Հայերեն   English   Русский  

​Վերապրեցինք հերթական Ամանորը՝ անցյալում թողնելով խանութների դատարկ դարակներ ու դատարկ դրամապանակներ


  
դիտումներ: 2637

Անցանք հերթական ամանորյա տոները և հիմա, ինչպես նշում են հոգեբանները, հետտոնական սթրեսների շրջանում ենք: Նոր տարվա գիշերն արդեն խանութների ցուցափեղկերն ու սառնարանները դատարկ էին, ինչը վկայում էր, որ հերթական անգամ ժողովրդի սպառողական պահանջարկը հասել էր առաստաղին: Երևի հենց այդ պատճառով են առևտրով, հատկապես սննդի առևտրով զբաղվողներն այդքան սիրում դեկտեմբերներն ու հատկապես դեկտեմբերների երկրորդ կեսերը, քանի որ այդ ժամանակ մեր հասարակությունը սկսում է նախատոնական իրարանցումը: Ինչպես երկու տարի առաջ մի զրույցի ժամանակ ասում էր մի սփյուռքահայ կին, «առնում են-առնում են-առնում են... էդքանը ուտելո՞ւ են»:

Ու թեև առևտրի ծավալների մասին պաշտոնական վիճակագրությունը կլինի ավելի ուշ, հավատարիմ մնալով մեր՝ արդեն ավանդույթ դարձած սովորությանը՝ այս տարի ևս փորձեցինք հաշվել, թե միջին վիճակագրական հայ ընտանիքի համար որքան կարող էր արժենալ «միջին վիճակագրական տոնական սեղանը»: Այս կապակցությամբ նախապես նշենք, որ հիմք ենք ընդունել մեզ հանդիպած մթերքների ամենաէժան կամ միջինացված գները՝ մեկ միավորի համար:

Այպիսով, Ամանորի անմիջապես նախաշեմին տավարի մսի 1 կիլոգրամն արժեր 2800-3200 դրամ, խոզի միսը՝ 3000-3500 դրամ, հավը՝ 1250 դրամ , ձուկը՝ 1600-1800 դրամ, հավի կրծքամիսը՝ 1650-2200 դրամ: Մեկ ոչ մեծ՝ 5-7 կիլոգրամանոց խոզի բուդը, եթե հաշվենք կիլոգրամը 3300 դրամով, կկազմի 16-23 հազ. դրամ: Մեկ հատ ապխտած երշիկի համար մեր սպառողները պետք է վճարեին միջինը 1500-2300 դրամ՝ նայած տեսակին և ապրանքանիշին, բաստուրմայի 1 կիլոգրամի համար՝ միջինը 7500-9500 դրամ, 4200 դրամ՝ սուջուխի համար, խոզապուխտի 1 կիլոգրամն արժեր 3200-3500 դրամ, ճարպապուխտի կիլոգրամը՝ 2100-2500 դրամ:

1 տուփ 400 դրամանոց միջին կարգի ձիթապտուղն արժեր 650 դրամ, պահածոյացված եգիպտացորենի 1 տուփը՝ 350 դրամ, կանաչ ոլոռինը՝ 450-600 դրամ, պահածոյացված սնկինը՝ 600 դրամ: Ծովախեցգետնի ձողիկներն էլ միջինը 300 դրամ արժեին: 1 լիտր գործարանային կաթն արժեր 450 դրամ, մածունը՝ 300-350 դրամ, թթվասերը՝ 450-550 դրամ, 1 կիլոգրամ «Զելանդական» տեսակի սերուցքային կարագի գինը 4800-5000 դրամ էր, մեզ հանդիպել է նաև 1 կիլոգրամը 2000 դրամ գնով պանիր: Փոքր չափի մայոնեզի տուփը միջինը 300 դրամով ենք հանդիպել, կետչուպը՝ 400:

Մեզ հանդիպած ամենաէժան նուռն արժեր 900 դրամ, խաղողը՝ 350 դրամ, անանասը՝ մոտ 1500 դրամ, կիտրոնը՝ 1 հատը 200 դրամ, տանձի գինը հասել էր 800-1000 դրամի, իսկ խնձորն էլ 450-500 դրամով կարելի էր գնել: Մանդարինը դեկտեմբերի վերջին հասել էր 450-650 դրամի, նարնջի 1 կիլոգրամն արժեր 600-800 դրամ, արքայաթուզը՝ 500 դրամ: Բանանը նախատոնական օրերին արժեր 850-1000 դրամ, կիվի հանդիպել ենք 850 դրամով: Այստեղ չենք հաշվում էկզոտիկ մի շարք մրգատեսակներ՝ համարելով, որ ազգաբնակչության մեծամասնությունը դրանք չի գնում:

Պնդուկի 1 կիլոգրամի գինը միջինը 3500 դրամ էր, ընկույզը՝ 5000, նուշը՝ 6500, գետնանուշը՝ 1250, հնդկընկույզը՝ 8000-9000, չամիչի գները սկսվում էին 1650 դրամից, խուրման արժեր 1000 դրամ:

1 կապ խառը կանաչին արժեր 150-200 դրամ, հազարը՝ 100-150 դրամ: Կարտոֆիլի 1 կիլոգրամն արժեր միջինը 250 դրամ, գազարը՝ 300, կաղամբը՝ 100, ճակնդեղն ու սեղանի բողկը՝ 150 դրամ, գլուխ սոխն էլ՝ միջինը 250 դրամ: Ընդունենք, թե թարմ լոլիկը, վարունգն ու տաքդեղն էլ «ճոխության ատրիբուտ են» ու մարդիկ դրանցից չեն գնել՝ փորձելով որոշ գումար խնայել:

1 լիտր ձեթի միջին գինը 700-720 դրամ էր, 10 հատ ձուն արժեր միջինը 700 դրամ, բարձր տեսակի ալյուրի 1 կիլոգրամը՝ 250 դրամ, շաքարավազը՝ 340 դրամ, 1 տուփ մարգարինը՝ 280 դրամ, տոմատի մածուկը՝ 550-600 դրամ: Միջին կարգի գինի հայ գնորդները կարող էին գնել 1600 դրամով, երեքաստղանի կոնյակ՝ 4000-5000 դրամով, միջին կարգի կեսլիտրանոց օղին՝ 2000 դրամով: 1 լիտր բնական հյութը հնարավոր էր գնել միջինը 500 դրամով, գազավորված ըմպելիքների 1 լիտրանոց շիշը՝ 450 դրամով: Հանքային ջրի 1.5 լիտրը 350 դրամ արժեր, միջին կարգի ու արժողության շոկոլադը՝ 2500-3000 դրամ: Հաճարի, բլղուրի և բրնձի 1 կիլոգրամն էլ միջինը 350-400 դրամ էր: Սուրճի 1 կիլոգրամն արժեր 2200-3000 դրամ: Արքայաթզի չիրը 1500, ծիրանաչիրը, սալորաչիրն ու դեղձաչիրն էլ արժեին 2500-3500 դրամ՝ 1 կիլոգրամը:

Այս ամենով հանդերձ, եթե ընդունենք, որ վերը նշված յուրաքանչյուր մթերքից գնվել է 1 միավոր՝ մեզ հանդիպած ամենացածր կամ միջին գներով հաշվարկած, ապա անհրաժեշտ կլիներ մոտ 130 հազար դրամ: Բայց հաշվի առնենք, որ տարբեր մթերքներ կան, օրինակ՝ մսեղենը, միրգն ու բանջարեղենը, որոնք մի քանի միավոր կամ մի քանի կիլոգրամ են գնվում, ինչպես նաև հացը, խմիչքն ու ջրեղենը՝ մի քանի շիշ և այլն: Հաշվի առնենք նաև, որ օրինակ՝ բաստուրման, սուջուխը, ընկուզեղենը, ոչ թե կիլոգրամներով, այլ գրամներով են գնվում:

Դեռ չենք հաշվում զարդարանքի տարբեր պարագաները՝ սկսած անձեռոցիկներից, մոմերից և վերջացրած շղթաներով, փայլերով, բենգալյան կրակներով, չենք հաշվում նաև ամանորյա նվերները, փոխայցելությունների համար նախատեսված բոմբոներկաներն ու խմիչքը, ծախսած էլեկտրաէներգիան, ջուրը, գազը և այլ տեսակի ծախսերը:

Այսպիսով, մեր համեստ հաշվարկներով ամանորյա «թեթև» սեղանը 4-5 հոգանոց միջին վիճակագրական հայ ընտանիքի համար կարող էր արժենալ միջինը 180-230 հազար դրամ:

Սա մի քիչ ավելի շատ է, քան անցած տարի, երբ 150-200 հազար էր: Ի դեպ, քանի որ արդեն 4-րդ տարին ենք այս ուսումնասիրությունը կատարում, այս տարի փորձենք նաև համադրել նույն ցուցանիշները նախորդ տարիների պատկերի հետ:

Այսպիսով, 2014 թվականին ամանորյա ապրանքների մեկական միավորները գնելու համար պահանջվում էր մոտ 110 հազար դրամ: Իսկ տոնական սեղանը միջին վիճակագրական ընտանիքի համար կարող էր արժենալ 140-180 հազար դրամ: 2016 թվականին դա 150-200 հազար էր, անցյալ տարի՝ նույնպես: Իսկ այս տարի փոքր-ինչ աճել է:

Այս պատկերը, իհարկե, խիստ հարաբերական է, գները՝ նույնպես, քանի որ մենք հաշվի ենք առել սեփական գնումների արդյունքում ստացված գներն ու պատկերը: Եվ հարկ է նշել, որ ցուցանիշները ընտանիքից ընտանիք, մարդուց մարդ կարող են խիստ տարբեր լինել: Իսկ առհասարակ Ամանորը արժե ոչ թե նախատոնական ու տոնական «գլխացավանքի» վերածել, այլ պարզապես վայելել այն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: