Հայերեն   English   Русский  

​Ատամների խնամքը հին ժամանակներում


  
դիտումներ: 3037

«Լավ, բա ի՞նչ են արել հնում ատամների խնամքի համար»,- այս հարցը, անկասկած, ժամանակ առ ժամանակ շատերն են տվել:

Դժվար է այսօր պատկերացնել, որ կար ժամանակ, երբ չկային ատամի խոզանակն ու մածուկները, պարագաներ, առանց որոնց առավոտյան հիգիենիկ ծիսակարգը կիսատ կլիներ:

Բնական ու տրամաբանական հետևյալ հարցը նույնպես բոլորիս գլխում փայլատակած կլինի. «Ո՞ր կենդանին է խոզանակով ատամ մաքրում»:

Ի տարբերություն մեզ, կենդանիներն իրենց խնդիրները (սննդի մնացորդներից ազատում) լուծում են ծամելով, որոճալով, լիզելով:

Պատմաբանները ենթադրում են, որ նախնադարյան մարդը բերանի խոռոչի մասին հոգ է տարել ծառերի խեժ, մեղվամոմ ծամելով: Սա սոսկ ենթադրություն է, քանի որ հավաստի ապացույցներ չեն հայտնաբերվել:

Բերանի խոռոչի խնամքի վերաբերյալ առաջին հիշատակումները հանդիպում են Հին Եգիպտոսում: Որպես ատամի խոզանակ այնտեղ կիրառվել են միսիվակ ծառի ծամվող բարակ ճյուղերը:

Գիտնականներին հաջողվել է վերծանել հին եգիպտական մի արձանագրության մեջ նկարագրվող ատամի մածուկի կամ փոշու պատրաստման առաջին բաղադրատոմսը, որի մեջ ցուլի ներքին օրգանների մոխիր է, մանրացրած չեչաքար, ձվի կճեպ ու զմուռս: Մեկ ուրիշ բաղադրատոմսի բաղադրիչներից են մանրացրած խունկը, զմուռսը, մաստիկենու ճյուղերը, ճզմած չամիչն ու ոչխարի կոտոշի փոշին: Դրանք լուրջ թերություն ունեին. հղկանյութի առատությունը վնասում էր ատամնաէմալը: Ու թերևս դա հանգեցրեց նոր միջոցներ ստեղծելու անհրաժեշտության:

Հին Հնդկաստանում առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում ատամների խնամքին, չէ՞ որ դրա մասին ինքը՝ Բուդդան էր ասում: Որպես մաքրող միջոց այնտեղ կիրառում էին խոշոր եղջերավորների սմբակներից ու կոտոշներից ստացված մոխիրը: Իսկ սննդի մնացորդներից ազատվելու համար կիրառում էին ատամփորիչներ և հատուկ լեզվի ու այտերի ստորին կողմի քերակներ:

Միջերկրականի բնակիչները՝ հույները և հռոմեացիները, առաջինն էին, որ սկսեցին բուժել ատամները, իսկ Հիպոկրատն առաջինը նկարագրեց բերանի խոռոչի հիվանդությունները:

Հիվանդ ատամների հեռացման համար հնում գործածում էին պողպատյա գործիքներ, իսկ բերանի խոռոչը ողողում էին ծովի ջրով կամ գինով:

Մեր հազարամյակ

Միջնադարյան Եվրոպան տարբերվում էր: Բանն այն է, որ այն ժամանակ գեղեցիկ, մարգարտյա ճերմակ, առողջ ատամներ ունենալը վատ ճաշակի մասին էր հուշում: Արիստոկրատները միտումնավոր տաշում էին առողջ ատամները, երբեմն՝ ընդհուպ լնդերը ու հպարտանում էին անատամ բերաններով: Իսկ առողջ ատամները խոսում էին տիրոջ ցածր ծագման մասին:

XVII դար.Պետրոս Առաջինին անհանգստացնում է իր բոյարների ատամների վիճակը: Նա խորհուրդ է տալիս ատամփորիչներ գործածել, ածուխ ու կավիճ ծամել և ատամները խոնավ լաթով մաքրել:

XVIII դար. Մեծ Բրիտանիայում ի հայտ է գալիս ատամները մաքրելու փոշին, որը շատ նման էր այսօրվա արտադրանքին. դրա բաղադրության մեջ օճառ էր, մանրացրած կավիճ ու դաղձ: Այս նորույթը հասանելի էր միայն բնակչության բարձր խավին: Իսկ դրա կիրառման համար գործածում էին խոզանակ, որը նույնպես ժամանակակից խոզանակ էր հիշեցնում, սակայն ոսկրե պոչ ուներ ու խոզի մազից էր պատրաստված: Իսկ աղքատները շարունակում էին ատամները մաքրել մատին քսված մոխրով, փայտածուխով:

XIX դարում արդեն եվրոպացիները սկսում են շաքար օգտագործել ու հետն էլ թարմ շնչառության մասին անհանգստանալ: Նոր միջոցները պետք է ոչ միայն ատամնափառը վերացնեին, այլև հոտազերծող ազդեցություն ունենային, որ բերանի տհաճ հոտը ոչնչացնեին: Դրա համար դաղձի յուղ են կիրառում: Այդ նույն ժամանակ ատամների մաքրման փոշու մեջ ավելացվում է փրփրող ազդեցությամբ մաքրող միջոց ու գլիցերին: Ու կարծես թե այն արդեն և՛ լավ համ ուներ, և՛ լավ էլ մաքրում էր, սակայն սպառողներն այնքան էլ հիացած չէին դրանով, քանի որ անհարմար էր կիրառելու և փաթեթավորման իմաստով: Այն ժամանակներում այդ միջոցը լցնում էին թղթե ծրարների մեջ: Հասկանալի է, չէ՞, որ առավոտյան քնաթաթախ ատամները մաքրելու ընթացքում դժվարությամբ էր հաջողվում առանց թափելու այն գործածել: Սակայն այլ տարբերակ չկար:

Եվ ահա 1873-ին դժգոհ սպառողներին օգնության է գալիս ներկայում հայտնի ընկերություններից մեկը, որը ամերիկյան շուկա է հանում ատամնափոշու հեղուկ տարբերակը՝ դաղձի համով: Սակայն սպառողին դժվար է գոհացնելը, քանի որ հիմա էլ նոր մածուկն ապակյա տարայից վերցնելիս էր նա դժվարանում:

1892-ին Վաշինգտոն Շեֆիլդը (մասնագիտությունը՝ ատամնաբույժ) հեղափոխական հայտնագործություն է կատարում. հենց նա է առաջինը ստեղծում ծալվող փաթեթը՝ պարկուճը: Իհարկե ասում են, որ նա այդ գաղափարը փոխ էր առել նկարիչ Ջոն Ռենդից, որը անագե պարկուճներ էր ստեղծել իր ներկերի համար:

1896-ին «Colgate»-ն արտադրում է հատուկ տեխնոլոգիայով արտադրված ատամի մածուկներ, որոնք շատ շուտով գրավում են Ամերիկան ու Եվրոպան:

Մեր ժամանակներ

XX դարի առաջին կեսին ատամի մածուկների մեծ մասի բաղադրության մեջ օճառ կար, դաղձի ու նվենու յուղ, ելակի ու այլ խտանյութեր: Քիմիական արդյունաբերությունը մեծ թափ է ստանում Երկրորդ աշխարհամարտից հետո, և շուտով ատամի մածուկի օճառը փոխարինվում է sodium lauryl sulfate և sodium ricinoleate-ով:

Այն ժամանակներում շատ լայն տարածում ուներ ատամնափոշին, ու միայն 50-ականներից հետո ԽՍՀՄ-ի վաճառասեղաններին հայտնվեցին հայրենական արտադրության մածուկները:

Proctor & Gamble ընկերությունն առաջինն էր, որ 1956-ին արտադրեց ֆտորի պարունակությամբ մածուկներ (ֆտորը նպաստում է ատամնաէմալի ամրացմանը):

Այսօր արդեն դժվար է ասել, թե քանի տեսակ մածուկ է արտադրվում:

Ատամի մածուկի վրա նշումներ կան, որոնց հիմնականում ուշադրություն չենք դարձնում, սակայն վերջերս նաև տեղեկություն տարածվեց ատամի պարկուճի վրա գունավոր մակնշումների վերաբերյալ: Դրանք, փաստորեն, ընդգծում են սինթետիկ բաղադրիչների հարաբերակցությունը բնականի հետ. սևը, օրինակ, նշանակում է, որ այն 100% սինթետիկ միացություններ է բաղադրում, կապույտը 80% քիմիական ու 20% բնական նյութերից է, կարմիրը՝ 50/50%, այսինքն հավասար հարաբերակցությամբ է, կանաչը՝ 100%-անոց բնական արտադրանք է:

Հետաքրքիր փաստեր

  • Մարդն իր ամբողջ կյանքում ատամների 2 լրակազմ է փոխում. երեխաների մոտ սկզբում 20 կաթնատամ է դուրս գալիս, իսկ տարիքի հետ դրանց փոխարինում են 32-ը:
  • Հիպոկրատն է առաջին ատամները կաթնատամ անվանել, քանի որ նշանավոր բժիշկը համոզված էր, որ դրանք ձևավորվում են կաթից:
  • Շատ նշանավոր մարդկանց ատամներ վերածվել են հուշանվերների: 1816-ին մի արիստոկրատ 3300 դոլարով ձեռք է բերել մեծ գիտնական Իսահակ Նյուտոնի ատամն ու այն տեղադրել մատանու վրա:
  • Զարմանալի է, որ խխունջները մոտ 25 հազար ատամ ունեն:
  • Ճապոացի գիտնականները 14 000 մարդու կենսակերպը վերլուծելուց հետո զարմանալի եզրակացություն են արել. պարզվում է, որ օրական առնվազն 3 անգամ ատամ մաքրողների շրջանում ավելորդ քաշի խնդիր քիչ է հանդիպում:
  • Ատամների համար վտանգավոր մասնագիտություններից է հոկեյը: Խաղադաշտում ատամ կորցնելու վտանգը խիստ մեծ է. պրոֆեսիոնալ հոկեյով զբաղվողների 68%-ը «մարտի դաշտում» զրկվել է ատամից:
  • Ատամների մաքրումը լրջագույն պրոցես է, որի համար Հին Հռոմում նույնիսկ հատուկ ստրուկների են պահել:

1869-ին առաջինը ատամնաբույժ Վիլյամ Սեփլն է հղացել այն միտքը, որ ծամոնի մեջ կարելի է շաքար ավելացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: