Հայերեն   English   Русский  

Այսօրվա բոլոր վատ ավանդույթների հիմքերը դրվել են հենց սկզբից. Վիգեն Հակոբյան


  
դիտումներ: 3784

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվիստ, 1989 թ․ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության համահիմնադիր, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Միացումը շարժմանը

1988 թիվն անսովոր երևույթ էր: Խորհրդային Միությունում, ճիշտ է, պերեստրոյկա էր, համեմատաբար ազատ խոսք կար, բայց ցույցեր, բողոքի ակցիաներ չկային։

Աշխատում էի Աբովյանի «Սիրիուս» գործարանում։ Եթե ճիշտ եմ հիշում, փետրվարի 20-ն էր, իմացա, որ հանրահավաք է լինելու: Չեմ հիշում, թե որտեղից, գուցե թռուցիկներից։ Եվ առաջին իսկ հանրահավաքին որպես շարքային մասնակցեցի։ Չեմ կարող ասել, թե լավ տեղեկացված էինք Ղարաբաղի մասին, պարզապես հետաքրքիր էր։ Նորություն էր, որ Խորհրդային Միությունում կարող է լինել ցույց ոչ սովետական թեմաներով։

Սկզբում այդ ամենը հետաքրքրական էր։ Բայց հսկայական ծավալով նյութեր էին շրջանառվում, մեծ մասամբ՝ պատմական նյութեր, բաց նամակներ, որոնցում էլի պատմական էքսկուրսը կար։ Մարդիկ միտինգների ընթացքում բառացիորեն ինքնակրթվեցին, սովետական մարդուց դարձան քաղաքացի, ոմանք էլ կամաց-կամաց քաղաքականացվեցին։

Հիշում եմ՝ միտինգի ժամանակ տոպրակ էին տալիս, որը ձեռքից ձեռք էր փոխանցվում, մարդիկ մեջը փող էին լցնում, որ նստացույց, հացադուլ անողների համար անհրաժեշտ պարագաներ գնվեն, ոչ ոք չէր գողանում։ Ռոմանտիզմի մթնոլորտ էր, որը շատ էր ոգևորում։

Պայքար օրենքի շրջանակներում

Այն ժամանակ դեռ փորձ չունեինք, ու միամտություն կար, թե քանի որ մեր պահանջն արդար է, ինչպե՞ս կարող են դրան ուշադրություն չդարձնել: Մտածում էինք, որ մի քիչ էլ պայքարենք, արդյունքի կհասնենք, մանավանդ լուրեր էին գալիս, որ Ղարաբաղում էլ են ակտիվ պրոցեսներ ընթանում։

Մենք հավատում էինք, որ մեր պահանջը տեղավորվում է պերեստրոյկայի քաղաքականության շրջանակներում, որ եղած անարդարությունները բարձրաձայնելով, բողոքելով՝ հնարվոր է լուծել։ Այն ժամանակ ընդունված բան էր նամակներ գրելը։ Մտավորականները, որոնք լուրջ հեղինակություններ էին, նամակներ էին հղում Գորբաչովին, և այդ նամակները պատճենվում ու տարածվում էին, մարդիկ հատուկ կարդում ու ոգևորվում էին։ Դա էլ պրոցեսներ էր առաջացնում՝ ամեն նամակ նոր գաղափարներ ու նոր մարդկանց էր բերում հրապարակ։ Ու ամեն հանրահավաքին կրկնապատկվում ու եռապատկվում էր մարդկանց թիվը։

Սկզբնական փուլում մի օր գիշերային երթ եղավ, երթի պոչը չէր երևում։

Շարժման առաջին փուլը և հետագա 1-2 տարին բացառիկ կազմակերպվածությամբ էին աչքի ընկնում․ մարդիկ հասկանում էին, որ որևէ պրովոկացիա չպետք է լինի, որ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվի։

Երբ տպագրվեց «Эмоции и разум» վերնագրով նյութը «Պրավդա» թերթում, առաջին անգամ հասկացանք, որ հարցը միայն ցույցերով չի լուծվելու։ Բայց մարդիկ շատ էին վիրավորվել, որ հայերին «էքստրեմիստ» էին անվանել։ Դա էլ ավելի շատ մարդկանց փողոց դուրս բերեց։

Պայքարն ու աշխատանքը

Ցույցից հետո, երբ գործարան էի գնում, ունեցածս ինֆորմացիան տարածում էի, տեղեկացնում ընդունված որոշումների, հաջորդող քայլերի մասին։ «Սիրուսը» խոշոր ձեռնարկություն էր, մի քանի հազար մարդ էր աշխատում, ու այդպես տեղում էլ խմբեր էին ձևավորվում, որոնք էլ իրենց հերթին էին միջոցառումներ կազմակերպում։ Այդպես նախաձեռնեցինք և Աբովյանից ոտքով մինչև Օպերայի հրապարակ հասանք, ինչը հետո դարձավ ավանդույթ։

Իսկ հիմնարկի ղեկավարության կողմից ճնշումներ չեն եղել։ Ղեկավարությունն էլ շատ արագ ներքաշվեց այդ պրոցեսում, իրենք էլ էին ասում՝ մենք էլ ենք հայ, մենք էլ ենք նույնն ուզում։ Արագ եկավ պահը, երբ անցանք գործադուլների։ Շուրջ 300 միջին և խոշոր գործարաններ կային Հայաստանում։ Եվ լուրջ ռեպրեսիաների դրվագներ չեմ հիշում։

Այն ժամանակվա ձեռնարկությունների ղեկավարությունը բավականին լիբերալ էր տրամադրված, որը նաև պայմանավորված էր հանրապետության ղեկավարության լոյալ վերաբերմունքով։

Երբ միացումից բացի, նաև անկախություն պահանջեցինք

Անկախության համար պայքարն այնքան էլ արագ չմտավ պրոցեսի մեջ։ Հիշում եմ՝ երբեմն, երբ օրինակ՝ Մովսես Գորգիսյանը փորձում էր եռագույնը բարձրացնել, կամ Պարույր Հայրիկյանը դրսից նամակ էր ուղարկում իր ոճով, ասում էին, որ դրա ժամանակը չէ։ Փորձում էին հնարավորինս տարանջատել հարցերը, ասվում էր, որ այդ պահին խնդիրը Ղարաբաղի միացումն է, պետք է կենտրոնանանք դրա լուծման վրա։

Անկախության պահանջին եկանք, երբ «Ղարաբաղ» կոմիտեին բաց թողեցին, 89 թվականն էր։ Երբ նրանք ձերբակալված էին, ձևավորվեցին անկախական լուրջ կառույցներ։

Ես Սահմանադրական խմբերի միությունում էի ընդգրկվել, 26 կոմիսարների շրջանի՝ ներկայիս Արաբկիրի սահմանադրական խմբում էի։ Ղեկավարը Հրանտ Խաչատրյանն էր։ Արաբկիրի սահմանադրական խումբը գաղափարախոսությամբ անկախական էր և բավականին ընդդիմադիր դիրքորոշում ուներ, այդ թվում և «Ղարաբաղ» կոմիտեին։ Շուտով Արաբկիրի սահմանադրական խումբն առանձին կուսակցություն դարձավ, ձևավորվեց «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունը, որն առաջիններից էր։ Հետո Աշոտ Նավասարդյանը Հանրապետականը ձևավորեց, որը սերտ համագործակցում էր ՍԻՄ-ի հետ։ Այսինքն՝ անկախության գաղափարախոսությունն աստիճանաբար սկսեց գերակայել։

Կարծում եմ՝ «Ղարաբաղ» կոմիտեի շրջանակներում էլ կային տարաձայնություններ այս առումով։ Մարդիկ կային, որոնք ասում էին, թե պերեստրոյկայի շրջանակներում պետք է հարցը լուծել, կային և այնպիսիք, որ ասում էին՝ միաժամանակ նաև անկախության հարցը պետք է առաջ տանել։

Աստիճանաբար անկախության պահանջը սկսեց նաև հարթակից հնչել։ Հասկացել էինք, որ Ղարաբաղի հարցը Սովետական Միության շրջանակներում լուծվող հարց չէ։ Կարծում եմ՝ անկախության պահանջի տենդենցը նաև մերձբալթյան երկրներից էր գալիս, այդ առումով նրանք առաջամարտիկներն էին։

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունենք

Այն ժամանակ մեր պայքարում դոմինանտը Արցախն էր, բայց անկախության, ազատության հասնելու տարրեր կային այդ ամենում։ Մենք չէինք կարծում, որ այս տիպի համակարգ և այս տիպի երկիր է լինելու։ Այն ժամանակ մաքուր ռոմանտիզմ կար և մեծ հավատ։

Թերևս ամենամեծ բանը, որ ունենք, Ղարաբաղի ստատուս քվոն է։ Ճիշտ է, դե յուրե հարցը չի լուծվել, բայց դե ֆակտո մեր ձեռքերում է։ Այո, պայքարի արդյունքը Ղարաբաղի ստատուս քվոն է։ Իսկ ինչ վերաբերում է անկախությանը, դե յուրե անկախություն է, դե ֆակտո այնքան էլ վստահ չեմ։ Կարծում եմ՝ ամենապրոբլեմատիկ հետևանքը, որ ունեցանք, այն է, որ ըստ էության ժողովրդի մի մասը հիասթափվեց, կորցրեց հավատն իր ուժերի նկատմամբ։ Ներկայում արժևորված չէ անկախությունը, դրա համար էլ հայերը, փոխանակ փորձեն պայքարով իրենց հարցը լուծել, հիմնականում առաջնորդվում են հետևյալ մոտեցմամբ. լավ չլինի, կթողնեմ կգնամ։ Այսինքն՝ անկախ երկիրն արժեք չէ։ Այն ժամանակ ասում էին՝ երկար ժամանակ անկախություն չենք ունեցել, այդ պատճառով չունենք պետականության ավանդույթ, ես վստահ չեմ, որ այս համարյա 30 տարիների ընթացքում մեզ մոտ կա այդ պետականության զգացումը և արժևորումը։

Ավելին, հիմա դեգրադացիոն շրջանում ենք։ Ցավով եմ արձանագրում՝ եթե անկախության հանրաքվեի նույն հարցը հիմա դրվի քվեարկության ու չկեղծվի, ապա բավականին տխուր արդյունքներ կարող ենք ունենալ։

Որտե՞ղ թերացանք

Կարծում եմ՝ այս ամենն աստիճանաբար եղավ։ Բոլոր իշխանությունները կաթիլ առ կաթիլ բերեցին սրան։ 90-ականների սկզբից արդեն այն ոգևորությունը չկար։ 90 թվականից ռեալ ընդդմիություն եմ եղել։ Արդեն 91-92 թվականներին կար հզոր ընդդիմություն, ԱԺՄ-ն ստեղծվեց, կային ՍԻՄ-ը և Հանրապետականը։

Սկսվեց մի պրոցես, որը տանում էր հիասթափության։ Այն բոլոր բարքերը, որ կոմունիստների օրոք քննադատվում էին, անկախ ժամանակաշրջանում էլ ավելի ծաղկեցին։ Պատճառները տարբեր էին, բեսպրեդել ու պատերազմ էր։ Այդ ամենն աստիճանաբար բերեց հիասթափություն։ Բայց մի քանի պիկ եղավ, երբ մարդիկ ընդվզում էին, օրինակ՝ 96-ին, 2000-ականներին։

Իշխանությունը քաղցր բան է երևի, դրա համար էլ հանգեցրեց վերարտադրության։ Այդ ժամանակ հենց կարկառուն ՀՀՇ-ականների թեթև ձեռքով մտավ «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը։ Արդեն փողի, ուժի համը տեսել էին և հասկանում էին, որ կան մեխանիզմներ, որոնցով կարելի է իշխանությունը պահել։ 1995-ին ես Հրանտ Խաչատրյանի վստահված անձն էի, և այն ժամանակ արդեն իսկ ընտրողներին ընտրակաշառք էին տալիս, բայց սննդի տեսքով։ Այդ ամենը նոր էր սկսվում, դեռ մասսայական չէր։ Հետո որպես օրգանական շարունակություն եղավ 96-ը։

Չեմ կարող ասել, որ ժողովուրդը պահանջատեր չեղավ, բայց այն ժամանակ արդեն ժողովրդի դիմաց կանգնած էր ուժային ապարատը։ Այդ ամեն ինչի արդյունքում 98-ին եղավ թեկուզ պալատական, բայց հեղաշրջում։ Կարծում եմ՝ դա եղավ այն նպատակով, որ ժողովուրդը դա չանի։

Այսօրվա բոլոր վատ ավանդույթների հիմքերը դրվել են հենց սկզբից։ Շարժման ժամանակ էլ կային բավականին լուրջ պրոբլեմներ։ Օրինակ՝ չեմ կարող ասել, որ շարժումը հանդուրժող էր իր ընդդիմադիրների ու անգամ կոնստրուկտիվ ընդդիմախոսների հանդեպ։ ՀՀՇ-ի առաջին համագումարի ժամանակ Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ից, որ ընդդիմադիր էր, փորձեց ելույթ ունենալ, և այնտեղ անգամ բռնության դեպքեր եղան։

Նույն շարժման մեջ էլ այդ ծիլերը զգացվում էին։ Ինչ-որ պահից սկսած՝ գուցե իշխանությունը ֆիքսելուց հետո, առավել քան երևաց, որ կան լուրջ խմբային շահեր։

Ինչը կփոխեր

Դժվար է այդ հարցին պատասխանել։ Հիմա շատ բան կուզենայի փոխել, բայց դա էլ է ռոմանտիզմ։ Հիմա ասում եմ, որ շատ թերություններ կային, հոռի բարքեր, որոնք հետագայում հանգեցրին համակարգային կոլապսի, բայց միևնույն ժամանակ բարդ ժամանակներ էին։

Շարժումը հուշերում

Դրվագներով չեմ կարող հիշել։ Բայց շարժման հիշողությունները բավականին ջերմ են, քանի որ այն ժամանակ մեզ զգում էինք ուժ, որ ամեն հարց կարող է լուծել, հիմա ճիշտ հակառակն է, հիմա զգում ենք, որ ոչինչ չենք կարող լուծել ու դրա համար մեղադրում ենք բոլորին։

Ի տարբերություն այն ժամանակվա, հիմա մեզ կոնսոլիդացնող գաղափար չենք կարողանում գտնել։ Եթե գտնում էլ ենք, ավելի շատ էմոցիոնալ բնույթի է, որն իր ժամկետն ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: