Հայերեն   English   Русский  

Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 187

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հետ:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սալման բին Աբդուլազիզը քննարկել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի այդ, նախագահ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորին տեղեկացրել է «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ գործողությանն աջակցում են արաբները, քրդերն ու թուրքմենները, ովքեր ստիպված են եղել լքել շրջանը: Վերջինս ընդգծել է, որ ռազմական գործողության ավարտից հետո տեղի բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները:

Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել համատեղ ջանքեն ու համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և այդ երկրում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: