Հայերեն   English   Русский  

Յուջա Վանգը ցանկություն է հայտնել կատարելու Եվգենի Կիսինի սոնատներից մեկը


  
դիտումներ: 8519

«Իմ հետաքրքրությունների շրջանակը լայն է: Ինձ դուր է գալիս այն ամենն, ինչ տաղանդավոր է՝ անկախ նրանից, թե արվեստի տվյալ ստեղծագործությունը երբ է ստեղծվել»:

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Նա ցավով արձանագրեց, որ ժամանակակից կոմպոզիտորները հազվադեպ են ստեղծագործություններ գրում դաշնամուրի համար: Այդ պատճառով նա դեռևս չի կատարել ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Հարցին, թե կցանկանար, որ ստեղծագործություններ գրվեին հատուկ իր համար, Կիսինը պատասխանեց.«Ես նման հավակնություններ չունեմ: Ինձ համար գլխավոր այն է, որ երաժշտությունը լինը բոլորինը: Եթե որևէ ստեղծագործություն ինձ տաղանդավոր թվա, ես կնվագեմ այն: Երաժշտությունը պատկանում է բոլորին: Անցյալ տարի մի շատ հայտնի կոմպոզիտոր, որի անունը չեմ տալիս, քանի որ իր թույլտվությունը չունեմ այդ մասին բարձրաձայնելու, ասաց, որ ցանկանում է ինձ համար մի գործ գրել: Ես ասացի`գրեք, տեսնենք, ինչ կստացվի»:

Դաշնակահարն ինքը մանկուց ստեղծագործել է, սակայն կյանքի որոշ փուլում դադարել է. «Մի քանի տարի առաջ ես վերսկսեցի գրել իմ սեփական ստեղծագործությունները: Երկար տարիների ընթացքում համոզված է, որ երբեք դրանով չեմ զբաղվի, որովհետև չեմ կարող այնպիսի բան ստեղծել, որ իր արժեքով կմոտենա Բախի կամ Մոցարտի ստեղծագործությունների մակարդակին: Սակայն ինչ-որ շրջանում գրելու կարիք ունեցա, նոր գաղափարներ առաջացան և սկսեցի գրել»:

Իր նոր ստեղծագործություններից մեկը Կիսինը ցույց է տվել հեղինակավոր երաժիշտների, որոնք հորդորել են իրեն շարունակել գրել: Ի դեպ, հայտնի դաշնակահարուհի Յուջա Վանգը ցանկություն է հայտնել կատարելու Կիսինի սոնատներից մեկը՝ խնդրելով նրան ուղարկել նոտաները:

Սակայն Կիսինը հայտնեց, որ ինը կանգնել է նույն խնդրի առջև, ինչ ժամանակին Սերգեյ Ռախմանինովը. ելույթները, համերգները նրան թույլ չեն տալիս ավելի մեծ ժամանակ հատկացնել ստեղծագործելուն:

Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինի համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դեկտեբերի 27-ին, ժամը 19-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: