Հայերեն   English   Русский  

​Կավելանա՞ն, թե՞ կվերանան չարաշահումներն ու կոռուպցիան.ի՞նչ է ենթադրում նոր օրենքը


  
դիտումներ: 1468

Հայաստանի Հանրապետությունում որպես դեղատոմսով դուրս գրվող գրանցված դեղերի մի մասը մարտի 1-ից բոլոր դեղատներում վաճառվում է միայն դեղատոմսով։

Դրանք են` հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։

Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:

Դեղերի մեծ մասը պարտադիր դեղատոմսով վաճառելու որոշումը, բնականաբար, չէր կարող հանրության շրջանում անարձագանք մնալ: Մտավախություն կա, որ քաղաքացիների համար դեղեր ձեռք բերելու անհարմարավետությունը լրացուցիչ չարաշահումներ կառաջացնի նաև ավելորդ հերթեր կգոյացնի առաջնային ամբուլատոր օղակներում: Այս խնդրի շուրջ պարզաբանումներ է տալիս ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը:

- Ո՞ր դեղերի ազատ վաճառքն է դեղատներում սահմանափակվել:

- Ամբողջ աշխարհում դեղերի բացթողնման կարգավիճակը դեղատոմսով, թե առանց դեղատոմսի, որոշվում է դեղերի բացթողնման պահին:

Դեղատոմսով վաճառվող դեղերը պարունակում են հատուկ քիմիական սպեցիֆիկ նյութեր և արտահայտված հակացուցումներ, հատուկ բուժական նշանակություն, հատուկ մասնագիտական մոտեցում ունեն: Ուստի նման բաղադրություն պարունակող դեղերը պետք է ձեռք բերվեն միայն բժշկի նշանակմամբ: Յուրաքանչյուր դեղ յուրահատուկ է և կախված տարիքային խմբից, հիվանդության վիճակից, հիվանդին ուղեկցող այլ հիվանդություններից, ցուցումներից ու հակացուցումներից՝ պետք է միայն համապատասխան մասնագետը նշանակի: Կան դեղեր, որոնք տարբեր փուլերում նշանակման իրենց չափաբաժինն ունեն և ենթակա են փոփոխման և վերահսկման միայն բժշկի ցուցմամբ:

Այն դեղերը, որոնք ենթակա են ազատ վաճառքի, ապացուցված արդյունավետություն ունեն, քիչ հակացուցումներ, և քաղաքացիները նախկինի նման մրսածության, ատամնացավի և գլխացավի խնդիրների դեպքում դեղահաբեր կարող են առանց դեղատոմսի ձեռք բերել:

- Հանրությունը մտահոգված է, որ սովորական ցավազրկողներն այսուհետ չեն կարողանալու ձեռք բերել առանց դեղատոմսի, ինչն էլ, բնականաբար, կարող է ավելացնել շտապօգնության կանչերի թիվը: Այս խնդիրը դիտարկվե՞լ է նախարարության շրջանակներում:

- Առաջին օգնության ցավազրկողները՝ անալգին, ասկոֆեն, պարացետամոլ, իբուպրոֆեն, առաց դեղատոմսի վաճառվող դեղեր են: Օրվա ցանկացած ժամի դրանք քաղաքացիներին կտրվեն առանց խոչընդոտների: Ինչ վերաբերում է մեկ այլ ցավազրկողի՝ սոլպադեինի դեղատոմսով բացթողնման պահանջին, ապա ՀՀ-ում գրանցված է 3-4 անուն սոլպադեին, որոնցից մեկը պարունակում է կոֆեին և ազատ վաճառքի է թողնված: Իսկ կոդեին պարունակող սոլպադեինի տեսակները բաց են թողնվելու դեղատոմսով:

Առհասարակ դեղատոմսով են վաճառվելու այն ցավազրկողները որոնք պարունակում են կոդեին և արտահատված հակացուցումներ ունեն: Կոդեինը քիմիական կառուցվածքով նման է մորֆիին, սակայն ցավը հանգստացնող հատկությունը թույլ է արտահայտված։ Այն քնաբեր և բրոմի պատրաստուկների հետ զուգորդված հանգստացնող միջոց է, որը վաղ հասակի երեխաներին հակացուցված է։ Կոդեինի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել ընտելացում՝ կոդեինիզմ։

Օրգանիզմը զերծ չէ ռեակցիաներից, և յուրաքանչյուր ցավազրկող ընդունելուց առաջ պետք է մասնագետի կողմից ուսումնասիրվի, որովհետև առանց իմանալու ցավի սկզբնաղբյուրը՝ ցավազրկման մեկ պատիճն անգամ կարող է հանգեցնել վնասակար ազդեցությունների: Սխալ եմ համարում, որ շատերը ինքնաբուժման են դիմում մերձավորի խորհրդով, որովհետև դեղերն ունեն անհատական ազդեցություն օրգանիզմում: Իսկ հակաբորբոքային պրեպարատների երկար օգտագործումը կարող է օրգանիզմում առաջացնել ռեակցիա և հակազդել հիվանդությանը: Ուստի հատկապես հակաբիոտիկների նշանակումը պետք է պարտադիր դեղատոմսով լինի և առնվի վերահսկողության տակ: Հակաբիոտիկներն ունեն արտահայտված ալերգիկ ռեակցիա, և հակացուցումները կարող են ավելի վառ արտահայտվել:

- Արդյոք որոշ դեղատոմսերի բժշկի կողմից ընձեռումը չի՞ գոյացնի անհարկի հերթեր ամբուլատոր առաջնային օղակներում:

- Շտապօգնության ծառայությունից քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել, իսկ հերթերի հետ կապված խնդրի լուծումն արդեն ընդգրկված է իրենց օրակարգում: Բազմակի դեղատոսմերի դուրս գրումը ևս իր ձևաչափն ունի: Բոլոր քրոնիկ հիվանդները, հիպերտոնիկները տարին երկու անգամ պետք է այցելեն բժշկական հաստատություն և միանգամից ձեռք բերեն 6 ամսվա դեղատոմս: Դեղեր գնելու բազմակի հնարավորություն է տրված նաև սոցիալապես անապահով մարդկանց, որոնք դեղերը ձեռք են բերում ոչ ամբողջական սպառողական փաթեթով, այլ մաս-մաս:

Այս կարգը հնարավորություն է տալիս հիվանդերին բուժման կուրսը լրացնելու՝ ֆինանսական միջոցներից ելնելով: Ինչ վերաբերում է հակաուռուցքային դեղերին, ապա դրանք այսպես թե այնպես ձեռք են բերվում միայն բժշկի ցուցմամբ:

Քաղաքացին քիմիաթերապիայի առաջին կուրսը ստանալուց հետո դարձյալ այցելում է բժշկին՝ համապատասխան հետազոտություն անցնելու երկրորդ կուրսը ստանալու համար, որից հետո է որոշվում՝ նո՞ւյնը թողնել հակաուռուցքային պերպարատների չափաբաժինը, թե՞ փոփոխել այն՝ ըստ հիվանդության փուլայնության: Հիվանդը, դեղատուն հաճախելով, չի կարող որոշել, թե տվյալ հակաուռուցքային դեղն իրեն ինչ դեղաչափով է անհրաժեշտ:

- Մտավախություն կա նաև, որ առանց դեղատոմսի դեղերի դուրսգրումը կավելացնի կոռուպցիոն ռիսկերը բժիշկ-հաճախորդ կամ գնորդ-վաճառող փոխհարաբերություններում: Ինչպե՞ս է դաշտը վերահսկվելու:

- Ես կասեի՝ ընդհակառակը, հենց կոռուպցիոն ռիսկերն են նվազում: Եթե նախկինում բժիշկը դեղատոմսի վրա գրում էր դեղի առևտրային անվանումը և հիվանդին ուղղորդում դեղատուն՝ ձեռք բերելու դեղը օրիգինալ անվանումով, ապա դեղերի մասին օրենքում ամրագրվել է, որ այսուհետ դեղատոմսում գրել ոչ թե դեղի առևտրային անունը, այլ ակտիվ բաղադրությունը: Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին ընտրելու նույն բաղադրությամբ գնային առումով իրենց հարմար պրեպարատը, ոչ թե պարտադիր դեղի օրիգինալ տարբերակը, ինչը շատ թանկ է: Այժմ բուժման ամբողջ կուրսի դեղորայքը հիվանդը կարող է ձեռք բերել ոչ առևտրային անվամբ, այլ իր իսկ ֆինանսական միջոցներին համապատասխան: Այս պարագայում վերանում է դեղատան աշխատակցի և բժշկի ուղղորդումը:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: