Հայերեն   English   Русский  

Դեբեդ և Շնող գետերից նմուշառումը սահմանային նորմայից ավել աղտոտում չի հայտնաբերել. Արծվիկ Մինասյան


  
դիտումներ: 1012

Ազգային ժողովում այսօր ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը վերաբերում էր Թեղուտի հանքի հետ կապված զարգացումներին:

«ՀՀ կառավարությունը 25 տարվա պայմանագիր էր կնքել «Վալլեքս» ընկերության հետ Թեղուտի հանքը շահագործելու և ներդրումներ կատարելու համար: Վերջերս ընկերությունը լուծել է 1200 աշխատակցի պայմանագիր: Ուզում եմ իմանալ արդյոք այդ պայմանագիր նախատեսում է որևէ պատիժ կամ սանկցիա նմանատիպ դեպքերում: Ինձ հետաքրքրում է նաև, թե արդյոք գնահատվել է այն վնասը, որ հասցրել են Շնողի և Դեբեդ գետեր հոսած՝ Թեղուտի պոչամբարի թունավոր նյութերը»:

Ազգային ժողովում երկար քննարկվեց, թե որ նախարարը պետք է պատասխանի, քանի որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը բացակայում էր:

«Ինձ հետաքրքիր է ՝ Բնապահպանության նախարարը ոչինչ չունի՞ ասելու»,- հարցրեց Մանե Թանդիլյանը:

Ի վերջո, խոսափողին մոտեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Բնապահպանական տեսչական մարմինը իրականացրել է փորձանմուշի վերցնելու գործընթացը: Չի հայտնաբերվել որևէ սահմանային նորմայից ավել աղտոտում կամ առհասարակ աղտոտում չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է գործունեության դադարեցմանը կամ կասեցմանը, կա պաշտոնական հայտարարությունը, որտեղ ամրագրված են նաև միջազգային փորձագետների ներգրավման մեխանիզմները, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք նաև ստանանք փորձագետների եզրակացությունը: Թեղուտի մասով ընդլայնման նախագիծը լրամշակման է ուղարկվել նաև այդ տիպի հարցերին պատասխան ստանալու նպատակով»:

«Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մինասյան, դուք հերքո՞ւմ եք, որ պոչամբարն ունի ճաքեր, ինչի արդյունքում թունավորված ջուրը հոսել է դեպի Շնող և Դեբեդ գետեր»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը:

«Ես ասացի, որ իրականացվել է նմուշառում և չի հայտնաբերվել որևէ բացասական կամ սահմանային նորմաներից ավելի աղտոտում: Մնացածի մասին ավելի ճիշտ կլինի խոսել փորձագետների աշխատանքից հետո»,-ասաց Արծվիկ Մինասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: