Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Վերադարձ նեղ դռնով


  
դիտումներ: 5958

Ավելի շատ աթեիստ եմ, բայց այնպես չէ, որ Կտակարան չեմ կարդացել: Վերջերս էլ կարդացի Մաթևոս Ավետարանիչի հորդորը.«Նեղ դռնից ներս մտեք… Նեղ է այն դուռը ու նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, և քչերն են, որ այն կգտնեն»:

Մտածում էի, թե ինչո՛ւ է Մաթևոս Ավետարանիչը խորհուրդ տալիս այդ դժվարին ճամփով անցնել, և ահա կարծես գտա պատասխանը ՝ ընթերցելով երկար տարիների իմ բարեկամ Հովհաննես Պապիկյանի «Նեղ դուռ» («Լուսաբաց» հրատ., 2017) ժողովածուն, որի էջերում հեղինակը շարադրում է վաղամեռիկ բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի դժվարին կյանքի և ողբերգական մահվան հետ կապված իրադարձությունների մասին իր մտովի զրույցները: Ինքնատիպ մի մենախոսություն է սա՝ անտիպ տողերի չափածո հավելումներով, հավատարիմ ընկերոջ սրտացավությամբ, իրադարձությունների ճշմարիտ պատկերավորմամբ, կորստի ցավով, ապագայի նկատմամբ հույս ու հավատով և, իհարկե, նվիրական հիշատակներ փրկելու ազգանվեր առաքելությամբ:

…Մինչդեռ իրականում սրտում և հոգու մեջ կեղտ չունեցող Ֆելիքսն եմ,

….Որ հիմա նստել մեկուսարանում,

Հոնքերը կիտել ու լաց է լինում,

Եվ մոտ չի գալիս մի խելոք ուղեղ,

Որ հարցնի ՝ Ֆելիքս, ինչո՞ւ էս այստեղ….

Ընթերցողի դատին է հանձնում 03.02.1977 թ. թվագրումով այս տողերը հեղինակը,

հետո «նկատում արևը փշալարերի ետևում»: Կալանավոր բանաստեղծը նախ հյուրընկալվել է արդեն երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի մոտ, հետո էլ ազատության հույսով չափածո նամակով դիմել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովին: Պահն է եկել, և հեղինակը հիշում է Ֆելիքս Պետրոսյանի «Ծափեր»-ի երկու տողը.

Ի՞նչ է, անպայման սպանվե՞մ պիտի,

որ ձեր կրծքի մեջ խի՞ղճը արթնանա…

Ֆելիքսի՝ Հայաստանի բոլոր ժուռնալիստներին հասցեագրված նամակն է նաև այս գրքում՝ մասնակի կրճատումներով: Կարդում ես ու միանգամից միանում հեղինակի «Էլ ի՞նչ անեիր» հարցադրում-տագնապին: Հետո մտորումներ են ծրարում, բազմահասցե նամակներ, հույսի երազանքներ, լույսի շողեր, բայց կարծես մի բան միշտ պակասում է` ջերմությունը թե սրտացավությունը….

Օրհնյալ լինի կալանավայրի թերթի խմբագիր Իլյա Միքայելյանը (Իլյա Արցախեցի), որի սրտացավության շնորհիվ Ֆելիքս Պետրոսյանը տեղավորվեց բանտի գրադարանում և ստեղծագործելու հնարավորություն ստացավ: Ահա հեղինակը մտորում է Ֆելիքսի «Մահարու վերադարձը» գրքի շուրջ: Ավետիք Իսահակյանի Մահարին ուզում էր լինել «անսահման ազատ, անպարտք, անիշխան», իսկ Ֆելիքս Պետրոսյանը Մահարո՞ւն, թե՞ մեզ է պատմում.

Ես տառապանքին վարժվել եմ այնպես,

Ինչպես ուղտը զույգ սապատներին

Սահարայի տապին

Եվ տան տանիքը` հենարան պատին:

Հետո էջեր են վերնագրված «Կարոտ», «Արդյոք նեղացա՞ծ գնացիր», «Պարույր Սևակը և դու»: Զետեղված են նաև Ֆելիքս Պետրոսյանի անտիպ էջեր, որոնք տրամադրել են նրա ծանոթ- բարեկամները և որդին՝ Կարենը: Ամենավերջում հեղինակը Ֆելիքս Պետրոսյանի՝ «Մանկավարժ» թերթում 1973 թվականին տպագրված «Խոսում են գազանները» շարքն է հիշել.

Կապիկին, աղվեսին մի քիչ հասկացա,

Առյուծը նույնպես,

Օձի պատմածն էլ լրջամիտ խոհելու տեղիք է տալիս,

Բայց չեմ հասկանում, թե այս գայլերը ինչու են ոռնում…

Այս էլ որերորդ անգամ շրջում եմ ժողովածուի վերջին էջը, և աչքիս առաջ կրկին «Նեղ դուռն» է գալիս. վերադառնում է այդ դռնով համարձակ ու շնորհալի Ֆելիքս Պետրոսյանը գրական հունձքով («Կիսատ անուրջներ», «Մահարու վերադարձը», «Նեղ դուռ») և ճամփա ընկնում դեպի հավերժություն:

Ընթերցողներով միավորվենք, ճանապարհենք նրան ու սպասենք Հովհաննես Պապիկյանի նոր մտահղացման իրականացմանը՝ «Ծափեր Ֆելիքսին» գրքի լույս աշխարհ գալուն:

Որպես ընթերցող տեղին եմ համարում շնորհակալություն հայտնել Հովհաննես Պապիկյանին «Նեղ դուռը» պարտավորեցնող ընծայագրով ինձ տրամադրելու համար: Ուզում եմ նաև միանալ գրքի տպագրությանն աջակցելու համար տիկին Ալիս Սողոմոնյանին հասցեագրված նրա շնորհակալական խոսքին:

Հ.Գ. - Հրապարակումս պատրաստ էր տպագրության, երբ «Գրական թերթից» տեղեկացա, որ Հովհաննես Պապիկյանի «Նեղ դուռ» գիրքը որպես հրապարակախոսություն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի 2017 թ. մրցանակին: Միանում եմ այդ առթիվ շնորհավորանքներին:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: