Հայերեն   English   Русский  

Ջրահեռացման համար որոշակի գումար կա, սակայն այն շատ քիչ է մեր հավակնոտ ծրագրի համար. Արծվիկ Մինասյան


  
դիտումներ: 813

Ազգային ժողովի նիստում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նախագծով անդրադառնում են ջրահեռացման խնդրին:

«Առ այսօր, չնայած որոշ ներդրումներին կոյուղաջրերի համակարգերի վերականգնման ուղղությամբ, հիմնական շեշտադրումը եղել է ջրամատակարարման վրա, իսկ մաքրումը հետին պլան է մղվել: Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է»,-ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ նախագծով ավելի լայն բացատրություն է տրվում, թե ինչ է կեղտաջուրը, դրա տարատեսակների նկատմամբ սահմանվում են կոնկրետ պահանջներ:

Երկրորդ` հստակեցվում է լիցենզավորման կարգը, կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կիրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տարբերություն ներկա կարգավորումներին, երբ ամբողջ համակարգն էին լիցենզավորում:

Երրորդ կարևոր փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է համայնքներում և բնակավայերում կեղտաջրերին ներկայացվող պահանջները. բոլոր համայնքները, կառավարում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն կեղտաջրերի հեռացման և մաքրման հասանելի ծառայություններ:

Հաշվի առնելով ամբողջ համակարգի կարևորությունը և ֆինասական ծանրաբեռնվածությունը, կառավարությունը առաջարկում է ժամկետներ` մինչև 2030 թվականը, որպեսզի մասնավորը ներգրավվի։ Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս պահին որևէ բեռ համայնքների և քաղաքացիների վրա ֆինանսական տեսակետից չի դրվում:

Որպեսզի ավելի շատ լինի ներդրումը մասնավորից` որպես բիզնես պրոյեկտ, ինչպես նաև պետության դրամաշնորհային քաղաքականությունն այս ուղղությամբ խթանելու, մասնավոր բարեգործական գործունեությունը խթանելու համար:

Հարցի վերաբերյալ լայն քննարկում սկսվեց: Պատգամավորներից ատերը մտավախություն հայտնեցին, որ ամեն դեպքում ծրագրի ֆինանսավորումը համայնքների վրա կդրվի:

«Ելք»-ից պատգամավորն ընդգծեց, որ թեև գաղափարը շատ լավն է, բայց համայնքենրը այդքան գումար չեն ունենա այն իրականացնելու համար.«Մասնավորի վրա եք հույս դնում, բայց համոզված եմ, որ նրանք էլ այնքան հետաքրքրված չեն լինելու»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հանձնաժողովւմ այս հարցի վերաբերյալ լայն քննարկում եղավ.«Պետությունը, ի դեմս կառավարության, հայտարարում է իր քաղաքականության մասին մինչև 2030 թվականը: Բոլոր խմբակցությունները պահանջում են, որ մենք խոսենք երկարաժամկետ պլանների մասին, թե մենք ինչ ենք ուզում անել: Սրանով մենք նախ հայտարարում ենք բարենպաստ շրջակա միջավայրի, մաքուր ջրի և հազարամյակի զարգացման նպատակների համապատասխան մեր թիրախը: Երկրորդ առաջարկում ենք, որ բոլորը ներգրավված լինենք այս գործին՝ դիտարկելով այն թե որպես բիզնես, թե որպես համայնքային ծառայություն: Գաղափարի իրականացման տեսանկյունից մենք մի քանի ռեսուրսների մասին ենք խոսում: Անգամ այսօր, երբ մենք խոսում ենք խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մասին, ապա սրանց սակագնի մեջ միշտ որոշակի գումար կա նախատեսված դրա համար: Եթե մենք հաշվենք, թե մինչև 2030 թվականը որքան կլինի այդ գումարը, ապա այն կազմում է 100 միլիոն դոլար: Այսինքն՝ անհրաժեշտ գումարը որոշակի առումով կա: Սակայն մեր հավակնոտ ծրագրի համար սա չափազանց քիչ է»:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենք ցանկացած օրենքի կողմ են, եթե այն լուծում է էկոլոգիական խնդիր, բայց ոչ վարկային միջոցների հաշվին, ոչ լրացուցիչ ծանրաբեռնվածության հաշվին. Դրամաշնորհների հաշվին կողմ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: