Հայերեն   English   Русский  

​Կանաչ սոխ


  
դիտումներ: 2658

Գարնան հետ մեծանում է վիտամիններ ընդունելու պահանջը:

Իսկ մեծ քանակությամբ թարմ բանջարեղենի ու մրգի օգտագործման հետ նվազում է տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Կանաչ սոխն այս շրջանում հատկապես արժեքավոր բանջարեղեն է համարվում, քանի որ հարուստ է կենսական կարևորություն ունեցող տարրերի պարունակությամբ:

Այս մատչելի բանջարեղենը բարելավում է առողջական վիճակը: Այն հաճախ կիրառվում է որպես ջերմիջեցնող, խորխաբեր, հակամանրէ ու հակասնկային միջոց, շատ արդյունավետ է մրսածության, գլխացավի, անմարսողության ու անքնության պարագայում:

Կանաչ սոխը դրական ազդեցություն է թողնում ոսկրային, իմունային, սիրտ-անոթային համակարգերի, ինչպես նաև տեսողության վրա:

Ազդեցությունը ոսկրերի վրա

12 գ մեկ ցողունը պարունակում է 20 մգ K վիտամին կամ ֆիլոխինոն, 1,6 մգ C վիտամին: Երկուսն էլ մասնակցում են աճին, ոսկրերի ամրացմանը, իսկ դրանց անբավարարությունը կարող է հանգեցնել օսթեոպորոզի զարգացման, կոտրվածքներ ստանալու հավանակությունն է մեծանում:

Տեսողության համար

Մարդու օրգանիզմին A վիտամին է հարկավոր ռոդոպսինի գոյացման համար, որը տեսողական պիգմենտ է, հնարավորություն է տալիս աչքի ցանցաթաղանթի ընկալիչներին արձագանքելու լույսին: Եթե A վիտամինի անբավարարություն է առաջանում, որպես հետևանք զարգանում են հավկուրություն ու տեսողական այլ խանգարումներ, ներառյալ՝ աչքի եղջրաթաղանթի խոց:

Սրտի համար

Սոխի պարունակած C և A վիտամինները, ինչպես արդեն նշվեց, հակաօքսիդանտ հատկություն ունեն ու կարող են կանխել ԴՆԹ-ի վնասումը, իսկ հակաօքսիդանտներով հարուստ սննդամթերքը կօգնի կանխելու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:

Իմունային համակարգ

Քաղցկեղային հիվանդությունների հետազոտման ամերիկյան ինստիտուտի տվյալների համաձայն՝ սոխի մեջ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ՝ կվերցետին ու անտոցիան է պարունակվում: Դրանք օգնում են իմունային համակարգին, ճնշում քաղցկեղային բջիջների զարգացումը:

Ժողովրդական բժշկություն

Ի դեպ, կանաչ սոխի կանոնավոր գործածումը կազմվածքը չի վնասի, քանի որ այն ցածրկալորիական մթերք է համարվում. 100 գ թարմ ցողունները շուրջ 31 կալորիա են պարունակում:

Այս մթերքը հաճախ են կիրառում մրսածության դեմ. պարունակում է եթերայուղեր, որոնք խթանում են քրտնարտադրությունը:

- բարելավում է ախորժակը,

- օգնում փորլուծի դադարեցմանը,

- ճնշում է սնկային վարակները,

- դանդաղեցնում քաղցկեղային բջիջների աճը (հատկապես հաստ աղիքի),

- բարելավում է արյան շրջանառությունը և B1 վիտամինի յուրացումը, նվազեցնում սթրեսն ու հոգնածությունը,

- պարունակած օգտակար նյութերի շնորհիվ կարող է պաշտպանել որոշ հիվանդություններից՝ ասթմայից, ալերգիայից, սրտի հիվանդություններից ու դիաբետից:

Օգնում է շաքարային դիաբետի դեպքում, քանի որ այս մթերքի բաղադրած ծծմբական միացությունները նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: Իսկ ալլիցինը նպաստում է արյունատար անոթների առաձգականությանն ու դրա շնորհիվ իջեցնում զարկերակային ճնշումը, խոչընդոտում է թրոմբագոյացումն ու դրանից հետևող հիվանդությունները:

Ցավազրկող է իշամեղվի, մեղվի խայթոցի դեպքում. դրա համար պետք է սոխի հյութով թաթախված թանզիֆը դնել խայթի տեղում:

Ականջների բորբոքման դեպքում օրական 3 անգամ կես ժամով պետք է ականջի վրա սոխահյութով թրջոց դնել: Նման թրջոցներն օգնում են նաև երկար ժամանակ չսպիացող վերքերի ապաքինմանը:

Թարմ սոխահյութը օգնում է հոդաբորբի, որքինի ու այտուցների դեպքում, դրա համար պետք է պարզապես սոխահյութ քսել խնդրահարույց տեղին:

Վաղուց հայտնի է մազարմատները սոխահյութով ամրացնելու միջոցը. դրա համար պետք է մազարմատները տրորել դրանով:

Ի դեպ, սոխի օգտակար հատկություններն ուժգնանում են ձեթով կիրառելու դեպքում:

7 հիվանդությունների դարման սոխը

Նկատվել է, որ կանաչ սոխի ջերմատներում աշխատողները նույնիսկ ամենասուր համաճարակների ժամանակ չեն հիվանդացել գրիպով:

Գիտականորեն ապացուցված է, որ սոխին համ ու հոտ տվող ու արցունքաբեր նյութերը կարող են պայքարել քաղցկեղային բջիջների դեմ: Իսկ արցունքն առաջանում է հետևյալ կերպ. սոխի բաղադրած արցունքաբեր նյութը՝ լակրիմատորը (լատիներեն՝ արցունք բառից), երբ սոխը կտրվում է, անջատվում է և լուծվում հեղուկի, մասնավորապես՝ մարդու արցունքի մեջ: Ուրեմն հասկանալի է, թե ինչու են առաջարկում սոխը կտրատելուց առաջ կա՛մ դանակը թրջել, կա՛մ սոխը ջրի մեջ պահել մի քանի րոպե. այդ կերպ լակրիմատորը լուծվում է ջրի մեջ, իսկ եթե սոխը կտրատելուց առաջ սառեցվի, ապա լակրիմատորի ակտիվությունը կնվազի:

Որքան էլ օգտակար լինի այս բանջարեղենը, միևնույն է, չպետք է մոռանալ, որ այն ևս հակացուցումներ ունի: Սոխը սահմանափակ պետք է կիրառեն լյարդի ու երիկամների, ինչպես նաև ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ ունեցողները, հատկապես՝ հիվանդությունների սրման շրջանում, ինչն էլ հիմնականում համընկնում է գարնան ու աշնան սեզոնի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: