Հայերեն   English   Русский  

ՀԵԹՈՒՄ Ա. Հմուտ դիվանագետ-թագավորը, որ ծնվեց որպես հասարակ իշխանազուն և մահացավ` որպես ճգնավոր….


  
դիտումներ: 6277

Հայոց պատմության երևելի գործիչներից է Կիլիկիայի հայոց թագավորության գահակալ Հեթում Ա Հեթումյան արքան (1226-1270):

Պետք է նշել, որ Հեթում Ա-ն` որպես այդպիսին, երջանիկ գահակալ էր: Նա գահ բարձրացավ Կիլիկիայի հայոց թագավորության հզորության գագաթնակետին:

Առհասարակ Հեթումյանների տոհմը ծագումով Արցախից էր: Նրանք Կիլիկիայում են հաստատվել XII դարում և շնորհիվ իրենց ռազմատենչության` արագորեն ազդեցություն ձեռք բերել ու ամուր դիրքեր գրավել Կիլիկիայում: Ռուբինյանների իշխանապետության օրոք Հեթումյանները միշտ ընդդիմադիր էին` ձգտելով երկրում հասնել միահեծան իշխանության, սակայն հարկ եղած դեպքում նրանք Ռուբինյանների հետ միասին սուր էին ճոճում երկրի անկախությանը սպառնացող արտաքին վտանգի դեմ: Մինչ Հեթում Ա-ն, Հեթումյանների տոհմը շատ անվանի զորավարներ է տվել: Նրանցից ամենանշանավորը, որ հմուտ էր ոչ միայն պատերազմելու արվեստում, այլև լավ դիվանագետ էր, Լևոն Բ Մեծագործի (1187-1219) զորքերի հրամանատարն էր` Կոստանդին Գունդստաբլը:

Լևոն Բ-ն մահացավ` իր հզոր երկիրը կտակելով դստերը` Զապելին: Լևոնը երկու դուստր ուներ` Զապելը և Ալիսը: Ալիսն ամուսնացավ Կիպրոսի արքայազնի հետ: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր 2-ամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` 8-ամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի պայմանագիրը մնում է թղթի վրա:

Հետագայում Լևոնն իր դստերն ամուսնացրեց հարևան Անտիոքի դքսության երիտասարդ գահաժառանգ Ֆիլիպի հետ` նպատակ ունենալով այդ ճանապարհով իր ազդեցությանը ենթարկել Անտիոքը:

Զապելի խնամակալը հենց Կոստանդին Գունդստաբլն էր, որ հայոց իշխաններից ամենաազդեցիկն ու ամենահմուտն էր:

Լևոնի մահից հետո Ֆիլիպը, որ գահ էր բարձրացել Կիլիկիայում, սկսեց հակահայ պահվածք դրսևորել: Նա արհամարհում էր հայոց սովորույթները, Կիլիկիայի թագավորության շահերը ստորադասում էր Անտիոքի դքսության շահերին: Սա, բնականաբար, չէր կարող հանդուրժել հայոց ավագանին, և Կոստանդին պայլի գլխավորությամբ հավաքված ավագանու խորհուրդը 1225 թ. գահազուրկ է հռչակում Ֆիլիպին, որը բանտարկվում է և այնտեղ էլ կնքում մահկանացուն:

Կրկին բաց է մնում հայոց թափուր գահի հարցը: Եվ ահա, հայ իշխանների համաձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդուն` Հեթումին, ամուսնացնում է մանկահասակ Զապել թագուհու հետ և 1226 թ. հունիսի 14-ին հռչակում Կիլիկյան Հայաստանի թագավոր: Սրանով հիմք է դրվում Հեթումյանների արքայատոհմին Կիլիկիայում: Փաստորեն Հեթումը, որ ծնվել էր սոսկ որպես իշխանազուն, դեռևս պատանի` ակամա դարձավ հզոր ու բարգավաճող պետության միապետ:

Մինչև Հեթումի չափահաս դառնալը, բնականաբար, երկիրը կառավարում էր հայրը` Կոստանդինը, որ կառավարման գործին միշտ մասնակից էր դարձնում իր թագակիր որդուն` ուսուցանում և հաղորդում կառավարման և ռազմական արվեստի հմտությունները:

հեթումԴա տվեց իր պտուղները, քանզի Հեթում Ա-ի կառավարման տարիներին Կիլիկիայի թագավորության դիրքերն ավելի ամրապնդվեցին: Նա արտաքին նվաճումների չգնաց, ինչպես Լևոն Բ-ն, սակայն հուսալիորեն պաշտպանեց իր երկրի անկախությունն ու անվտանգությունը: Հեթում Ա-ի օրոք Կիլիկիայի մշակութային, տնտեսական վերելքն ավելի ամրապնդվեց:

Սակայն Հեթումի գահակալման երկրորդ շրջանում սև ամպեր կուտակվեցին հայոց աշխարհի գլխին:

1206 թ. համամոնղոլական Ղուրուլթայը ցեղապետ Տիմուչինին հռչակեց համամոնղոլական խաքան, նա ընդունեց Չինգիզ խան անվանումը և անցավ արտաքին նվաճումների: Կարճ ժամանակում մոնղոլները կարողացան նվաճել ողջ արևելքը և շարժվել դեպի արևմուտք: 1236 թ. մոնղոլները գրավեցին Հայաստանի Անի մայրաքաղաքը` իրենց ենթարկելով Զաքարյանների իշխանապետությունը: Մոնղոլների հեռահար նպատակը Եգիպտոսի սուլթանության նվաճումն էր, և նրանք, իրենց ճանապարհին ավեր ու մահ սփռելով, արշավում են դեպի արևմուտք և կանգնում Կիլիկիայի դարպասների առաջ:

Կիլիկիայի թագավորությունը պետք է կենաց և մահու գոտեմարտ մղեր` մոնղոլական վտանգը վանելու համար:

Իրավիճակը շտկելու համար Հեթում արքան մոնղոլների Բաչու Նոյին զորավարի մոտ է ուղարկում իր եղբայր և զորահրամանատար Սմբատ Գունդստաբլին: Հայոց սպարապետը կարողանում է նախնական համաձայնություն ձեռք բերել մոնղոլների հետ, սակայն Բաչուն վերջնական խոսքը թողնում է մոնղոլների խաքան Մանգու խանին:

1254 թ. Մանգու խանի հրավերով Հեթում արքան երկար ճամփորդություն է սկսում և նրան այցելում մայրաքաղաք Կարակորումում: Ճանապարհին նա Հայաստանում հանդիպում է հայոց ազդեցիկ իշխանների հետ և քննարկում նրանց հուզող շատ հարցեր, որոնք հայոց թագավորը պետք է բարձրացներ Մանգու խանի մոտ:

Այստեղ կնքվում է հայ-մոնղոլական դաշինք, համաձայն որի` առանց հայոց արքայի թույլտվության, ոչ մի մոնղոլ զորական և պաշտոնյա իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիայի թագավորության տարածք: Կողմերը կնքում են նաև ռազմական փոխօգնության պայմանագիր: Հեթում Ա-ն չմոռացավ նաև պատմական հայրենիքը և միջնորդեց Մանգու խանին զեղչել Հայաստանից գանձվող հարկերի չափը: Համաձայն պայմանագրի` հայերը արտոնություն էին ստանում ազատ առևտուր անելու մոնղոլական ողջ կայսրության տարածքում:

Այս առթիվ անվանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է. «Նուէրներ ստանալով նրանից (Մանգու խանից), ըստ արժանւոյն մեծարուեց նրանից եւ յիսուն օր մնալով այնտեղ, Մանգու խանից ստացաւ հրովարտակ, որ ոչ ոք իրաւունք չունէր նեղութիւն տալ նրան եւ իր երկրին: Նա (Մանգու խանը) տուեց ազատութեան գիր (հարկերից ազատուելու) բոլոր վայրերի (հայկական) եկեղեցիներին»:

Այս դաշինքը երկուստեք ձեռնտու էր: Մոնղոլները, ի դեմս Կիլիկիայի թագավորության, տեսնում էին հուսալի և ամուր դաշնակցի ընդդեմ ընդհանուր թշնամու` Եգիպտոսի սուլթանության: Իսկ Հեթում Ա-ն, իր երկիրը զերծ պահելով մոնղոլական ասպատակություններից, միաժամանակ նրանց զորակցության շնորհիվ սաստեց իր անբարեհաճ հարևանների` Իկոնիայի սուլթանության, Հալեպի ամիրայության և Եգիպտոսի ոտնձգությունները: Միաժամանակ, Հեթում Ա-ն իր տերությանը կցեց նաև Գամիրքի մի շարք հարավային` սահմանամերձ շրջաններ և Ասորիքի հյուսիսային մասը` Հալեպ և Դամասկոս քաղաքներով:

Դաշինք կնքելով մոնղոլների հետ` Հեթումը պահպանեց բարիդրացիական կապերը Արևմուտքի, հատկապես` խաչակիր օրդենների հետ` հարկ եղած դեպքում համագործակցելով նաև նրանց հետ:

Այս դաշինքն առաջացրեց Եգիպտոսի սուլթանության զայրույթը, և 1266 թ. սուլթան Բեյբարսը մեծ բանակով ներխուժեց Կիլիկիա և ավերածություններ գործեց: Ճակատամարտի ժամանակ գերվեց Հեթումի ավագ որդին և գահաժառանգը` Լևոնը, որ հետագայում թագավորեց որպես Լևոն Գ արքա (1270-1289): Հեթում Ա-ն զիջումների գնով կարողացավ չեզոքացնել ահեղ ախոյանին և ազատել գերությունից որդուն: Այս հարվածը, սակայն, ծանր տարավ արքան, որ 1270 թ. հօգուտ որդու` Լևոնի հրաժարվեց գահից, Ակների վանք մտավ և եղբայր Մակար անունով ճգնավոր դարձավ: Այնտեղ էլ, շատ չանցած` 1270 թ. հոկտեմբերի 28-ին, կնքեց մահկանացուն:

Հեթում Ա-ն իր պետության մեջ և միջազգային առևտրին զարկ տալու նպատակով ոսկե, արծաթե և պղնձե դրամներ է հատել: Հեթում Ա-ի օրոք Կիլիկիայի թագավորությունն ընդլայնեց իր առևտրական կապերը Վենետիկի, Ջենովայի հանրապետությունների, հեռավոր եվրոպական թագավորությունների հետ, նրա կնքած պայմանագրի շնորհիվ, փաստորեն, մոնղոլական կայսրության ողջ տարածքում հայոց առևտուրը զարգանում էր առանց խոչընդոտների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: