Հայերեն   English   Русский  

​Զբոսաշրջիկներին կդիմավորեն ձնառատ Աշոցքում


  
դիտումներ: 6851

Շիրակի մարզի Աշոցք գյուղը վերածվում է դահուկային տուրիզմի կենտրոնի:

Եվրամիության Հայաստանյան գրասենյակը Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագիր է մշակել համայնքների զարգացման համար: Զբոսաշրջությունը դեպի համայնքներ ուղղելը ոչ միայն հայկական աշխարհը ճանաչելի է դարձնում աշխարհում, այլև նպաստում է տվյալ համայնքի տնտեսական զարգացմանը: Միայն 2018 թվականի գործողությունների ծրագրի ֆինանսական փաթեթը 40 մլն եվրո է կազմում: Այդ ծրագրի մի մաս է կազմում հենց Աշոցքում դահուկասպորտի զարգացումը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին է ներկայացնում՝ ԵՄ- ծրագրում ընդգրկված է երկու պատճառով.

՛՛Առաջինն այն է, որ մենք ցանկանում ենք Հայաստանում խրախուսել առողջ ապրելակերպը: Հույս ունենք, որ ընտանեկան մարզաձև համարվող դահուկավազքը կդառնա յուրաքանչյուր ընտանիքի կյանքում կարևոր: Երկրորդ՝ ցանկանում ենք օժանդակել այս տարածաշրջանի զարգացմանը՛՛:

Զբոսաշրջություն զարգացնելն էլ ինքնանպատակ չի կարող լինել, այստեղ հարկավոր են մշակված ու հստակ ծրագրեր: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն է նշում՝ լուրջ երկխոսություն է սկսվել Հայաստանի մարզերում զբոսաշրջությունը զարգացնելու համար:

՛՛Զբոսաշրջությունն ինքնանպատակ չէ, խնդիրը միայն զբոսաշրջիկների քանակ ավելացնելը չէ, այլ զբոսաշրջիկին մեր երկրում հետաքրքիր զբոսաշրջային արդյունք և հետաքրքիր գրավչություններ ներկայացնելն է: Ինչպես նաև զբոսաշրջության ապասեզոնայնությունը, այսինքն՝ տարվա չորս եղանակներին հետաքրքիր անելիքներ տալու հնարավորությունը՛՛, - ասում է Զեյթունցյանը: Երբ այս բոլորը մշակվի՝ կստեղծվեն և նոր աշխատատեղեր, համայնքի համար կապահովվի կայուն տնտեսական զարգացում:
Աշոցքի ընտրությունը պատահական չէ, նախ այտեղ դահուկային սպորտի մեծ ավանդույթ կա, տարվա զգալի մասը ձյունածածկ է, գյուղով անցնում է միջպետական M1 ճանապարհը: Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն Աշոցքի առավելություններն այսպես է մեկնաբանում. ՛՛Տեղանքը բավականին լավն է, ունի կտրված ռելիեֆ, բացի դրանից, շուտով այստեղից կանցնի Հյուսիս-հարավ ճանապարհը. դա ևս մեծ նշանակություն ունի: Աշոցքն ընտրվել է նաև այն պատճառով, որ հարևան է Վրաստանին. վրացիներն էլ կարող են օգտվել մեր սպորտային ծառայություններից՛՛:
Աշոցքում էր նաև Ավստրիայի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը, ով նաև դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի անդամ է: Նա ժամանել էր տեղանքը տեսնելու և միջազգային ֆեդերացիային ներկայացնելու նպատակով:
Աշոցքը ձմեռային տուրիզմի կենտրոն դարձնելու ճանապարհին դեռ շատ անելիքներ կան, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումից մինչև սննդի օբյեկտների հիմնում, ինչի առկայություն դեպքում միայն հնարավոր կլինի այստեղ միջազգային առաջնություններ կազմակերպել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: