Հայերեն   English   Русский  

​2017 թվականի մշակութային գլխավոր իրադարձությունները


  
դիտումներ: 10721

Անցնող տարին հարուստ էր մշակութային հետաքրքիր իրադարձություններով, որոնք հնարավորություն տվեցին արվեստասերներին իրենց ավելի մոտ զգալու դրա տարբեր ուղղություններին: Շարունակվեցին երկարամյա պատմություն ունեցող փառատոները` «Երևանյան հեռանկարները», «Արմմոնոն», «Ոսկե ծիրանը», վերահրատարակվեցին և հրատարակվեցին հին ու նոր գրքեր, լույս տեսան նոր ձայնասկավառակներ…. «Անկախն» առանձնացրել է 2017-ի ամենայուրահատուկ միջոցառումները, որոնք դեռ երկար տարիներ կմնան հայաստանցիների հիշողության մեջ:

Մնջախաղի թատրոնն արդեն իր շենքն ունի

Տարին սկսվեց սպասված լուրով: Փետրվարի 15-ին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին հանձնեց նոր շենքի բանալին: Թատրոնի ներկայացումները շինարարությունից հետո տեղի կունենան Գևորգ Քոչար փողոցում գտնվող նախկին Գրապալատի շենքի տարածքում: Դեռևս պարզ չէ, թե թատերասերների համար այս ցանկալի օրը երբ կլինի, սակայն գործընթացն արդեն սկսված է:

Արտավազդ Փելեշյանի նոր գիրքը

«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում փետրվարի վերջին օրը տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի նոր գրքի շնորհանդեսը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով` «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» աշխատության մեջ կինոռեժիսորի փնտրտուքներն են` ինչպես դաշտն ամբողջացնել, ինչպես մտնել տիեզերական երևույթների խորքերը: Եվ հաճախ նա դրանք ընդհանրացնում է փոխլրացնելով. մյութոս և տիեզերք, տիեզերագիտություն և հնագույն քաղաքակրթական շերտեր: Գիրքը դեռևս ռուսերեն է, սակայն առաջիկայում այն կթարգմանվի հայերեն և անգլերեն:

Համահայկական նվագախմբի առաջին ելույթը

90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ 21 երկրներից միավորվեցին հայ ազգի միասնականության գաղափարի շուրջ: Ապրիլի 24-ին Համահայկական նվագախումբն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում` կատարելով բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, աշխարհին ներկայացնելով հայերի հզոր ստեղծագործական ներուժը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հատուկ այս նախագծի համար գրեց «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը:

«Խոստումը» ֆիլմի պրեմիերան

«Խոստումը»

Ապրիլի 27-ին հայաստանյան մեծ էկրաններին բարձրացավ Թերի Ջորջի «Խոստումը» պատմական դրաման: Այն նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Ֆիլմն աննախադեպ է առաջին հերթին իր բյուջեով, որ կազմել է շուրջ 100 միլիոն դոլար: Դրա հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։ Ֆիլմը հակասական ընդունելություն ստացավ կինոսերների կողմից: Ոմանք ասում էին, որ այն պետք է դասել ՄԵծ Եղեռնի մասին պատմող լավագույն ֆիլմերի շարքը, մյուսները պնդում էին, որ «Խոստումը» չի արդարացրել սպասելիքները, այն որակում էին անարժեք ֆիլմ` հոլիվուդյան ավանդական սյուժետային գծով: Համենայն դեպս համաշխարհային կինովարձույթում ֆիլմը տապալվեց: Այն հավաքեց ընդամենը 10 միլիոն դոլար:

«Լա բոհեմ» ներկայացումը` նվիրված Շառլ Ազնավուրին

Մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ռուդոլֆ Խառատյանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Այն նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 93-րդ տարեդարձին: Բալետի պրեմիերային ներկա էր ինքը` աշխարհահռչակ շանսոնյեն: Ազնավուրի 12 երգերից բաղկացած ներկայացումը պատմում է նրա անցած ճանապարհի, բոհեմական կյանքի մասին:

«Խավարում» ցուցահանդեսը Հովհաննես Թումանյանի թանգարանում

Ամառը թեժ ավարտ ունեցավ: Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացվեց «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված էր Հայաստանում ստալինյան բռնությունների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները: Օրեր անց մշակույթի նախարարության հրահանգով ցուցահանդեսը փակվեց: Փոխնախարար Արև Սամուելյանը հայտարարեց` բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվեց, քանի որ այն քաղաքականացված էր: Ցուցահանդեսի փակումը մեծ աղմուկ բարձրացրեց և հասարակական քննարկման առարկա դարձավ: Ցուցահանդեսը վերաբացվեց նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

Մարկուս Միլերը` Երևանում

Հոկտեմբերի 26-ին Մարկուս Միլլերի համերգով մեկնարկեց «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Ջազի կենդանի լեգենդ համարվող բաս կիթառահարը ելույթ ունեցավ Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում:

Քոչարին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցուցակում

Դեկտեմբերին հայկական քոչարին մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակ: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում արդեն ընդգրկել է դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսն ու լավաշը:

Եվգենի Կիսինի երրորդ մենահամերգը Հայաստանում

Եվգենի Կիսին

Վերջին տասնամյակների լավագույն դաշնակահարներից մեկը՝ Հայսաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը, իր երրորդ մենահամերգն ունեցավ Երևանում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով: Համերգի ընթացքում հնչեցին Բեթհովենի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Կիսինն առաջին անգամ Հայաստան է այցելել 1984-ին, իսկ 1988-ին` երկրաշարժից հետո, նա բազմաթիվ բարեգործական համերգներ է կազմակերպել` գումարները փոխանցելով երկրաշարժից տուժածներին: Երաժիշտը հայտնի է իր հայամետ հայացքներով: Դաշնակահարը հայտարարել է` քանի դեռ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինքն այդ երկրում համերգներ չի տա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: