Հայերեն   English   Русский  

Ազգային գրադարանում ցեղասպանությանը նվիրված ավելի քան երկու տասնյակ գիրք է հասանելի ընթերցողներին. լուսանկարներ


  
դիտումներ: 3080

Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանություններից է: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ազգային գրադարանում այսօր ներկայացվեց այդ թեմային նվիրված վերջին տարիներին հրատարակված և վերահրատարակված գրքերի տեսությունը:

Գրքերի շարքում են օտարերկրացի և հայ հեղինակների աշխատանքները, ցեղասպանությունը վերապրած անձանց վկայությունները:

Հայաստանի Ազգային գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի աշխատակիցներ Լուսինե Ղուկասյանը, Մերի Մանուկյանը և Բալասան Հարությունյանը ներկայացրին ավելի քան 20 գիրք, որոնք հասանելի են գրադարանի ընթերցողների համար:

Անկախի հետ զրույցում Լուսինե Ղուկասյանը նշեց, որ շատ կարևոր են այն գրքերը, որոնք ներկայացնում են միջազգային հանրության արձագանքը ցեղասպանությանը: Այդպես մի գրքի հեղինակ է ծագումով հրեա Յաիր Աուրոնը, ով իր «Անընդունելի անտարբերություն» աշխատությունում, ամոթանք է տալիս Իսրայել պետությանը Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար, ընդգծելով, որ ճանաչման դեպքում հնարավոր էր կանխել մարդկության դեմ այլ ոճրագործությունները, այդ թվում` Հոլոքոստը:

Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը ներկայացնում է, թե ինչպես է համաշխարհային լրատվամիջոցները անդրադարձել այդ ոճրագործությանը:

Գրքերից շատերի հիման վրա ֆիլմեր են նկարահանվել: Խոսքը վերաբերում է «Արտոյտների ագարակ» և «Հոշոտված Հայաստան» գրքերին: Վերջինս էկրաններին է հայտնվել 1913 թվականից Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաունի աջակցությամբ: Նա անձամբ հետևել է, որ տեսարանները իրականությանը ավելի մոտ լինեն: Այդ համր ֆիլմը կոչվում է «Հոգիների աճուրդ»:

Ազգային գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերից են նաև` Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը, լռություն, ժխտում, ուծացում», Գորան Գյուների «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով», Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները», Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում», Լեն Ուիքսի. «Ծագումը. բացահայտում», Հենրի Մորգենթաուի «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» և այլն:

Ազգային գրադարանը 2013 թվականին արդեն ծրագրել էին միջոցառումներ նվիրված ցեղասպանության: 2014 թվականին նման բազմաթիվ միջոցառումներ եղան: Ցեղասպանությանը նվիրված գրքերի տեսությունը այս տարվա ընթացքում վերջինն է: Այս մասին Անկախի հետ զրույցում պատմեց Գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը: «Այսօր տեսություն էր, եղել է նաև ցուցադրություն` «Ցեղասպությունը նկարիչների աչքերով» խորագրով և այլ միջոցառումներ: Մենք հրավիրել են մեզ մոտ նաև պատմաբան Ռուբեն Մելքոնյանին, ով դասախոսություն է կարդացել: Տարբեր խորագրերի միջոցով, այս ցավալի թեման այլ տեսանկյուններով է ներկայանում»:

Անահիտ Մանուչարյանի խոսքով` նման միջոցառումները հիմնականում իրազեկելու նպատակ են հետապնդում:

2015-ին Ազգային գրադարանում արդեն պլանավորված են ցեղասպանության 100-ամյա տարելիցին միջոցառումներ, որոնք տեղի կունենան ամբողջ տարվա ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: