Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏ


  
դիտումներ: 5471

Գրիգոր Զ Ապիրատ կաթողիկոսի գահակալության շրջանը երանելի ժամանակաշրջան էր հայոց պատմության մեջ: Կիլիկիայի հայոց իշխանությունը վերելքում էր, և Լևոն Բ Մեծագործ իշխանին արքայական թագից կես քայլ էր բաժանում:

Արքայության հասնելու համար Լևոն Բ-ին անհրաժեշտ էր ազգային իղձերի իրականացման գաղափարի շուրջ համախմբել բոլոր կարող ուժերին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին: Սակայն եկեղեցու ծրագրերի մեջ չէր մտնում հայոց անկախ թագավորության տեսլականը, և նախկին կաթողիկոսներն ամեն ինչ արեցին՝ վիժեցնելու Կիլիկիո իշխանի ձգտումները: Գրիգոր Ե Քարավեժը բացահայտ ըմբոստացավ Լևոն Բ Ռուբինյանի դեմ, բայց ամբարտավան կաթողիկոսը պատժվեց:

Կիլիկիո հզոր իշխանը պետք է կազմակերպեր նոր կաթողիկոսի ընտրությունը: Եվ, բնականաբար, նրա ընտրությունը պետք է կանգ առներ այն անձի վրա, որը հավատարիմ և նեցուկ կլիներ հայոց իղձերի իրականացմանն ու հայոց գահին:

Կաթողիկոսական գահի երկու թեկնածու կար՝ հայոց եկեղեցում մեծ հեղինակություն վայելող Ներսես Լամբրոնացին և Սիս քաղաքի արքեպիսկոպոս Գրիգոր Ապիրատը:

Լևոն իշխանի ընտրությունը կանգ առավ երկրորդի վրա: Նախ՝ Ներսես Լամբրոնացին հայ եկեղեցու երևելիներից էր, և մտավախություն կար, որ նա էլ կաթողիկոս ընտրվելուն պես նախորդի նման կփորձի անկախ ու ինքնուրույն քաղաքականություն վարել՝ հակադրվելով պետական իշխանությանը: Այլ էր Գրիգոր Ապիրատի պարագան:

Գրիգորը ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում: Նա Գրիգոր Գ Պահլավունի և Ներսես Շնորհալի կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի որդին էր:

Պատանության տարիներին Գրիգոր Ապիրատը զինվորական էր ու ղեկավարում էր Կիլիկիայում և Ասորիքում կռվող Պահլավունյաց հրամանատարության տակ գործող զորամասերից մեկը: Սակայն 30 տարեկանում Գրիգոր Ապիրատը թողնում է զինվորական ծառայությունն ու աշխարհիկ կյանքը և վանական դառնում:

Պահլավունյաց տոհմի ազդեցիկ դիրքի շնորհիվ Գրիգոր Ապիրատը արագ վեր բարձրացավ հոգևոր սանդղակով: Նա տարբեր տարիների եղել է Լամբրոնի, Տարսոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս:

1194 թ. նոր կաթողիկոս ընտրելու համար Լևոն Բ իշխանը Սիս մայրաքաղաքում ժողով է հրավիրում: Ժողովին չեն մասնակցում Արևելյան Հայաստանի վարդապետները, որոնք Հաղպատավանքի առաջնորդ Դավիթ Քոբայրեցու, Սանահինի վանատեր Գրիգոր Տուտեորդու և Անիի Բարսեղ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ դեմ էին Լևոն Բ-ի բռնած քաղաքական գծին: Ժողովը 72-ամյա Գրիգոր Զ Ապիրատին ընտրում է ամենայն հայոց կաթողիկոս:

Արևելյան կողմի վարդապետները, բնականաբար, չընդունեցին կատարված ընտրությունն ու նորընծա կաթողիկոսին: Նրանք Լևոն Բ-ին նամակ հղեցին, որում իրենց դժգոհությունը հայտնեցին կատարվածի վերաբերյալ, նաև պահանջեցին արքունիքից ու եկեղեցական գործերից առհասարակ հեռացնել Կիլիկիո տարածքում մեծ հեղինակություն ունեցող Ներսես Լամբրոնացուն:

Բանն այն է, որ Լամբրոնացին դեմ չէր քաղկեդոնիկ և կաթոլիկ եկեղեցիների հետ հայ եկեղեցու երկխոսությանը, մերձեցմանը և իր բանավեճերում, նամակներում, ուղղված Արևելյան կողմի վարդապետներին, քննադատում էր նրանց կարծրացած տեսակետները և բնութագրում էր նրանց որպես անխելք, անգետ, թշվառ, ողորմելի, իսկ Հաղպատավանքի առաջնորդ Դավիթ Քոբայրեցուն և Սանահինի վանատեր Գրիգոր Տուտեորդուն բնորոշում էր որպես «լիրբ ու կատաղի հաչող շներ»:

Հայաստանի հոգևորականները, Ներսես Լամբրոնացու բնորոշմամբ, տխմար են, անկարգ, շաղակրատներ, որոնք զրախոսում են չիմացած բաների շուրջ: Ըստ Լամբրոնացու՝ հաղպատցիները չեն կոխում Աստծու տաճարի շեմը, Տուտեորդին թանձրապորտի մեկն է, արևելյանները պաշտպանում էին Քարավեժին, որ կարողանային անվրդով շարունակել իրենց գինեխմությունը, որովայնապարարությունը և այլն: Ներսես Լամբրոնացին հայտարարում է, որ իր հակառակորդների բերանները դառնությամբ լի են, շուրթերի տակ օձի թույն թաքցրած և պատրաստ են արյուն թափել, Տուտեորդին և Քոբայրեցին հաչում են լիրբ շների պես, Անեցին հարբեցողի մեկն է՝ տուրք տված գուսաններին, որովայնամոլությանը, Լոռվա զույգ վանքերի առաջնորդները երկու աղվեսներ են՝ պիղծ և տգետ:

Արևելյան կողմի վարդապետները նաև Լևոն Բ-ից պահանջում էին կաթողիկոսական գահին հաստատել Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որ նույնպես Պահլավունյաց տոհմից էր: Այս պայմաններում Լևոն Բ-ն հիրավի իմաստուն որոշում կայացրեց: Նա կաթողիկոսական գահին թողեց իր դրածո Գրիգոր Ապիրատին՝ հայ եկեղեցին դրանով իսկ իր վերահսկողության տակ վերցնելով, սակայն որպես փոխզիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց թե՛ արքունիքից, թե՛ հոգևոր գործերին միջամտելու հնարավորությունից: Լևոնը Լամբրոնացուն ուղարկեց իր եղբոր՝ Հեթում իշխանի ապարանք՝ պատվիրելով, որ իր հոգևոր գործունեության մեջ չկորցնի չափի զգացումը:

Ներսես Լամբրոնացին, ազդեցիկ հոգևորական լինելով, միշտ պնդում էր եկեղեցու գերագահությունն ու իր կեցվածքում երբեք չէր թաքցնում, որ իր համար կարևորը կրոնն է՝ իր բոլոր դրսևորումներով, անգամ եթե դա ազգային շահերին դեմ է: Ներսես Լամբրոնացուն են պատկանում հետևյալ խոսքերը. «Ինձ համար հայ ու լատինը մեկ են, լատինն ու հելլենը, հելլենն ու սիրիացին, սիրիացին ու եգիպտացին: Եթե ես լինեի ջատագովը այդ ազգերից մեկի համար, ես չէի կարող շփվել մյուսների հետ: Բայց ես բոլոր նրանց, ովքեր թշնամի են միմյանց, միավորում եմ և սրանով ձեռք եմ բերում բոլորի բարեկամությունը միաժամանակ»:

Ինչևէ, արևելահայ վարդապետները, որոնք հակված չէին որևէ փոխզիջման, 1195 թ. Բարսեղ Անեցուն հռչակեցին ամենայն հայոց կաթողիկոս:

Սա, ինչ խոսք, ավելի սրեց իրավիճակը հայ եկեղեցում: Ի դեպ, արևելահայ հոգևորականության պառակտիչ գործունեությունը հասավ այնտեղ, որ երբ Կիլիկիայի իշխանապետությունը հռչակվեց հայոց թագավորություն և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում Լևոն Բ-ն օծվեց հայոց թագավոր, նրանք որևէ ներկայացուցիչ չուղարկեցին: Աշխարհի բոլոր պետությունները Եվրոպայի ծայրամասերից, Արաբական Արևելքից դեսպաններ էին ուղարկել, իսկ բուն Հայաստանի եկեղեցականները… Հայ առաքելական եկեղեցու ծրագրերում տեղ չուներ հայոց անկախ թագավորության հռչակումը: Մինչդեռ Կիլիկիո հայոց իշխանության հզորությունը շատ տերությունների ստիպեց հաշվի նստել հայության հետ, ու շատերն շտապեցին սիրաշահել Լևոն Բ:

Առաջինը Բյուզանդական կայսրությունն էր: Երբեմնի այս զորեղ կայսրությունը փորձում էր փրկել իր հեղինակությունն ու Արևելքում կաթոլիկների օրեցօր աճող ազդեցությանը հակադրվելու համար դաշինք առաջարկեց Լևոն Բ-ին: Կայսրը արքայական թագ խոստացավ Կիլիկիո իշխանին՝ իհարկե փոխարենն ակնկալելով դավանաբանական որոշ զիջումներ: 1196 թ. Լևոն Բ-ն բանակցելու նպատակով Կոստանդնուպոլիս ուղարկեց Ներսես Լամբրոնացուն, բայց կողմերը համաձայնության չեկան:

Միաժամանակ Լևոն Բ-ն շարունակում էր բանակցել կաթոլիկ աշխարհի հետ: Հայոց կաթողիկոսն էլ հայոց իշխանի հետ բանակցություններ էր վարում՝ հայ եկեղեցու անունից պատրաստ զիջման:

Շուտով Վատիկանից Սիս է ժամանում պապի պատվիրակ Կոնդրատոս կարդինալը, որ Լևոնի արքայության դիմաց պահանջում էր հայ և լատին եկեղեցիների միավորում:

Եկեղեցիների միավորման առաջարկը կտրուկ մերժվում է հայոց իշխանի կողմից, բայց և Լևոն Բ-ն հավաստիացնում է, որ հայ եկեղեցին պատրաստ է գնալ զիջումների: Գրիգոր Ե Ապիրատ կաթողիկոսը Լևոնի կարգադրությամբ Տարսոնում հրավիրում է եկեղեցական ժողով՝ քննելու Հռոմի պապի պահանջները:

Ժողովը, մերժելով եկեղեցիների միության ծրագիրը, ընդունեց մի քանի որոշումներ, որով էական զիջումներ էին արվում Վատիկանին: Մասնավորապես, ի թիվս ծիսական որոշ զիջումների, հայոց կաթողիկոսը պատրաստակամություն էր հայտնում որոշակի պարբերականությամբ պատվիրակներ ուղարկել Հռոմի պապի մոտ ի նշան հնազանդության։

Կայանում է համաձայնություն, որով իրականացավ հայության բաղձանքը՝ վերականգնվեց հայոց թագավորությունը: 1198 թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի օրը, Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում Լևոն Բ Մեծագործը թագադրվեց:

Ի դեպ, հայոց իշխանների կողմից Լևոն Բ-ն հավանաբար վաղուց էր թագավոր ճանաչվել: Գիտական շրջանառության մեջ է, օրինակ, Ներսես Լամբրոնացու Թուղթը՝ ուղղված Լևոնին, որում դեռևս 1195 թ. Լևոն Ռուբինյանին բարձրաստիճան այս հոգևորականը կոչում է թագավոր հայոց:

Ինչպես նշվեց վերը, արքայի թագադրման արարողությանը պատվիրակներ էին ժամանել ողջ աշխարհից, բացառությամբ՝ բուն Հայաստանի հայ կղերականների:

Թագադրման ծեսը կատարեց Մայնցի եպիսկոպոս Կոնրադը լատինական ծեսով, իսկ արքայի օծումը հայ եկեղեցու ծիսակարգով կատարեց Գրիգոր Ե Ապիրատ կաթողիկոսը:

Գրիգոր Ե Ապիրատը երկար չմնաց կաթողիկոսական գահին: Հիշատակության արժանի է նրա նամակը՝ ուղղված Հռոմի պապին, գրված 1198 թ.: Նամակում հայոց կաթողիկոսը նկարագրում է հայոց ծանր դրությունը՝ շրջափակված մահմեդական երկրներով և ակնկալում Վատիկանի աջակցությունը:

Նա մինչև մահ ծառայեց հայոց արքային՝ երբեմն անգամ դառնալով նրա գործակիցը Հեթումյանների դեմ մղվող տոհմական պայքարում:

Գրիգոր Ե Ապիրատը մահացավ 1203 թ. մարտի 4-ին Սիս մայրաքաղաքում: Մարմինն ամփոփվեց Արքակաղնի վանքում: Գրիգոր Ե Ապիրատը Պահլավունյաց տոհմի վերջին կաթողիկոսն էր: Լևոն Ե Մեծագործ արքան վերջ տվեց Պահլավունիների գերիշխանությանը կաթողիկոսական գահին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: