Հայերեն   English   Русский  

​15-ամյա գործարարը վստահ է՝ բիզնեսը հաճելի զբաղմունք է, որ նաև հոգում է կարիքներդ


  
դիտումներ: 7529

Գավառցի 9-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա ձեռներեց Սերյոժա Կոտոլկյանն իրենց տան նկուղում՝ ընդամենը 4 քմ տարածքում հիմնել է կախասնկերի արտադրություն, հոգում է իր ծախսերն ու ընդլայնում բիզնեսը:

Այս գործը Սերյոժան սկսել է մի տարի առաջ, երբ դեռ 14 տարեկան էր: Նա «Անկախին» պատմեց, որ սեփական բիզնեսը սկսելու միտքն իրեն վաղուց հանգիստ չէր տալիս. «Ամեն առավոտ, երբ տնեցիներն ինձ փող էին տալիս ու ճամփում դպրոց, մտածում էի, ուզում էի ինչ-որ բան սկսել, որ գոնե ամեն օր դպրոց գնալիս տնեցիներից փող չուզեմ: Այդպես ընկա փնտրտուքի մեջ: Ինտերնետը քրքրեցի, ու պատահական հանդիպեց տեղեկություն այս բիզնեսի մասին, գրավեց: Սկսեցի հետաքրքրվել, տեղեկություններ հավաքել»:

Երբ տնեցիներին հայտնում է իր մտադրության մասին, լուրջ չեն ընդունում, իսկ երբ տեսնում են, որ տղան արդեն գործնական քայլեր է ձեռնարկում, հավանություն չեն տալիս, ասում են՝ չես կարող գլուխ բերել, դժվար է:

«Մենք բակում մի հոր ունեինք, որը չէր օգտագործվում, հողով էր լցված: Հորից հանեցի հողը, ուզում էի այդտեղ աճեցնել, բայց շարունակում էի ուսումնասիրել այս գործը ու ընթացքում հասկացա, որ այդ հորում լավ չի աճի: Տնեցիներն էլ տեսան իմ ոգևորությունը, հասկացան, որ լուրջ եմ տրամադրված, արդեն սկսեցին հավատալ ինձ ու նկուղից 4 քմ տարածք հատկացրին ինձ: Ինտերնետից իմացա, որ կախասունկ աճեցնելու համար ինձ հատուկ պարկեր են պետք: Փնտրեցի ու իմացա, որ Հայաստանում մեկը պատրաստում ու վաճառում է այդ պարկերից: Նրանից 15 հատ գնեցի: Մի քանի ամիս փող հավաքեցի, առաջին 15 պարկերը գնեցի ու սկսեցի»,- հպարտությամբ պատմում է պատանի ձեռներեցը:

Բայց «բիզնես գործունեության» հենց առաջին փուլում դեմ է առնում առաջին դժվարությանը. աճեցրած առաջին սունկերը լավ ապրանքային տեսք չեն ունենում: Ի տարբերություն շատ-շատերի, որոնք հենց այդ առաջին խոչընդոտից կհիասթափվեին ու կնահանջեին, պատանին ավելի վճռական է տրամադրվում, մտածում է, թե ինչը ճիշտ չի արել: Նորից գրականության փնտրտուք, նորից ուսումնասիրություններ: Այս ընթացքում էլ փնտրում ու գտնում է կախասնկերի աճեցման համար անհրաժեշտ հովացուցիչներ, օդափոխիչներ, անհրաժեշտ խոնավություն ու միկրոկլիմա ապահովող սարքեր, և արդեն երկրորդ բերքը ստացվում է ինչպես որ հարկն է:

Հետաքրքրվեցինք, թե ինչքան գումար էր հավաքել ու ինչպես էր հավաքել: Ասաց, որ առաջին 15 պարկը գնել է հատը 1300 դրամով, ընդհանուր՝ 20 հազար դրամով:

«Երբ տնեցիներն ինձ փող էին տալիս, օրինակ, դպրոցի բուֆետից օգտվելու, ինչ-որ բաներ առնելու կամ պարապմունքների հաճախելու համար, խնայում էի ու հավաքում: Նաև շատ կարճ աշխատեցի հորս ընկերոջ հետ, առևտուր էինք անում, ու կիրակի օրերին առևտուր անելով՝ 5000 դրամ գումար աշխատեցի, որը պակասը լրացրեց: Էդպես հավաքեցի ու այդ պարկերը բերեցի տեղադրեցի: Դա անցյալ տարվա ձմեռն էր, առաջին անգամ չստացվեց, հետո նորից նյութեր կարդացի, թե ինչ պետք է անեմ, իմացա, որ հատուկ պրոցեդուրաներ կան, դրանք էլ արեցի, սկսեցին աճել սնկերս: Առաջին անգամ քանակը շատ չէր՝ մոտ 20 կիլոգրամ, դա կարողացա մեր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին վաճառել ու հենց էդ ժամանակ հասկացա, որ եկամտաբեր բիզնես է, արժի շարունակել: Հետո ովքեր մի անգամ գնել էին իմ սունկերից, զանգում էին, պատվիրում: Տեսա, որ պահանջարկ կա, կարելի է մեծացնել կախասնկերի արտադրությունը: Էս տարի կընդլայնեմ»,- արագ-արագ պատմում է Սերյոժան և ուրախությամբ տեղեկացնում, որ արդեն տնեցիներն էլ են ոգևորվել, տեսել են արդյունքներն ու աջակցում են:

Պատրաստել են նոր «սնկանոց»՝ արդեն 18 քմ տարածքում: Հիմա արդեն կկարողանա 1 տոննայից ավելի սունկ աճեցնել, ու եկամուտները կլինեն էական: Ստացված սնկերի կեսը ծածկում է կատարված ծախսերը, իսկ մյուս կեսը մնում է որպես եկամուտ: Նոր տեղն ավելի լավ, ավելի ճիշտ պայմաններ է ունենալու, իսկ ինչքան պայմանները ճշգրիտ լինեն, այնքան սունկն ավելի լավը կլինի ու ավելի շատ կաճի, հետևաբար հասույթն էլ կավելանա:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչի վրա է ծախսում Սերյոժան իր արդար քրտինքով վաստակած գումարները:

սունկ

«Ես ստացված եկամուտը լրիվ դրել եմ իմ բիզնեսում. նոր սարքեր եմ բերել, նոր հովացուցիչներ եմ գնել, անհրաժեշտ պարագաներ ու հումք եմ ձեռք բերել: Մի խոսքով, եկամուտը չեմ ծախսել սեփական հաճույքի համար, նորից իմ գործի մեջ եմ դրել: Տարեկան 3 անգամ եմ աճեցրել, ու ամեն ինչ ստացվել է,- ասում է Սերյոժա Կոտոլկյանը:

Իսկ այն հարցին, թե բիզնեսով զբաղվելը չի խանգարում դասերին, պատասխանում է. «Դա ինձնից, կարելի է ասել, ժամանակ չի խլում: Մի անգամ առավոտյան եմ մտնում սնկանոցս, մի 5 րոպե զբաղվում եմ, պարկերի վրա անցքեր եմ անում, պայմաններին եմ հետևում ու մի անգամ էլ երեկոյան եմ մտնում, մի 20 րոպե, կես ժամ զբաղվում եմ ու դուրս եմ գալիս: Օրվա ընթացքում այդքան ժամանակ եմ ծախսում: Ավելի դժվար ու աշխատատար է վաճառելը: Բացի որակյալ ու լավ ապրանքից, պետք է գրավիչ մատուցես: Օրինակ՝ երբ մեկը զանգում պատվիրում է, ես անվճար եմ առաքում իրենց տուն: Քաղում եմ, փաթեթավորում եմ ու հասցնում եմ գնորդին»:

Չնայած տարիքին՝ տղան արդեն բիզեսի վերաբերյալ սեփական փորձով ստացած պատկերացումներն ունի. բիզնեսը հաճելի զբաղմունք է, որ նաև եկամուտ է ապահովում, բարեկեցիկ կյանք ապահովում, հնարավորություն է տալիս, որ կարիքներդ ու ծախսերդ հոգաս: Հետո էլ բավական լուրջ տոնով վրա է բերում. «Եթե ես մեծ տարիքում անեի այս գործը, պիտի, օրինակ, իմ տնեցիներին պահեի, իմ երեխաների ծախսերը հոգայի: Իսկ հիմա ինչ եկամուտ ստանում եմ, նորից դնում եմ գործի մեջ, դա ամենակարևոր բանն է: Եթե էս տարիքում ես բիզնես սկսում, էդ բիզնեսը շատ արագ ծաղկում ու հաջողության է հասնում, որովհետև ամբողջ գումարը կարողանում ես դնել գործի մեջ»:

Կատակով հարցնում ենք՝ իսկ ծնողները չե՞ն ասում, թե էլ փող չեն տալու, արդեն կարողանում ես աշխատել, ուրեմն ինքդ քեզ պահիր: Ժպտալով պատասխանում է. «Ասում են, ասում են, բայց դե ես գիտեմ, որ կատակ են անում»:

Սերյոժան տարբերվում է հասակակիցներից, համադասարանցիներից իր մտածելակերպով, կյանքի ու աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներով ու ապագայի տեսլականով, ամեն ինչով:

«Իմ ու հասակակիցներիս հիմնական տարբերությունը, ինչ ես նկատել եմ, այն է, որ ես հաստատ գիտեմ, թե ինչ պետք է անեմ, ես գծել եմ, պլանավորել եմ ու պատկերացնում եմ իմ ապագան, գոնե առաջիկա 3 տարվա համար: Ու այդ ապագայի համար այս բիզնեսն ինձ պետք էր: Ես ամեն շաբաթը, ամեն ամիսն ու ամեն տարին նախագծում եմ, թե ինչ պետք է անեմ, օրինակ՝ եկող տարվա ամռանն ինչ պիտի անեմ ու ինչով պիտի անեմ: Հաստատ 3 տարվա պլաններ ունեմ, հետո արդեն կերևա, եթե ամեն ինչ գնա իմ ուզածի պես: Իսկ դա հաստատ այդպես է լինելու»,- ժպիտը դեմքին վստահ ասում է պատանի ձեռներեցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: