Հայերեն   English   Русский  

​Օփրա Ուինֆրիի զգացմունքային ելույթը հուզել է բոլորին


  
դիտումներ: 3995

Ժամեր առաջ հանրահայտ ամերիկյան դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար Օփրա Ուինֆրին ստացավ Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար:

Գոլդեն Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ նրա արտաբերած խոսքերը անմիջապես տարածվեցին համացանցում՝ դառնալով մրցանակաբաշխության ամենահիշարժան դրվագներից մեկը:

Իր զգացմունքային ելույթում Ուինֆրին հիշել է սևամորթ Ռեսի Թեյլորին, որը մահացել է տաս օր առաջ: 1944թվականին նրան առևանգել և բռնաբարել էին սպիտակամորթ տղամարդիկ: Հանցագործները սպառնացել են սպանել նրան, եթե նա հայտներ այդ մասին ոստիկանությանը: Չնայած, որ կինն այնուամենայնիվ, հայտնել էր ոստիկանությանը, հանցագործները մնացել էին անպատիժ, քանի որ, Ուինֆրիի խոսքով, այդ ժամանակաշրջանում արդարություն չկար:

Հաղորդավարուհին հպարտությամբ հայտարարել է, որ նման ժամանակներն, անկասկած, անցյալում են:

«Նա ապրում էր այնպիսի պայմաններում, երբ աշխարհում իշխում էին ուժեղ տղամարդիկ: Երբ կանայք համարձակվում էին պատմել տղամարդկանց մասին ողջ ճշմարտությունը, շատ երկար ժամանակ նրանց չէին հավատում: Բայց այդ ժամանակներն անցյալում են»,-ասել է Օփրան:

«Այսօր ուզում եմ երախտագիտությունս հայտնել այն կանանց, որ տարիներ շարունակ ենթարկվել են նվաստացումների և չարաշահումների, քանի որ, նրանք, ինչպես և իմ մայրը, պետք է կերակրեին իրենց երեխաներին և վճարումներ անեին: Այդ կանանց մենք երբեք չենք ճանաչի: Նրանք սովորական տնային տնտեսուհիներ են, մատուցողուհիներ, ինժեներներ, բժիշկներ և գիտաշխատողներ: Նրանք բիզնես աշխարհի և քաղաքականության մաս են»,-ավելացրել է հաղորդավարուհին:

Նա նշել է, որ սեռական բռնությունը և գենդերային անհավասարությունը ոչ միայն ժամանցային և շոու բիզնեսի ոլորտների խնդիրն է, այլև բոլոր մասնագիտություններինն ու հասարակության բոլոր շերտերինը:

Ուինֆրին ավելացրել է, որ շփվել է բռնության և սեռական ոտնձգությունների ենթարկված բազմաթիվ կանանց հետ և որ նրանք բոլորը հավատում են լուսավոր ապագային:
«Ես ուզում եմ, որ բոլոր աղջիկներն իմանան՝ հորիզոնում նոր օրն է : Լույսը կբացվի սրահում նստած անհավատալի և ուժեղ կանանց շնորհիվ, նաև այն տղամարդկանց շնորհիվ, որ պայքարել են և ամեն ինչ արել, որ այլևս ոչ ոք չասի. «Ես ևս ենթարկվել եմ սեռական բռնության».,-եզրափակել է դերասանուհին:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: