Հայերեն   English   Русский  

Սկսում ենք նախապատրաստվել մրցաշրջանին. Հաբեթնակ Կուրղինյան


  
դիտումներ: 529

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հունվարի 20-ից փետրվարի 3-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ասաց, որ սա այս տարվա առաջին հավաքն է, որից հետո ըմբիշները փետրվարի 6-ին Իրանում կմասնակցեն «Թախտիի գավաթին»: Այնուհետեւ ազգային հավաքականն Օլիմպավանում տասնօրյա հավաք կանցկացնի եւ հանդես կգա Կիեւի միջազգային մրցաշարում:

«Այս երկու մրցաշարերից հետո կսկսենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Կասպիյսկում (Դաղստան) ապրիլի 30-ից մայիսի 6-ը: Եթե զգանք, որ որեւէ մեկը մրցաշարային պրակտիկայի պակաս ունի, դեռ տարբերակ ունենք՝ Խարկովի մրցաշարը: Մայրցամաքի առաջնությունից առաջ Վլադիկավկազում վերջին հավաքը կանցկացնենք:

Ծաղկաձորում հավաքականի առաջին համարների հետ մարզվում են նաեւ երիտասարդները՝ ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք հավաքը կավարտեն փետրվարի 1-ին, քանի որ հաջորդ օրը թիմը պետք է մեկնի Մոլդովա՝ միջազգային մրցաշարի:

Հայաստանի հավաքականի անդամներ Գեորգի Կետոեւը եւ Լեւան Բերիանիձեն այս օրերին հանդես են գալիս Հնդկաստանի ակումբային առաջնությունում: Նրանք պայքարում են նույն թիմում եւ բավականին հաջող: Ինչպես գիտեք, նրանք Հայաստանում խնդիրներ ունեն կապված մարզումային մրցակիցների հետ: Ծանր քաշերում դա մեր ավանդական խնդիրն է: Հնդկաստանի մրցաշարն ուժեղ կազմ է հավաքել, եւ մեր մարզիկները լավ պրակտիկա են ձեռք բերում: Նրանք բաց կթողեն Իրանի եւ Ուկրաինայի մրցաշարերը: «Թախտիի գավաթին» կմասնակցի Անդրանիկ Գալստյանը (125 կգ): 97 կգ քաշային կարգում խնդիրն ավելի բարդ է, քանի որ Շամիր Աթյանն այժմ հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում»,-ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճայինների այսօրվա առավոտյան մարզումը սկսվեց դահուկավազքով, ինչը, մարզչի խոսքով, ֆիզիկական օգտակար ծանրաբեռնվածություն է: Առաջին հավաքի ժամանակ շեշտը դրվում է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա, այնուհետեւ աստիճանաբար կտեղափոխվեն գորգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: