Հայերեն   English   Русский  

​«Շարժման ղեկավարության ոչ բոլոր անդամներն էին ազնիվ իրենց պայքարում»


  
դիտումներ: 3602

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում իր հուշերն է ներկայացնում Ղարաբաղ կոմիտեի շտաբի կամավոր, շարժման ակտիվիստ Սիլվա Մամիկոնյանը։

Միացումը շարժմանը

Երբ լսեցի, որ Օպերայի բակում միացման պահանջով հավաք պետք է լինի՝ ինքս էլ գնացի։ Մինչ այդ բնապահպանական խնդիրներով էին հանրահավաքներ տեղի ունենում։ Արցախի միացման պահանջը մեր երազանքն է եղել, ու դա վաղուց սպասված պայքար էր։

Սովորել եմ պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ազատության, անկախության պոռթկումներ ուսանողներիս մեջ շատ կային։ Այդ տարիներին էլ աշխատում էի Մերգելյան ինստիտուտում որպես ծրագրավորող։ Բայց վստահ եմ՝ անկախ ուսման ու աշխատանքի վայրից, որտեղ էլ լինեի, ինչով էլ զբաղվեի, միևնույն է, շարժման մասնակիցն էի դառնալու։ Ազատության, անկախության գաղափարն ընտանիքից ու կրթությունից էր գալիս։ Ինքս այդ գաղափարից չեմ վախեցել, քանի որ ընտանեկան մթնոլորտն այդպիսին է եղել։

Հավատում էի, որ վերջապես եկել է պահը, կարող ենք անկախ պետություն ունենալ, և Արցախն էլ միացած կլինի Հայաստանին։

Որոշ ժամանակ անց հասկացա, որ միայն ցուցարար լինելը բավարար չէ, ուզում էի իմ ներուժը ներդնել որևէ կարևոր գործում։ Ընդգրկվեցի «Ղարաբաղ» կոմիտեի, հետո էլ ՀՀՇ-ի վարչության շտաբ։ Գիշեր-ցերեկ աշխատում էինք հերթափոխով։ Ողջ հաղորդակցությունը, տեղեկատվությունը, փաստաթղթերը մենք էինք համակարգում։

Մերգելյանում մեր բաժինների և վարչությունների պետերն ըմբռնումով էին մոտենում։ Մտավոր աշխատանք էր, կարող էինք կարճ ժամանակում ավարտել ու գնալ շարժման գործերով։ Ղեկավարությունն էլ աչք էր փակում մեր բացակայությունների վրա։

Տիրող մթնոլորտը

Քանի որ անմիջապես «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ էի աշխատում, երբեք նրանց չեմ աստվածացրել, կուռքեր էլ չեմ ընդունել։ Ես հավատում եմ ընդհանուր գաղափարին։ Թե՛ կոմիտեում, թե՛ շարժման մասնակիցների թվում կային մարդիկ, որոնց վստահում էի, և մարդիկ, որոնց հետ չէի ուզենա աշխատել։

Այն ժամանակ Հայաստանն ադրբեջանցիներից մաքրելու գործընթացն էր, Արցախը չհաշված։ Եվ այդ օրերին շատ ցավոտ էր ինչ-որ մեկի վիրավորվելու կամ զոհվելու մասին լուրը։ Բայց մեր շարքերում կային մարդիկ, որոնք սառնասրտորեն էին ընդունում զոհերի մասին տվյալները. լուրը լսելիս նրանց դեմքի վրա որևէ դիմախաղ չկար։ Գուցե քաղաքական գործիչներն այդպիսին պետք է լինեն, բայց ինձ համար դա անընդունելի էր։

Պահանջ՝ օրենքի սահմաններում

Ինքս օրենքների մեջ չեմ խորացել։ Բայց քանի որ մենք էինք տարածում գրքերը, թռուցիկները, կարդում էի ու գիտեի, որ մեր պահանջատիրությունը ճիշտ էր։

Ի սկզբանե գիտեի, որ ուժով է հնարավոր հարցը լուծել։ Ու կարծում էի, որ պայքարն այնքան պետք է շարունակվի, մինչև Նախիջևանն էլ ազատագրենք։ Մարդկանց նվիրվածությունը ներշնչում էր հավատալ, որ կարող ենք։

Առաջին հիասթափությունը

1989-ի դեկտեմբերն էր։ «Տոնածառ կոմիտե» հասկացություն կար, կարծեմ Վանո Սիրադեղյանն էլ համակարգում էր։ Մինչև շարժումն արշավներով շրջել էի ողջ Արցախում, բայց միևնույն է, իմ ողջ հետաքրքրվածությունը Արցախում լինելն էր։ Որպես պատվիրակություն ՀՀՇ-ի կողմից Արցախ մեկնեցինք։ Ստեփանակերտում ցանկություն հայտնեցի մեկնել թեժ կետերից մեկը։ Գետաշեն և Բերդաձոր գնալու հնարավորություն կար։ Ընտրեցի Բերդաձորը, որն այն ժամանակ շրջափակման մեջ էր, միայն ռուսական oմոնի ուղեկցությամբ Ստեփանակերտից կարող էինք գնալ այդ բնակավայր։ Շարժմանն այն ժամանակ օգնություն էին ուղարկում, ու ես հագուստ, քաղցրեղեն էի առանձնացրել, որի մի մասը թողեցի Ստեփանակերտում, մի մասն էլ Բերդաձոր տարա։ Այնտեղ մնացինք շրջափակման մեջ․ միակ ճանապարհն էլ փակեցին։ Ես էի, դերասանուհի Ժաննա Գալստյանը, օպերատոր Վրեժ Պետրոսյանը, «Ամարաս» բարեգործական կազմակերպությունից իմ ընկերուհի Աղավնին և Վալերի անունով մի ֆիդային, որն ուղեկցում էր մեզ։

Գյուղում մեզ մեծ ոգևորությամբ ընդունեցին, Նոր տարին դիմավորեցինք հրանոթ փորձարկելով, պարբերաբար դիրքեր էինք գնում, կրակել սովորում․ որսորդական հրացաններով էր ապահովվում բնակավայրի պաշտպանությունը։ Երբ կարողացա կապվել ՀՀՇ-ի հետ ու տեղեկացնել, որ մնացել ենք շրջափակման մեջ, պատասխանն ինձ շատ հիասթափեցրեց։ Ինձ ասացին, որ դա Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) տարածքն է, ինչ գործ ունեմ ես՝ ՀՀՇ ներկայացուցիչս, այդ տարածքում։ Մենք հրապարակում միասնականորեն միացում էինք պահանջում, իսկ այնտեղ տարածքների էր բաժանված՝ սա դաշնակներինն է, սա ԲԻԽ-ինն է, սա ՀՀՇ-ինն է և այլն։ Դա ինձ շատ հիասթափեցրեց։

Ասեմ, որ մինչև հունվարի 8-ը մնացինք Բերդաձորում, բայց պետք էր շրջափակումից դուրս գալ։ Զանգեցին ռուսական օմոնին և ասացին, որ մի տատիկ ծանր հիվանդ է և շտապօգնություն է պետք նրան Ստեփանակերտ տեղափոխելու համար։ Ռազմական շտապօգնության մեքենան տատիկին վերցրեց, մենք էլ որպես ուղեկցող տեղավորվեցինք նրա հետ։ Շուշիում ադրբեջանցիներն էին, օմոնի կողմից վերահսկվող այլընտրանքային ճանապարհով պետք է գնայինք։ Բայց մեկ էլ նկատեցինք, որ Շուշիում ենք, պատուհանից երևում էր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Մտածեցինք, որ ռուսները մեզ տանում են հանձնելու ադրբեջանցիներին։ Ոչինչ անել չէինք կարող, սկսեցինք հայրենասիրական երգեր երգել։ Բայց հանկարծ նկատեցինք, որ արդեն Ստեփանակերտում ենք: Ռուս զինվորներին տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները ճանապարհին սպասում են՝ հայերին տեղափոխող մեքենան այրելու համար, իրենք էլ ճանապարհը փոխել ու Շուշի էին մտել։

Դրանից հետո սկսեցի կապվել Բերդաձորի հետ, պարբերաբար սնունդ և պահածոներ էի ուղարկում իրենց։ Մի պահ անգամ մտածում էի, որ անիմաստ է Մերգելյանում աշխատելը, պետք է գնալ ու սատար կանգնել Բերդաձորի ինքնապաշտպաններին։

Երբ վերադարձա, հիասթափությանս, այնտեղ առկա զենքի պակասի մասին պատմեցի ՀՀՇ վարչության պետ Վազգեն Մանուկյանին։

Ասեմ, որ կյանքս փոխվեց Բերդաձորի դեպքից հետո։ Այդուհետ անում էի միայն այն գործերը, որոնք ինքս օգտակար էի համարում։

Որտե՞ղ թերացանք

Սիլվա Մամիկոնյան

Եկավ 1991 թվականը, երբ ՀՀՇ-ն իշխանության եկավ։ Արդեն երևում էր, թե ով ինչի համար է պայքարում, ով է ձգտում իշխանության։ Ես աշխատանքի անցա կառավարությունում։ 1995-ին, երբ ցույցի մասնակցեցի, կանչեցին վարչապետի մոտ, գրավոր նկատողություն տվեցին ու պահանջեցին այլևս չմասնակցել ցույցերի։ Այդ կարկառուն վարչապետին ասացի՝ բա ինչո՞ւ եմ 88-ին գնացել միտինգների, որ դուք նստեք այստեղ, հիմա էլ գնում եմ, որ էլի փոփոխություն լինի։ Ես ավելի շատ պետական մտածողություն ունեի, քան ՀՀՇ-ի պաշտոնյաները։

Երբ կառավարությունում էի աշխատում, ինձ թվում էր, որ բամբասանքի, վարկաբեկման մի հատուկ մեխանիզմ է գործում՝ ազնիվ և ուժեղ գործիչներին վարկաբեկելու համար։ Մինչև հիմա էլ այդ տեխնոլոգիան գործում է։ Չեմ կարող ասել՝ այդ մեխանիզմը խորհրդային տարիներից կա՞ր, թե՞ նոր էր ձևավորվել, բայց ինձ թվում է, որ այդ մեխանիզմը կիրառողները լավ էին տիրապետում դրան։

Նաև միասնություն չկար։ Չգիտեմ, թե ինչու, շատ չարություն կար, մարդկանց մեջ մրցակցություն, իշխանության համար պայքար կար։ 1996 թվականին, երբ քո իսկ զինակիցը, Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին նկատի ունեմ, իր ժողովրդի դեմ զենք է հանում, ինչպե՞ս կարող ես չհիասթափվել։

Չգիտեմ, թե ով ինչ նպատակով էր սկզբում միացել շարժմանը, բայց ոմանց պայքարն ինչ-որ պահից արդար չէր։ Շարժման ղեկավարության ոչ բոլոր անդամներն էին ազնիվ իրենց պայքարում։

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունենք

Մեր ազատության, անկախության, ուժեղ պետություն ունենալու համար էինք պայքարում, ու դրա հնարավորությունն էլ կար, մենք ունեինք գործարաններ, խելոք ու ստեղծագործ ժողովուրդ։ Բայց չկարողացանք ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները, որ մեր երազած երկիրը կառուցենք։ Բայց էլի հավատում եմ, որ հնարավորություն կունենանք մեր երազած պետությունն ունենալու, հիասթափություններ շատ կան ու կլինեն, բայց հույսս չեմ կորցնում։

Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, թե ինչ էինք ուզում ու ինչ ունենք, շատ-շատ եմ ափսոսում, որ կորցրեցինք մեր էնտուզիազմը, հավատը, հույսը։

Չեմ մոռանում, մի անգամ վարչության նիստի ժամանակ անազնիվ աշխատանքներ էի նկատել, մոտեցա վարչության նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, անուններ տվեցի, փաստերով հիմնավորեցի, որ ազնիվ չեն աշխատում, ասաց՝ մեզ այդպիսի մարդիկ էլ են պետք, քեզ նման մարդիկ էլ, բայց քեզ նմանները մեզ ավելի քիչ են պետք։

Բայց շատը կլանում է քչին։ Ուստի այն մարդիկ, որոնք երկրի բարօրության համար էին պայքարում, դուրս մնացին համակարգից։

30 տարվա հեռավորությունից

Երբևէ չեմ զղջացել շարժման մասնակիցը լինելու համար և նորից պատրաստ եմ պայքարել։

30 տարին շատ երկար ժամանակ է թվում, բայց և թվում է, թե այդ ամենը երեկ էր։ Կարող էինք ավելի բարեկեցիկ ու անկախ, զարգացած պետություն ունենալ, շատ հնարավորություններ ունեինք, ափսոս, որ դրանք կորցրել ենք, կորցրածը հետ բերելը դժվար է, բայց պետք է հետ բերել։

Գիտեք, ամեն մեկն իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն է ասում, իր տեսակետը ներկայացնում։ Բայց դրա հետ մեկտեղ կան փաստեր, որոնք, ցավոք, այսօր կեղծվում են։ Երբ կարդում ես դասագրքերը, տեսնում ես, թե հեռուստատեսությունն ինչ խեղաթյուրված է ներկայացնում այդ ամենը, զարմանում ես։ Դե արի ու այս սերնդին բացատրիր, որ այդպես չի եղել։

Շարժումը հուշերում

Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին, ես շտաբում էի՝ Գրողների միության շենքում։ Երբ նրանց տարան, ես գիտեի, թե որտեղ ինչ թղթեր կան։ Ռուս օմոնը հսկում էր տարածքը։ Լացակումած մոտեցա ու ասացի, որ տանս բանալին ներսում է մնացել, խնդրեցի, որ մտնեմ ու բանալին վերցնեմ։ Բայց ուշքս ու միտքս թղթերն էին։ Մտա, ինչ-որ բաներ վերցրի, բայց ոչ բանալիս։ Դուրս գալիս երկու աժդահաներ դեմս ելան։ Սարսափել էի։

Հիշում եմ նաև, որ զենք-զինամթերք էի հայթայթել՝ Բերդաձոր ուղարկելու համար։ Զենքերը տարա տուն, այն ժամանակ քույրերիս հետ վարձով էի մնում, պահեցի բազմոցի մեջ։ Մի անգամ մայրս հյուր էր եկել մեզ, ու հենց այդ բազմոցի վրա քնել էր։ Տղաները եկել էին, որ զենքը տանեն, Բերդաձոր պետք է գնային։ Ոչ մի կերպ չէր ստացվում մորս ինչ-որ պատրվակով սենյակից դուրս հանել, որ զենքերն աննկատ դուրս բերեն։ Ի վերջո խնդրեցի, որ վեր կենա բազմոցից, բացեցի ու զենքերը հանեցի։ Զարմացել էր։ Գիտեր, որ ցույցերի ակտիվ մասնակից ենք, բայց որ զենքերի հետ էլ գործ ունենք, անակնկալ էր նրա համար։






Մեկնաբանություններ - 1

jh     16.03.2018 ddfdffd
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: