Հայերեն   English   Русский  

​Չբացահայտված առեղծվածը՝ տարեց տարի խորացող ցավ


  
դիտումներ: 1192

''Սուտ է, երբ ասում են՝ ժամանակի հետ վերքը սպիանում է: Հակառակը, քանի գնում ավելի է խորանում, ամբողջ մարմնովդ է տարածվում էդ ցավը: Ես ՌԴ-ում եմ աշխատում, և չեք հավատա, բայց մարդկանց մեջ ես միշտ նրանց եմ փնտրում... Չեմ ցանկանում, որ երբևէ որևէ մեկն ապրի նույն ցավը'', - ասում է Ջուլիետա Ջալալյանը, 2015-ի հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը:

Չբացահայտված առեղծվածը դեպքից տարիներ անց բազում հարցեր է թողել անպատասխան, ինչպես դեպքից հետո ծառայությունն ավարտեցին ու անհայտ ուղղությամբ հեռացան Վալերի Պերմյակովի համածառայակիցները, ովքեր այդ գիշեր նրա հետ էին եղել, ինչպես գրեթե մի ամբողջ օր կասկածյալին չկարողացան հայտնաբերել իրավապահներն ու ազգային անվտանգությունը, երբ նա Գյումրիից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվեց՝ այն էլ հայ-թուրքական սահմանին մոտ. մի վայրը, որն առաջինն է հսկողության տակ վերցվում ցանկացած փախուստ արձանագրելու դեպքում: Ամենագլխավոր հարցերից մեկը այդպես էլ հստակ ու համոզիչ պատասխան չունեցավ՝ որն էր սպանության դրդապատճառը: Հենց միայն այս հանգամանքի շուրջ ներկայացված պրիմիտիվ հիմքն էլ հանրության ու հենց սպանվածների հարազատների մոտ ստեղծում է տեսակետ՝ Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել:

Կատարված դատավարությունը, նախաքննությունը այդպես էլ չհիմնավորեցին՝ ում և ինչի համար էր հարկավոր ոչնչացնել մի ամբողւ գերդաստան:
՛՛Ամեն ինչ մնաց նույն անորոշ վիճակում. Պերմյակովին ցմահ բանտարկություն տալը մեզ ոչ մի բանով չգոհացրեց: Ինչպես ուզեցին, այդպես էլ դատ արեցին, մարդիկ, ովքեր պետք է ներկայանային՝ ժամանակից շուտ լքեցին մեր երկիրը, և նրանց չգտան, չբերեցին, չներկայացրեցին դատերին: Դա հեշտ ու հանգիստ լուծվող հարց էր, բայց չցանկացան ոչինչ անել՛՛, - ասում է Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը՝ Ռիտան, ով անձամբ է քրոջ ընտանիքին հայտնաբերել սպանված:
՛՛Բոլոր դեպքերում, - շարունակում է տիկին Ռիտան, - Պերմյակովն ինչ էլ դառնար, չէր կարող այդքան մարդու թողնել տեղերի մեջ: Նրան գործիք սարքեցին, էդ հիմարն էլ իր վրա վերցրեց: Բայց ասում են, հիմա խելքի է եկել, փոշմանել է, ասել է՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչինչ չեմ հիշում, սարքել են իմ գլխին: Բայց արդեն ուշ է՛՛:
՛՛Անծանոթ մարդն ինչպես եկավ էս տունը գտավ, ինչպես դուռը բացեց ու բոլորը տեղերում պառկած մնացին, հեչ մարդ չելավ տեղերից, նման բան հնարավո՞ր է: Ասում էին՝ Սերոժը պաշտպանվել է, մատնահետքերը կան, բայց Սերոժն էնպես էր կուլուլված տեղի մեջ, որ պարզից էլ պարզ էր՝ ամենքի գլխին մեկը կանգնել է, նույնիսկ դռների մոտ է մարդ կանգնել... Բայց ինչի՞ համար, գոնե դրդապատճառն ասեն: Բայց տարիներ հետո սա էլ կբացահայտվի, չնայած էլ ոչինչ փոխել հնարավոր չի լինի՛՛, - եզրափակում է տիկին Ռիտան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: