Հայերեն   English   Русский  

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 675

ՀՀ նախագահի ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Նախագահի ՀՀԿ-ական թեկնածուների անունները կքննարկվեն արդեն այս շաբաթվա ընթացքում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նորընտիր նախագահը պետք է ունենա հանրային հեղինակություն, համապատասխանի մի շարք չափորոշիչների:


«Մեր երկրում կան նմանատիպ մարդիկ, իսկ անունների մասին դուք չեք կարող հիմա որևէ բան իմանալ, քանի որ այդ քննարկումները դեռ չենք ծավալել: Երբ որ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, դրա մասին մենք տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարծես ստանձնել է վարչապետի պարտականությունները և տնտեսական բլոկի պատասխանատուների հետ գնաճի վերաբերյալ քննարկումներ է իրականացնում, այն դեպքում, երբ դա ի պաշտոնե վարչապետի գործառույթն է, պատգամավորը շեշտեց՝ մինչ նոր նախագահ ընտրելը ՀՀ նախագահի լիազորությունները պատկանում են վերջինիս և նա կատարում է իր պարտականությունները: Այս գործընթացը ևս նրա լիազորությունների շրջանակներում է:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ առաքելություն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, նմանատիպ բոլոր քաղաքական պատասխանատվությունները նախագահինն են, իսկ Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է: Այն համակարգը, որ հիմա գործում է, Կարեն Կարապետյանը համաձայնեցված ձևով աշխատում է Հանրապետության ղեկավարի հետ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ նոր վարչապետի թեկնածուի հետ կապված որոշակիություն կա՞, ինչին ի պատասխան պատգամավորը նկատեց՝ ոչինչ գաղտնի չի մնա, բոլորը կիմանան այդ մասին:

«Բացարձակ նման քննարկում չենք ունեցել»,-հավաստիացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նորընտիր նախագահին, ապա խորհրդարանականը հիշեցրեց, որ վերջինս պետք է անկուսակցական լինի, ունենա բարձր հեղինակություն՝ այդ թվում՝ Սփյուռքի շրջանակներում և միջազգային հարթակներում, քանի որ խորհրդարանական կարգի համաձայն՝ նախագահի հիմնական աշխատանքը պետք է արտաքին աշխարհի հետ լինի:

«Մենք շատ ազատ ռեժիմով քննարկումներ ենք կատարում, կընտրենք մեկին, և դա կլինի քաղաքական որոշում: Նախնական քննարկման ընթացքում որևէ անուն չի հնչել: Քննարկման ժամանակ պարզապես խոսել ենք այն մասին, թե թեկնածուն ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի: Բնականաբար, պետք է արդեն անուններ քննարկենք, ընտրությունն ամենայն հավանականությամբ կլինի մարտի 2-ին»,- տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: