Հայերեն   English   Русский  

Բեյրութում տեղի կունենա «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում


  
դիտումներ: 1068

Բեյրութի Թեքեյան կենտրոնում փետրվարի 5-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակին:

Միջոցառումը հովանավորում է Լիբանանի տեղեկատվության նախարարությունը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառը, բացման խոսք կունենա «Զարթոնք»-ի երկարամյա աշխատակից Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը:

Միջոցառման ընթացքում նախատեսված է երեք զեկույց ներկայացնել: Հայկազյան համալսարանի «Սփյուռքի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Տագեսյանը հանդես կգա «Սփյուռքահայ մամուլը. լինե՞լ, թե՞ չլինել» թեմայով զեկույցով: Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք»-ի կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը կխոսի «Պատառիկներ «Զարթոնք»-ի գրական մտքի քննական դեգերումների» թեմայի վերաբերյալ: Միջոցառմանը կմասնակցի նաև «Զարթոնք»-ի գործընկեր «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով հանդես կգա ««Զարթոնք»-ը համահայկական լրատվության համապատկերում. մտորումներ ապագայի լրատվության մասին» զեկույցով:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում կցուցադրվի «Զարթոնք»-ի մասին տեղեկություններ ներկայացնող տեսահոլովակ, որը կներառի նաև Հայաստանի ազգային գրադարանում «Զարթոնք»-ի 80-ամյակին նվիրված միջոցառումից հատվածներ:

Շնորհակալական խոսքով հանդես կգա «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, կներկայացվի օրաթերթի 80-ամյակի կապակցությամբ «Զարթոնք»-ի հատուկ հրատարակությունը: Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես կգա Թեքեյան մշակութային միության հիմնադիրների մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: