Հայերեն   English   Русский  

​Հայ-բրիտանական երաժշտական կամուրջ


  
դիտումներ: 8068

Ամանորի նախաշեմին Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանում տեղի է ունեցել բրիտանական և հայկական վոկալ երաժշտության համերգ, որի մուտքն ազատ է:

Արփինե Կալինինա

Հնչել են սիրերգեր ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Պերճ Քարազյանի և կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինայի կատարմամբ` կամրջելով հայ և բրիտանական երաժշտությունն ու պոեզիան:

Համերգին նախորդել է սեպտեմբերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած «Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ» նախագիծը: Այն իրականություն է դարձել Հայաստանում Միացյալ Թագավորության Դեսպանատան աջակցությամբ և նվիրված էր Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համերգների կազմակերպիչն է ՌԴ «Տրիումֆ»,«Հայկյան» հատուկ մրցանակների դափնեկիր Արփինե Կալինինան: Նա 2016 թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժինը:

Լոնդոնյան ուսումնառության տարիներին Արփինեն բրիտանացի երաժիշտների միջոցով կազմակերպել է հայ երաժշտության մի շարք համերգներ` բրիտանացի, ինչպես և օտարազգի հանդիսատեսին ներկայացնելով հայ երաժշտությունն ու մշակույթը: Նա, իր ստեղծագործություններին զուգահեռ, որպես ավարտական քննություն, բացառապես օտարազգի` բրիտանացի, սլովենացի և ամերիկացի երաժիշտների մասնակցությամբ ներկայացրել է հայ վոկալ-գործիքային երաժշտության համերգ, որը քննող հանձնաժողովը գերազանց է գնահատել:

Այս համերգ-քննությունը, ինչպես և Լոնդոնում Արփինեի նախաձեռնած հայ երաժշտության այլ համերգները ոգեշնչել են բրիտանացի տաղանդավոր կոմպոզիտորների` երաժշտություն գրել հայ պոեզիայի հիման վրա:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կյանքի կոչված նախագծի շնորհիվ` բրիտանացի կոմպոզիտորներ, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ Ջոնաթան Վուլգարն ու Ջեյմս Մորիարթին Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա վոկալ ստեղծագործություններ են գրել: Այս վոկալ ստեղծագործություններն առաջին անգամ հնչել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` սոպրանո Սոֆյա Սայադյանի և տենոր Պերճ Քարազյանի կատարմամբ: Կոմպոզիտորները ժամանել են Հայաստան իրենց ստեղծագործությունների փորձերին մասնակցելու և համերգին ներկա գտնվելու համար:

Հայաստանի երաժշտական կյանքին և Հայաստան աշխարհի գեղեցկությանն անմիջականորեն առնչվելու, ինչպեսև հայ երաժշտական կյանքում իրենց ստեղծագործական ներդրումն ունենալու հնարավորությունն առանձնահատուկ նշանակություն ունի. իրենց երաժշտության միջոցով հայ մարդուն և մշակույթին հաղորդակից դառնալը և այդ մշակույթից ինչ-որ բան քաղելը բացառիկ առիթ է:

Ջոնաթանի և Ջեյմսի ստեղծագործություններն ընդգրկվել են Արփինեի ղեկավարած հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի երկացանկում և հնչել են այսօր: Հնչել են նաև 20-րդ դարի բրիտանացի ականավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի`անգլիական ժողովրդական երգերի, ինչպես և հայ ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ: Բրիտտենի բարեկամությունը Հայաստանի հետ սկիզբ է առել 1965 թ., երբ կոմպոզիտորն այցելել է Հայաստան, իջևանել և ստեղծագործել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Նույն տարում Երևանում կայացել է Բրիտտենի ստեղծագործություններին նվիրված փառատոնը, որին ներկա էր նաև կոմպոզիտորը:

Համերգին հնչել են նաև անգլիացի մեծ գրող Ջորջ Գորդոն Բայրոնի բանաստեղծության հիման վրա գրված Ջեյմս Մորիարթիի և Արփինե Կալինինայի համատեղ ստեղծագործությունը: Բայրոնը բարձր է գնահատել հայ մշակույթը. նա1816-17 թթ. այցելել և մի քանի ամիս ապրել է Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանությունում, որտեղ ուսումնասիրել է հայոց պատմությունն ու լեզուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: