանը և համայնքներին պատկանող այն հողամասերը, որոնք չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Դրանք են՝

- պատմական և մշակութային արժեքների օբյեկտները, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) սեփականության իրավունքով փոխանցված և փոխանցվող եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցապատման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.

- բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցները, բնության պետական արգելավայրերը, բնության հուշարձանները, ազգային զբոսայգիները, ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքները.

- օրենքով պաշտպանվող սանիտարական պահպանության տարածքների սահմանների շրջանում բուժիչ-առողջարանային վայրերը, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.

- պետական սեփականություն հանդիսացող անտառով զբաղեցված հողերը .

- պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողերը, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.

- բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ).

- պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածությունները.

- ռադիոակտիվ և քիմիական աղտոտման, կենսածին վարակման ենթարկված հողերը.

- կառավարության սահմանած ցանկով պետական գիտահետազոտական կազմակերպություններին (կրթական, սելեկցիոն և այլն) տրամադրվածները մինչև սահմանված կարգով դրանց լուծարումը.

- համայնքի վարչական սահմաններից դուրս ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ այլ օբյեկտներով զբաղեցվածները.

- ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողերը.

- վիճելի տարածքները մինչև վեճերի լուծումը.

- հատուկ նշանակության հողերը, պետական կամ համայնքային գերեզմանատները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: