Հայերեն   English   Русский  

Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը


  
դիտումներ: 2164

Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց:

Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում: Բանախոսներն էին `պատմաբան դոկտ. Կարո Մոմջյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Սթիվեն Դադայանը, ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամներ Լևոն Կիրակոսյանը և Վաչե Թոմասյանը:

Ստորև ներկայացված են հատվածներ համաժողովում Հարութ Սասունյանի ունեցած ելույթից.

Միավորված ազգերի կազմակեպության Անվտանգության խորհուրդը 1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ ընդունել է չորս բանաձև, պահանջելով հայկական ուժերի դուրսբերում, բոլոր ռազմական գործողությունների դադարեցում և կոչ անելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս չորս բանաձևերը հաճախ են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գտնվում են Ադրբեջանի իշխանությունների խիստ հսկողության տակ: Վերջին 25 տարիների ընթացքում ադրբեջանցիները բազմիցս դատապարտել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը չկատարելու համար և դրանք դարձրել Հայաստանի դեմ շարունակվող իրենց քարոզչական պատերազմի մի մասը:

Սակայն, Ադրբեջանը խեղաթյուրել է այդ բանաձևերի բովանդակությունն ու համատեքստը`փորձելով մոլորության մեջ պահել միջազգային հասարակական կարծիքը: Ադրբեջանը հենց ինքը չի կատարել այս բանաձևերը: Երբ մի կողմը (Ադրբեջան) խախտում է այս բանաձևերը, նա չի կարող մեղադրել մյուս կողմին (Հայաստան) դրանք չկատարելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը մշտական անդամներ են և ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), իսկ մյուսը տասը՝ ոչ մշտական անդամներ են և ընտրվում են երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատու է ազգերի միջև խաղաղության և անվտանգության ապահովման համար: ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները:

Հատկապես կեղծավորություն է Թուրքիայի կառավարության կողմից Հայաստանին մեղադրելը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը չկատարելու համար, այն դեպքում, երբ Թուրքիան ինքն է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի քան 60 բանաձևերը, սկսած 1974 թվականից՝ Հյուսիսային Կիպրոս ներխուժելուց հետո:

Այժմ եկեք դիտարկենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերից յուրաքանչյուրը, որոնք միաձայն ընդունվել են 15 անդամ պետությունների կողմից: Այս չորս բանաձևերի որոշ դրույթների վերջում ավելացրել եմ իմ մեկնաբանությունները սևատառատեսակով:

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. ապրիլի 30-ին.

«Պահանջում է բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում կայուն զինադադար հաստատելու համար, ինչպես նաև բոլոր գրավող ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից և Ադրբեջանի վերջերս գրավված այլ տարածքներից»: Վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարը՝ շարունակ կրակելով Արցախի և Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով:

«Կողմերին կոչ է արել անհապաղ վերսկսել հակամարտության կարգավորման համար բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակներում և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի խնդրի խաղաղ լուծմանը»: Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի (հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ) Մինսկի խումբը բաղկացած է երեք համանախագահներից` ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան. նրանք են հանդիսանում պաշտոնական միջնորդները, որոնք կօգնեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այլ ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը...

«Կոչ է անում անարգել մուտք ապահովել տարածաշրջանում միջազգային մարդասիրական օգնության համար, մասնավորապես հակամարտության ազդեցության տակ գտնվող բոլոր շրջաններում՝ քաղաքացիական բնակչության տառապանքները թեթևացնելու նպատակով և վերահաստատում է, որ բոլոր կողմերը պարտավորվում են պահպանել միջազգային մարդասիրական սկզբունքներն ու կանոնները»: Չնայած այս դրույթին՝ Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Արցախի ժողովրդին միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը:

Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 853 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հուլիսի 29-ին.

«Մեկ անգամ ևս իր խոր մտահոգությունն արտահայտելով Ադրբեջանի Հանրապետությունում մեծ թվով քաղաքացիների տեղահանման և տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ»: «Տարածաշրջանում լուրջ մարդասիրական արտակարգ իրավիճակի վերաբերյալ» հղումը վերաբերում է նաև Ադրբեջանի հայ փախստականներին:

«Վերահաստատելով Ադրբեջանի Հանրապետության և տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Այս դրույթը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

«Վերահաստատելով նաև միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը տարածք ձեռք բերելու համար»: Համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արձանագրությունների՝ Արցախի հայերն ունեն ինքնորոշման իրավունք:

«Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերի համատեքստում կրկնում է իր ավելի վաղ կոչերը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի վերականգնման համար»: Այս դրույթը խախտում են Ադրբեջանը և Թուրքիան՝ իրենց կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակմամբ:

«Կոչ է անում շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կխոչընդոտի հակամարտության խաղաղ կարգավորմանը և հետամուտ լինել բանակցությունների վարմանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև նրանց միջև ուղիղ շփման շփման միջոցով` վերջնական կարգավորման նպատակով»: Հղումը «շահագրգիռ կողմերին» և «նրանց միջև ուղիղ շփմանը» ենթադրում է Արցախի ներգրավումը բանակցություններում, ինչպես եղել է նախկինում: Ադրբեջանը արգելափակել է Արցախի մասնակցությունը բանակցություններին:

«Կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր ազդեցությունը՝ հասնելու Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից իր 822 (1993 թ.) բանաձևի և սույն բանաձևի կատարմանը և այս կողմի՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի Մինսկի խմբի առաջարկի ընդունմանը»։ Հայաստանը համակարգում է իր բանակցային դիրքորոշումը Արցախի Հանրապետության կառավարության հետ: Սակայն, Արցախի դուրս բերումը բանակցություններից բարդացնում է համակարգման առաջադրանքը: Ավելին, Արցախը չլինելով ճանաչված պետություն և ՄԱԿ-ի անդամ, պարտավոր չէ կատարել այս բանաձևերից որևէ մեկը։

«Կոչ է անում պետություններին ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը կամ տարածքների երկարատև գրավմանը»: Այս դրույթը խախտում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Չեխիան, Ուկրաինան, Պակիստանը և մի քանի այլ երկրներ, որոնք Ադրբեջանին մատակարարել են միլիարդավոր դոլարների զենքեր:

(շարունակությունը՝ հաջորդ շաբաթ)

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: