Հայերեն   English   Русский  

Կմենամարտեմ միայն չեմպիոնական գոտու համար. Վիկ Դարչինյան


  
դիտումներ: 303

Այս օրերին Երեւանում է պրոֆեսիանալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Բռնցքամարտիկին հայրենիք բերել է կարոտը:

Վերջին շրջանում պրոֆեսիանալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դարչինյանը պատմեց, թե ինչն էր նրան ստիպել երկար դադարից հետո նորից ռինգ մտնել, ինչով է զբաղվում այս պահին եւ ինչ նպատակներ ունի կարիերան ավարտելուց հետո.

«2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց, Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի:

Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան՝ վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի վատ բռնցքամարտիկ էր, ուներ ե´ւ հաղթանակներ, ե´ւ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի եւ ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին:

Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: Այն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան:

Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, եւ գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ:

Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչեւ այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ՝ բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը:

Մարզիկի կարիերայի ավարտից հետո թե ինչով կզբաղվի՝ Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է առաջարկներ շատ կան, պետք է մտածել:

«Ցանկանում եմ օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում եմ երկու հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Ուզում եմ ակումբ հիմնել ԱՄՆ-ում»,- նշեց մարզիկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: