Հայերեն   English   Русский  

Ալավերդի տեղանունը պետք է ջնջել սերունդների հիշողությունից


  
դիտումներ: 6912

Շուրջ երեք տասնամյակ արծարծվում է Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը: Շատ անուններ են առաջարկվել` Մանես, Ձոր, Դեբեդ, Աստուր, Թումանյան, Սանահին, Կոշաբերդ, Տաշիր, Ձորափոր, Աթոռիկ, Ձորաձոր, Միկոյան, Լալվար, Կյուրիկյան և այլն:

Ալավերդու քաղխորհրդի անկախական առաջին պատգամավորներից մի քանի «հայրենասերներ» առաջարկեցին ու որոշեցին, որ ամենահարմար տեղանունը մեզ հոգեհարազատ Լալվարն է` առանց մտքի ծայրով անգամ նկատելու, որ իրենց նախընտրած անունն էլ պարսկա-թուրքական ծագում ունի: Նրանց հորդորով հիշյալ տեղանունը մտավ անգամ 8-րդ դասարանի աշխարհագրության դասագիրք (Խ. Նազարյան, Լ. Վալեսյան «Հայաստանի աշխարհագրություն», Երևան, «Լույս», 1999): Բարեբախտաբար, այս վարկածն օրենքի ուժ չստացավ:

Ալավերդին տեղացիներն առօրյայում ավելի շատ անվանում էին Ձոր և Մանես: Շատ էին հատկապես Մանես անվան կողմնակիցները, որոնք պնդում էին, որ հենց Մանես պետք է անվանափոխել Ալավերդին:

Հայտնի է, որ Թիֆլիս-Կարս երկաթուղին Լոռու ձորով անցկացվեց ֆրանսիացիների ակտիվ միջամտությամբ իրենց հանքերին մոտ լինելու և պղնձի արտադրությունը խթանելու նկատառումով: XIX դարավերջին ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին: Նոր կառուցված ձուլարանն առաջին արտադրանքը տվեց 1900 թ. հունիսի 10-ին: Արտադրամասից ոչ հեռու բանվորների համար բարաքներ կառուցեցին` կամաց-կամաց դնելով ապագա քաղաքի հիմքը: Այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ Մանեսի անունով էլ կոչվեց նոր բնակավայրը (տե՛ս М. А. Цатурян, В. А. Мелконян “Алавердскому меднохимическому комбинату 200 лет”, Ереван, 1971):

Տարակուսելի է, սակայն, թե աշխարհագրական գիտության ինչ սկզբունքով է միջնադարում հիշատակված Մանից Գոմը կամ Մանասգոմերը համարվում նախկին Ալավերդի, երբ այն այսօրվա քաղաքից հեռու է մոտ 10 կմ` բաժանված սարերով ու ձորերով: Մանից Գոմն առաջինը հիշատակում է XII դարի վրացի Անանուն պատմիչը, որին հետո կրկնում է նույնպես վրացի պատմագիր Վախուշտը: Գրվել է վրաց Դավիթ Շինարար թագավորի 1123 թվականի նվաճումների մասին. «Մայիսին Դավիթ թագավորը գրավեց Սոմխեթիի բերդերը` Գագը, Տերունականը, Քավազինը, Նորբերդը, Մանից Գոմը և Ղալինջաքարը»:

Ավելորդ չեմ համարում նշել, որ այս վեց բերդերից հինգի տեղը հայտնի է. Գագը Կոթիի մոտ է, Տերունականը` Շամքորի մոտ, Քավազինը` Ջողազ գետի ափին` Գագ բերդի դիմաց, Նորբերդը` Տավուշի մարզի Վարագավան գյուղից դեպի արևելք է, Ղալինջաքարը` Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտ: Ստույգ ոչ ոք չգիտի Մանից Գոմի տեղը: Միայն ենթադրում են, որ այն կարող էր լինել Շամլուղի դիմաց գտնվող Ուչքիլիսա վայրում: Այնտեղ այսօր դեռ պահպանվում են երեք եկեղեցիների հետքեր: Բայց արդյոք Ուչքիլիսան հիշատակված Մանից Գո՞մն է: Եթե այդպես է, ապա ի՞նչ կապ ունի Ալավերդու հետ: Եթե Մանից Գոմ- Մանասգոմերը փորձում են օրգանապես կապել ներկայիս Ալավերդու հետ` նկատի ունենալով պղնձահանքերի շահագործումը, ապա պետք է նշել, որ խոսելով հատկապես Պղնձահանք-Ախթալայի մասին` հայ պատմիչներից ոչ ոք այդ առումով չի հիշատակում Մանասգոմերը: Ալավերդու շրջակա վայրերում կան մի քանի տասնյակ պղնձահանքեր, որոնց մի մասը շահագործվել է նույնիսկ հազարամյակներ առաջ, ինչպես բացահայտել է ֆրանսիացի ինժեներ Ժ. Մորգանը: Կան անտիկ շրջանի բնակության հետքեր. դրանից արդյոք հետևո՞ւմ է, որ Ալավերդին հնագույն քաղաք է, երբ չկան գրավոր հիշատակություններ:

Մանից Գոմ-Մանես նմանությունը շփոթեցրել է անգամ որոշ հեղինակների, որոնք, ժամանակին ներկայացնելով իրենց տեսակետը, այս տեղանուններին ավելացրել էին նաև Մանիա Այրք անվանումը` որպես Մանից Գոմի կամ Մանասգոմերի հոմանիշ, այն դեպքում, երբ Մանիա Այրքը գտնվում է Բարձր Հայքի Եկեղյաց գավառում` Երզնկայի մոտ:

Ալավերդի անունը XVIII դարի կեսերից կրել է մեզ քաջածանոթ Մադան-Լենհանքեր հունական գյուղը: Այդ են վկայում գյուղի քաղկեդոնական եկեղեցու չափաբերական մատյանները: Երևի միայն 1930 թ. սեպտեմբերի 9-ին ձևավորված վարչական շրջանի պատճառով Ալավերդի տեղանունը փոխանցել են տարածքային նոր միավորին: Անգամ 1934-ին ստեղծված Ալավերդու պետական թատրոնի հյուրախաղերի մասին նշվում է, որ թատրոնը ներկայացումներով հանդես է եկել Ալավերդի գյուղում և Մանես ավանում: Նոր կազմավորված շրջանի անունն էլ Ալլահվերդի էր, որն էլ մի քանի տարի պահպանվեց 1931-ի հուլիսի 11-ին ստեղծված շրջանային «Պղնձի ֆրոնտում» թերթի ճակատին (Ալլահվերդու կուսռայկոմի օրգան): Հետագայում անվան մեկ լ-ն և հ-ն հանեցին` փորձելով տեղանունը «հայկականացնել», բայց չստացվեց:

Ալավերդին հայկականացնելու միտումն այսօր էլ կա: Ահա դրանցից մեկը. «Ալավերդին ոչ թե Ալլահվերդի (Աստված տվեց) է նշանակում, այլ բառակազմությամբ բարդ, բայց պարզ ու հասկանալի հայերեն բառ է` կազմված ալավ (բոց, կրակ, հուր) ու երդիկ (տանիք, կտուր) բառերից: Հետագայում վերջին կ-ն սղվել է, մնացել է Ալավերդի» (Սամվել Բեգլարյան, «Գրական թերթ», 2013, 19 ապրիլի):

Հարգարժան գրողը կարո՞ղ է ապացույցներ բերել ալավ բառի հայկական ծագման մասին: Չի կարող, որովհետև այդպիսիք չկան: Ալավը պարսկերեն է, որ հետո անցել է նաև թուրքերենին բոց, կրակ նշանակությամբ: Ճիշտ է, այն օգտագործվում է մեր բարբառներում, բայց դա հիմք չի տալիս պնդելու, թե ալավը հայերեն է:

Փորձ է արվում Ալավերդի անվանումն ամեն կերպ տեղայնացնել, թարգմանել կախարդական փայտիկի հանգույն ու նրանում հայկական ինչ-որ բան գտնել` այս ամենը կատարելով մտացածին, անտրամաբանական եղանակներով: Արդյունքում արված բոլոր հայերեն ստուգաբանումները տանում են անեկդոտի ժանր: Որքան էլ մեծ լինի Ալավերդի տեղանունը չօտարելու ցանկությունը, այն բառակազմությամբ ավելի շատ Ալլահվերդին է, քան այլ բան:

Մեզ համար ամոթալի է XXI դարում կրել թուրքական անուն և հայ ներկայանալ:

Այժմ Ալավերդի անվան ստուգաբանման ընդունված տարբերակի մասին: Հղում անելով վրացի պատմաբան Յա. Լորդքիպանիձեին, որը գրել է երկրամասում 17-րդ դարի թուրք բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլի Թարխանի ունեցած դիրքի ու հեղինակության մասին, պատմաբան Կ. Կոզմոյանը գրել է. «Հենց այդ քոչվոր ցեղապետի անունն է, որ ցավոք սրտի, մինչև օրս կրում է Սովետական Հայաստանի գունավոր մետաղագործության կենտրոն, սոցիալիստական քաղաք Ալավերդին» (Կ. Կոզմոյան, «Ալավերդի», Երևան, 1996, էջ 140):

Ահավասիկ այս «իմաստուն» լուրը մեզ է հասցրել վրացի պատմաբան Յա. Լորդքիպանիձեն: Ըստ նրա` բորչալու ցեղի ալաչուխները գտնվում էին Ղազախի դաշտում` Քուռ գետի ափին, իսկ մեր Լալվարը եղել է նրանց հոտի ամառանոցը: Ուրեմն ստացվում է, որ թուրքերի ոչխարները XVII դարում արածելով մոտ 100 կմ կտրել-հասել են մեր երկրամաս, որ հաջորդ` XVIII դարում (Ալլահի կամքով) Լալվարի փեշին առաջանար մի բնակավայր միայն նրա համար, որ կրեր իրենց ղաչաղ ցեղապետ Ալլահվերդու անունը: Մտավոր հաշմանդամ պետք է լինել հավատալու համար վրացի պատմաբանի հեքիաթներին:

Ալավերդի տեղանունը կարող էին իրենց նոր բնակավայրին կպցնել Պոնտոսից եկած հույները: Գյումուշխանեից, հատկապես Խաղտիք գավառից եկած հույների բառապաշարը հարուստ էր թուրքերեն բառերով, եթե չասենք, որ բազմաթիվ հույն ընտանիքներ թրքախոս էին:

Կարծում ենք` հարմար է Ալավերդին վերանվանել Դեբեդ կամ նրանով կազմված որևէ տեղանվամբ: Աշխարհի բազմաթիվ քաղաքներ կրում են իրենց միջով հոսող գետի անունը: Տողերիս հեղինակն այս մասին գրել է նաև նախկինում` համարելով, որ Դեբեդը ամենահարմար տարբերակներից է Ալավերդին անվանափոխելու համար (տե՛ս Ռ.Հակոբյան, Որն է լինելու մեր քաղաքի նոր անունը:- Լոռի,1990, նոյեմբեր):

Ռուբեն Հակոբյան

Լոռու մարզ, գ. Ակներ

Հ. Գ. Ալավերդին համարել Մանից Գոմ- Մանասգոմերի «ժառանգորդ» անհեթեթ է: Տրամաբանական է Ալավերդի քաղաքի պատմությունը սկսել Ալավերդի գյուղի (Մադան) հիմնադրումից, որովհետև այն առնչվում է տեղի պղնձարտադրության զարգացման հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: