Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ ենք անում, ինչո՞ւ և ինչպե՞ս. երեք կարևոր հարց Ռոբերտ Ամիրխանյանից


  
դիտումներ: 9574

Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մինչ զրույցը սկսելը նստում է ռոյալի մոտ ու կատարում ճիշտ մեկ օր առաջ գրած ստեղծագործությունը:

Ոչ միայն նվագում է, այլև երգում՝ բառերի հեղինակն էլ ինքն է: Երաժշտությունն ու բառերը մինչև հոգու խորքը թափանցող են, ցավոտ, միաժամանակ խրոխտ ու հուսադրող: Երգը նվիրված է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Առաջին անգամ այն կհնչի 2018 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը: Երգը կկատարի տենոր Հովհաննես Այվազյանը:

- Պարո՛ն Ամիրխանյան, ապրիլյան քառօրյա պատերազմը բոլորիս համար դաս էր նախ այն իմաստով, թե ինչ սխալներ պետք է ուղղենք, նաև հասկացանք, վերագնահատեցինք մեր այօրվա սերնդի հնարավորությունները, ինչը կարծես կասկածի տակ էր դրվում Արցախյան հերոսամարտից հետո:

- Որևէ նոր կացության մեջ մեր հիմնարար հատկությունները կասկածի տակ դնելը ամենամեծ մոլորությունն է: Կյանքի յուրաքանչյուր պահին լինում են և՛ լուսավոր իրադարձություններ, և՛ փորձություններ: Առաջինը նրա համար, որ պահպանենք մեր կյանքի կրակը, մեր անելիքները, մեր ոգևորությունները, իսկ վատ իրադարձությունները պետք են նրա համար, որ կյանքի փորձ ձեռք բերենք: Էսպիսի հերոսացում, ինչպես մեր տղերքը ունեցան… Ես արդեն երկրորդ երգն եմ գրում, առաջինը գրել եմ Ադամ Սահակյանի հիշատակին, հիմա՝ Ռոբերտ Աբաջյանի: Ի դեպ, Ռոբերտը ծնվել է նույն ամսին, նույն օրը, ինչ ես, նաև իմ անվանակիցն է: Գուցե նաև զգայական ռեակցիաներ գոյացան, և ծնվեց այս երգը:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ այսօր շուկան է երգ գրում, երգը դարձել է ծախու ապրանք: Միաժամանակ ասել եք, որ դա նույնպես ստեղծագործության ձև է, չպետք է պայքարել այդ երևույթի դեմ, քանի որ կուլտուրան ձևավորվում է այդ ձևերի միջև գոյացած հարաբերությունների շնորհիվ:

- Հուրախություն մեզ՝ հայկական ֆենոմենն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ կարճ է տևում: Մեր անձրևները շատ կարճ են, ցուրտ եղանակները շատ կարճ են, արագ-արագ փոփոխվում են, սա ապրող երկրի, ապրող կյանքի հատկանիշն է: Մեր այս վիճակն էլ երկար չի տևի: Երբ մեր կյանքն ազատական բնույթ սկսեց կրել, ներքին շերտերը, որ քիչ թե շատ շնորհված էին (իսկ մեզ մոտ շնորհաշատները չափից դուրս շատ են), ընկան այն շուկան, այն դաշտը, որտեղ մենք կոնտրոլ չունենք: Այնքան մարդ կա, որ բավարարվում է էժանագին կրքերով: Դա շրջանակի այն օղակն է, որն ավելի մոտ է գետնին: Մի ժամանակ համերգից հետո փողոցում ինձ մոտենում էին և քննարկում համերգային ծրագիրը, հիմա ով մոտենում է, ասում է՝ ինձ հետ կնկարվե՞ք: Հասարակության այդ զանգվածի նկատմամբ պետք է լուսավորչական խնդիր դրվի: Մենք այսօր նաև լեզվի զգացման կորուստ ունենք: Հաճախ դասի ընթացքում հայերեն որոշ բառեր եմ օգտագործում և հանկարծ նկատում եմ, որ իմ ուսանողներից շատերի համար դրանք անհասկանալի են: Մեր կենցաղային լեզուն դարձել է արարատյան դաշտավայրի բարբառը, իսկ գրական լեզվին կարծես թե քամահրանքով ենք նայում: Սա հեշտությամբ կարելի է շտկել, որովհետև հերիք է խնդիր դնես, այդ խնդիրը կլուծես: Պետք է ունենանք գաղափարական որոշակի կոնցեպտ, թե մենք ինչ ենք հետապնդում, ինչու և ինչպես: Եթե դու երկրի ջրերը չդնես մի ջրուղու մեջ և չուղղես, որ այն դառնա քո էներգիայի աղբյուրը՝ այդ ջուրը հենց այնպես կհոսի:

- Դուք նաև Հանրային խորհրդի անդամ եք և բազմաթիվ հարցեր եք բարձրացնում նիստերի, երկրի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Որո՞նք են այսօր մեր երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրները:

- Մենք մշտապես միտված ենք ռադիկալ փոփոխությունների, սևը սպիտակ դարձնելու խնդրին: Մենք ուզում ենք շատ առարկայական փոփոխություններ: Բայց միաժամանակ շատ սխալ է համեմատվել ուրիշների հետ, պիտի համեմատվենք ինքներս մեզ հետ, քանի որ ունենք երեկ, այսօր և վաղը: Համեմատենք մեր երկիրը սրանից 10 տարի առաջվա, ավելի վաղ կացության հետ, հետո նայենք այն ռեալ կացությանը, ինչի մեջ է Հայաստանն այսօր: Չեմ ասում, որ այսօր բարեկեցիկ կյանք ունենք, բայց գլոբալ առումով բարենպաստ վիճակում ենք: Հայաստանին այսօր աշխարհում նայում են, այո, որոշակի զգոնությամբ, նախանձով, որովհետև տեսնում են, թե ինչ պոտենցիալ, արարման ինչ ուժ ունի այս երկիրը, որը կարծես փոքր, բայց զորավոր բռունցք լինի: Բայց, ցավոք, ներսում մենք այդ բռունցը չենք, ունենք բազմաթիվ շերտավորումներ, և մեր գլխավոր խնդիրը պետք է լինի նաև ներսում միասնական բռունցք դառնալը: Հայ ազգը անհատականությունների ազգ է, և կենտրոնաձիգ ուժ ստեղծելը մեզանում միշտ եղել է լրջագույն խնդիր:

- Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Եվրամիություն: Այս երկու բևեռները մենք փորձում ենք հավասարակշռել: Ի՞նչ եք կարծում, այդ քաղաքականությունը հեռանկար ունի՞:

- Անպայման: Դա մեզ համար հարկադրված կացության մեջ ճկուն որոշում էր: Պետք է ասեմ, որ մեր նախագահն իրոք ոչ պարզ մտածողության գործիչ է: Նա ունի որոշակի կոնցեպտ: Երբ ես իրեն լսում եմ, տեսնում եմ, թե ինչպիսի բովանդակային մաս կա իր չասված բառերի մեջ, և թե ինչպիսի քայլերով է նա կարողանում դիմակայել:

Ցավոք, աշխարհում հայ ժողովուրդը չի կարող բարեկամ ունենալ: Եթե մեր հարևանը նավթ ունի, ապա ամբողջ աշխարհը պիտի կանգնի նրա կողքին: 1915 թվականին Վասպուրականի հայությունը կարողացավ թուրքերին դնել տեղը, և Վանը հայտարարեց իր հայոց իշխանությունը: Բայց «մեծ արջի համաստեղծությունը», որը մեր վերին հարևանն է, չկարողացավ հանդուրժել այս փաստը և ամեն ինչ արեց, որ հայաթափի այդ շրջանը: Հասան դրան և հաստատեցին ռուսական իշխանություն: Ասեք խնդրեմ՝ ո՞ւմ վրա մենք պետք է հենվենք, ինչպե՞ս պետք է կարողանանք մեր քաղաքականությունն իրագործել, եթե կյանքի շուկայի գլխավոր տերերից մեկը՝ Ռուսաստանը, քեզ թելադրում է խաղի կանոններ: Սա, իհարկե, արդարացում չէ, պարզապես մեզնից պահանջում է հասկանալ իրադրությունը և ճիշտ քայլեր անել: Եթե կողմնորոշված ես դեպի Եվրոպա, որպեսզի քաղաքակիրթ երկրների հետ ունենաս հարաբերություններ, առաջին թշնամին կլինի այն «բարեկամը», որը վերևից մեզ է նայում և մտածում՝ ինչ անի, որ հայաթափի Հայաստանը: Մինչև ե՞րբ պիտի լռենք: Ի վերջո, «Հայաստանն առանց հայերի» արտահայտությունը թուրքերինը չէ, այլ Կովկասի «նամեստնիկներից» մեկինը:

- Բայց արդյոք արտագաղթը միայն արտաքին և սոցիալակա՞ն պատճառներ ունի: Հաճախ դա բարոյահոգեբանական գործոնների հետևանք է, պարզապես չկա գիտակցումը հայրենիքի, սեփական հողի, մայրենի լեզվի, հայ մնալու:

- Այո, առանց հայրենիքի գիտակցության մենք կախվում ենք օդի մեջ որպես հենց էնպես ապրող մարդիկ, որոնց համար կոնֆորմիզմը կարող է լինել շատ կարևոր բան: Ես ինձ, օրինակ, Կամբոջայում լավ եմ զգում, վեր եմ կենում՝ գնամ Կամբոջայում ապրեմ: Բայց հայրենիքից դուրս ինչ էլ աշխատես, ուր էլ հասնես, միշտ կունենաս մի գլխավոր խնդիր, որը կոչվում է հայրենիքի կորուստ: Դա երբեք չի մոռացվում մեր մեջ: Այդ դեպքում ինչո՞ւ պատերազմի դաշտում Ռոբերտ Աբաջյանը պայթեցրեց իրեն: Ինչո՞ւ չմտածեց՝ միգուցե անցնեմ ազերիների կողմը, փրկվեմ: Ինչո՞ւ որոշեց չապրել, բայց պահել իր պատիվը, իր երկրի պատիվը: Մոռանո՞ւմ ես, որ պատասխանատվություն ունես քո ծննդավայրի հանդեպ: Սիրել հայրենիքը նշանակում է՝ պատասխանատվություն, վերաբերմունք: Ունե՞նք մենք այդ պատասխանատվությունը, այդ վերաբերմունքը, թե՞ ուղղակի սիրում ենք: Ես Սփյուռքում ապրող շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, էնպիսի՜ կարոտ կա նրանց մեջ, չվերջացող կարոտ: Չէ՞ որ քեզ լիարժեք կարող ես զգալ միայն քո հողի վրա, որովհետև դա միակ բանն է, որ քոնն է, մնացածը քոնը չէ: Ես չգիտեմ մի մարդու, որը կարող է իրեն երջանիկ համարել դրսում: Պետք է շենացնես քո տունը և ապրես այդ տան մեջ: Սա է պարզ կոնցեպտը:

- Պարոն Ամիրխանյան, կարևոր է իմանալ Ձեր կարծիքը վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկի՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին, որ այս օրերին կրկին սրվել է:

- Ես կարող եմ խոսել երաժշտության տեսանկյունից: Եթե երաժշտության ճանապարհն ընտրած երիտասարդը գնա բանակ ծառայելու, նա ստեղծագործելու իներցիոն շրջանից կկտրվի և միգուցե այլևս երբեք չվերադառնա երաժշտություն: Մենք կորցնում ենք մի ամբողջ գեներացիա, որը միտված է դեպի պրոֆեսիոնալ երաժշտական դաշտ, որով մենք հպարտ ենք ու տարբերվում ենք մեր հարևան երկրներից: Դա վերանալու է տեղնուտեղը: Այո, մենք պահպանենք հայրենասիրությունը, հայրենիքի նկատմամբ պարտավորությունը, բայց միաժամանակ բանակում ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ այդ երիտասարդները կարողանան շարունակել և զարգացնել իրենց ընտրած ճանապարհը: Դրանից նաև բանակը կշահի: Դա հսկայական կուլտուրայի դաշտ է, որի միջոցով նաև հոգևոր արժեքներ կտարածվեն բանակում: Մենք պետք է շարունակենք պայքարն այս ուղղությամբ:

- Առջևում Ամանոր է: Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

- Ես կուզեմ, որ մենք նոր տարում և ապագա բոլոր վայրկյաններում երբեք չկտրվենք իրական ստեղծագործության խնդիրներից կյանքի բոլոր ասպարեզներում, և որ շուկան մեզ չխեղդի: Կարողանանք լայնախոհ լինել մեր երկրի մեջ և փորձենք նրան տեսնել հպարտության զգացումով, լինենք մեր երկրով հիացողը, ոչ թե իներցիայով ապրողը: Իսկ ամեն մի հիացում իր կողքին ունի անելիքների դաշտ: Այդ դաշտում հասկանանք՝ ինչ ենք անում, ինչու ենք անում և ինչպես ենք անում:


Զրուցեց Անի Գասպարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: