Հայերեն   English   Русский  

​Ալցհեյմերի հիվանդության հանգեցնող գործոններ


  
դիտումներ: 3093

Գոյություն ունեն կենսական 6 հիմնական գործոններ, որոնք նպաստում են այս հիվանդության զարգացմանը: Ալցհեյմերի հիվանդությունը զրկում է շատերին աշխատունակությունից, քայքայում ոչ այնքան մեծահասակ ու դեռևս էներգիայով լեցուն մարդկանց ուղեղը: Այս հիվանդության զոհ են դարձել շատ նշանավոր մարդիկ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իռլանդացի գրող, «Սև արքայազն» վեպի հեղինակ Այրիս Մերդոկը, Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետներ Հարոլդ Վիլսոնը, Մարգարեթ Թետչերը, Իսպանիայի փոխվարչապետ Ադոլֆո Սուարեսը, դերասաններ Շոն Քոներին, Անի Ժիրարդոն և այլք:

Գիտնականները 6 հիմնական գործոններ են նշում, որոնք կարող են նպաստել այս հիվանդության զարգացմանը:

1. Եթե 65-ն անց եք: Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 65-ն անց մարդկանց 10%-ը և 85-անց տարիքի մարդկանց 50%-ը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Բայց դա չի նշանակում, որ երիտասարդները պետք է թեթևացած շունչ քաշեն՝ մտածելով, որ մինչ այդ տարիքին հասնելը դեռ շատ կա: Արդի ուսումնասիրությունների համաձայն՝ ամեն 5 տարին մեկ 65-ից ցածր տարիքային խմբերում կրկնապատկվում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների թիվը:

2. Եթե կին եք: Այս գործոնի հետ նույնպես ոչինչ անել հնարավոր չէ ինչպես և առաջինի դեպքում: Մնում է միայն համակերպվել այն փաստի հետ, որ կանայք, տղամարդկանց համեմատ, ավելի են ենթակա այս հիվանդության վտանգին:

3. Եթե ունեք կամ ունեցել եք այս հիվանդությամբ տառապող հարազատ, բարեկամ: Ընդ որում, այս դեպքում հիվանդությունը զարգանում է 65-ից հետո:

4. Եթե ձեզ ծեծել են, եթե գլխին բութ, կոշտ բանի հարված եք ստացել: Հետազոտություններ են կատարվել, որոնք հաստատել են Ալցհեյմերի հիվանդության ու գլխին ստացած լուրջ վնասվածքի կապը:

5. Եթե ծխում եք, խմում, սիրում եք համեղ ուտել, այն էլ ոչ օգտակար սնունդ, քիչ եք շարժվում ու օրվա մեջ որոշակի ռեժիմ չունեք: Հաստատվել է, որ սիրտ-անոթային հիվանդությունները, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը նույնպես մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

6. Եթե բարձրագույն կրթությունը պարտադիր չեք համարել, քիչ եք կարդում, չեք հետաքրքրվում արվեստով, թանգարանն ու թատրոնը ձերը չեք համարում: Գիտնականները դեռևս չեն կարողանում գիտականորեն բացատրել այս փաստերի ու Ալցհեյմերի հիվանդության զարգացման կապը, սակայն սա անվիճելի փաստ է այսօր: Կրթության ու ինտելեկտուալ զբաղվածության ցածր մակարդակը նույնպես մեծացնում է հիվանդանալու վտանգը:

Ուրեմն պարզ է, թե հիմնականում որ գործոններն են նպաստում Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Սակայն մի բան գոնե կարող ենք անել՝ ծեծկռտուքի մեջ չընկնել, պահպանել գլուխը հարվածներից, զբաղվել առողջությամբ, ծխելը թողնել ու սկսել մարզվել, շատ կարդալ ու շարունակել կրթվել՝ չբավարարվելով ձեռք բերածով:

Հիվանդության զարգացման նախանշանները

Երբ հոգեբաններին հարցնում են, թե ինչու է դեմենցիայի բուժումն այդքան ձգձգվում ու այնքան էլ արդյունավետ չէ, որքան ակնկալվում էր, ապա մասնագետները փորձում են հարցին հարցով պատասխանել. «Ե՞րբ եք հիվանդին առաջին այցելության բերել ու ի՞նչ վիճակով»: Այլապես ստացվում է, որ հիվանդի և՛ հիշողությունն է տուժել, և՛ ինտելեկտը, իսկ հարազատներն ու մտերիմները, չգիտես ինչու, դա նկատել են այն փուլում, երբ արդեն կենդանի չէ գլխուղեղի բջիջների մեծ մասը: Մինչդեռ բժշկից պահանջում են հիվանդին դարձնել այնպիսին, ինչպիսին էր մինչ ախտանշանների ի հայտ գալը: Իսկ այդ վիճակին չհասնելու համար հավանաբար պետք է իմանալ, թե որ ախտանշաններին պետք է ուշադրություն դարձնել ու ժամանակին դիմել մասնագետին: Ահա հասարակ ու պարզ նախանշաններ, որոնց արտահայտության դեպքում պետք է զգոն լինել;

Առաջինը ու վաղաժամ արտահայտությունը հիշողության թուլացումն է, որ հիվանդն ինքն էլ է զգում ու դրա կապակցությամբ արդեն ինքն է տագնապում: Նախնական փուլում հիշողության հետ կապված ի հայտ եկած խնդիրները կարող են երկար ձգվել, ու դա այն միակ ֆունկցիան է, ի դեպ, որը հաստատ տուժում է: Ո՛չ քննադատելու ունակությունը, ո՛չ ինտելեկտը, ո՛չ էլ այլ հոգեբանական ֆունկցիաները չեն տուժում:

Ինչպե՞ս է տուժում հիշողությունը: Բավական ընտրովի, այսինքն՝ սկզբում մոռացվում են ընթացիկ իրադարձությունները, իսկ հետագայում՝ ժամանակի ընթացքում կատարվածը: Սակայն տուժում է հիմնականում էպիզոդիկ կամ էլ ինքնակենսագրական հիշողությունը: Ընդ որում, սեմանտիկ հիշողությունը՝ ընդհանուր գիտելիքներն ու պատկերացումները, ինչպես նաև պրոցեդուրային հիշողությունը, այսինքն՝ սովորելու ունակությունն ու հմտությունը անփոփոխ են մնում:

Այս հիվանդության դեպքում ինքնակենսագրական հիշողության խանգարման առանձնահատկություններ կան.

- Մեծ տարբերություն կա անմիջական, սովորելուց անմիջապես հետո ու հետաձգված՝ սովորելուց որոշ ժամանակ անց սովորածի միջև: Ու եթե սովորելուց անմիջապես հետո հիվանդները կարողանում են կրկնել այն, ինչ նրանցից պահանջվում էր հիշել, ապա որոշ ժամանակ անց, ցավոք, դա մոռացվում է:

- Սովորածի մասին հուշումները ոչ մի կերպ ընդհանուր պատկերը չեն բարելավում, հիվանդը չի կարողանում հիշել, թե ինչ է սովորել:

- Հիվանդը ոչ միայն դժվարանում է հիշել ու վերարտադրել սովորածը, այլև ընտրություն կատարել առաջադրանքների մեջ: Օրինակ՝ եթե նրան խնդրեք հիշել խնձորը կամ էլ տանձը. ապա նա չի կարող հիշել, թե հատկապես ինչը պետք է մտապահեր:

- Տուժում է նաև ընտրովի հիշողությունը, այսինքն՝ հիշելու բոլոր ճիգերի դեպքում իսկույն կողմնակի, անպետք նյութեր են կպչում, որոնք ոչ մի կապ չունեն առաջադրանքի հետ:

- Տուժում է նաև տարածական երևակայությունն ու ճանաչողական պրոցեսը. հիվանդները դժվարանում են որոշել ժամանակը՝ ըստ ժամացույցի սլաքների, դժվարությամբ են կողմնորոշվում տարածության մեջ:

Բնորոշ է խոսքի խանգարումը հիվանդության նախնական փուլերում. դա կոչվում է անոմիա, կամ, եթե հունարենից փոխադրվի՝ «չանվանում», հիվանդը չի կարողանում իրեն ցույց տրված առարկայի անունն ասել, չնայած լրիվ կարող է բացատրել, թե այն ինչի համար է ու ինչ են դրանով անում:

Սրանք են այն ախտանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել Ալցհեյմերի հիվանդության նախնական փուլում: Իսկ հիմա յուրաքանչյուրն իր համար կարող է թեստ անցնել ու պարզել՝ անհանգստանալու պատճառ կա՞, թե՞ ոչ:

-----

Սա հիվանդություն է, որը պայմանավորված է գլխուղեղի բջիջների մեռուկացմամբ ու հիշողության, ինտելեկտի կորստով, ինչպես նաև զգացմունքային ու վարքի լուրջ խնդիրներով: Բնույթով նենգ հիվանդություն է, որն ախտահարում է դեռևս ոչ այնքան ծեր ու առույգ մարդկանց. սովորաբար դա այն տարիքն է, երբ մարդը հասարակության մեջ ինչ-որ դիրքի ու բարեկեցության է հասել, երեխաները մեծացել ու ինքնուրույն են դարձել: Վերջապես նրան իրենով զբաղվելու հնարավորություն է ընձեռվել՝ տեղափոխվել ամառանոց, ճանապարհորդություն կատարել, հիշել հին հոբբին ու զբաղմունքները, որոնցով ոչ մի կերպ զբաղվելու ժամանակ չէր գտնում:

Այս հիվանդության պատճառները դեռևս բացահայտված չեն, իսկ առաջացման մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն:

Առաջինն այս հիվանդությունը նկարագրել է գերմանացի գիտնական Ալոիս Ալցհեյմերը, որի անունով էլ անվանել են այն: Այսօր Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական տկարամտության հիմնական պատճառներից է համարվում (բոլոր դեպքերի 35-40%-ը): Հիվանդների թիվն ավելանում է: Վերջին տարիներին 24 մլն-ից (2001-ի տվյալներով) հասել է 40 մլն-ի (2011 թ.): Ամենամեղմ կանխատեսումներով՝ 2050-ին հիվանդների թիվը կհասնի 100 մլն-ի:

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների թվի աճը պայմանավորված է զարգացած երկրներում կյանքի տևողության մեծացմամբ: Բանն այն է, որ թոշակային տարիքի մարդկանց մոտ հիվանդանալու հավանականությունը երկու անգամ ավելի է: Ռիսկի գործոններից է նաև գենոտիպը: Կարծիք կա, որ հիվանդությունը կարող է գեներով փոխանցվել:

Շաքարախտ. սա ևս հիվանդության զարգացման պատճառներից է համարվում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն անդրադառնում է անոթների ու նյարդային բջիջների վրա: Կարելի է առանձնացնել անոթային հիվանդություններով պայմանավորված ռիսկի մի խումբ. արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, ծխելը, խոլեստերինի բարձր մակարդակը, լիպիդները: Վերջապես, էական գործոն է ընդունվող դեղորայքը: Տարեց մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ տարբեր դեղեր են ընդունում: Ու ստացվում է, որ մի հիվանդության դեմ ուղղված դեղամիջոցը հրահրում է մեկ այլ հիվանդություն:

Ախտորոշումը

Սա դժվար ախտորոշվող հիվանդություն է, ինչը, որպես կանոն, կատարվում է միայն մնացած բոլոր հոգեկան խանգարումների բացառման ճանապարհով: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ստացվում է ուղեղի շատ հստակ եռաչափ պատկեր, ինչը հնարավորություն է տալիս 97% հավանականությամբ ախտորոշելու հիվանդությունը:

Բուժումը

Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, նույնիսկ ճիշտ ախտորոշման դեպքում էլ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը դժվարություն է ներկայացնում: Կա դեղորայք, որը որոշ ժամանակով հետաձգում է հիվանդության զարգացումը, բարելավում ուղեղի գործունեությունն ու որոշ հոգեկան ֆունկցիաներ: Բուժումն արդյունավետ կլինի, եթե այն սկսվի հիվանդության վաղ փուլում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: