Հայերեն   English   Русский  

​Իրինա Գասպարյան. սաքսոֆոնի տիրուհին


  
դիտումներ: 13615

Սաքսոֆոնահար, Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի ղեկավար Իրինա Գասպարյանը շտապում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարան՝ ներկա գտնվելու իր սաների մասնակցությամբ համերգին: Համենայն դեպս, իրեն այդպես էին տեղեկացրել:

Մտնելով համերգասրահ՝ Իրինան անակնկալի է գալիս. դահլիճը հանկարծ լուսավորվում է, հավաքվածները ոտքի են կանգնում և վանկարկում՝ շնոր-հա-վոր: Լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում, հանկարծ նկատում է բեմի վրա փակցված իր մեծ լուսանկարը: Սիրտը սկսում է արագ բաբախել. դահլիճի շնորհավորանքներն ուղղված էին իրեն՝ ծննդյան օրվա առթիվ:

Իրինա Գասպարյան

«Այս դահլիճում գտնվողները, բացի մեկից, գիտեն մեր համերգի խորագիրը։ Բոլորի և այդ անտեղյակ մեկի համար հայտարարում եմ՝ սաքսոֆոնահար, մանկավարժ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Իրինա Գասպարյանին նվիրված ցերեկույթը բացված է»։ Համերգավարուհու խոսքերին հաջորդում են բուռն ծափահարությունները, իսկ Իրինան, շփոթված, շնչակտուր, փորձում է ուշքի գալ:

«Սիրելի ընկեր Գասպարյան, ճանաչելով Ձեզ, վստահ եմ, որ համեստությունից ելնելով՝ հենց հիմա ուզում եք փախչել այս դահլիճից, բայց ստիպված եք նստել և լսել այն, ինչ սիրով պատրաստել ենք,- շարունակում է համերգավարուհին,- այո, երբ այսպիսի մեծ, բայց չափազանց համեստ մարդը մասնագիտությամբ երաժիշտ է և իր կյանքի մեծ մասը նվիրել է բեմին ու մանկավարժությանը, երբ այդ մարդը վայելում է աշակերտների, ծնողների, ընկերների, կոլեգաների անսահման սերը, այդպիսի մարդու ծննդյան օրը պետք է դարձնել տոն»։

Իրինա Գասպարյան

Եվ այդպես շուրջ մեկուկես ժամ միջոցառումն իսկապես վերածվում է անակնկալներով լի տոնի, տոն, որի ընթացքում ոչ միայն գլխավոր հերոսը՝ Իրինա Գասպարյանն է շառագունում ու հուզվում, այլև ողջ դահլիճը:

***

80-ականներն էին: Իրինայի մայրը՝ տիկին Սուսաննան, աղջկան տանում է թիվ 13 երաժշտական դպրոց և ընդունում դաշնամուրային բաժին։ Իրինան սիրում է դաշնամուրը, սովորում է գերազանց, բայց մի գեղեցիկ օր, լսելով դպրոցի դասասենյակներից մեկից հնչող մեղեդին, գնում է ձայնի հետևից: Մոտենում է կիսաբաց դռանն ու թաքուն հետևում: Երիտասարդը սաքսոֆոն էր նվագում: Իրինան առաջին անգամ էր տեսնում սաքսոֆոն: Գործիքի արձակած հնչյուններն այնքան գեղեցիկ էին, այնքան տպավորիչ, որ շտապելով տուն՝ Իրինան հայտարարում է. «Այլևս չեմ ուզում դաշնամուրի գնալ, ուզում եմ սաքսոֆոն նվագել»:

Իրինայի մայրը ոչ մի կերպ չէր համաձայնում: Նա չէր կարող պատկերացնել անգամ աղջկան՝ սաքսոֆոնը ձեռքին: Ո՞նց կարող է աղջիկը սաքսոֆոն նվագել։ Նա փորձում էր աղջկան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից: Այո, ժամանակի կարծրատիպերն ամուր էին, բայց Իրինան հեշտ համոզվողներից չէր: Նա հացադուլ է հայտարարում այնքան ժամանակ, մինչև մայրն է հանձնվում: Այդ օրվանից սաքսոֆոնը դառնում է Իրինայի կյանքի անբաժան մասը:

Իրինա Գասպարյանի սաքսոֆոնի առաջին ուսուցիչը Էդուարդ Բախչինյանն էր՝ երևանյան ջազի անվանի դեմքերից մեկը: Պատահական չէ, որ Արմեն Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի մի քանի էջ նվիրված է Էդուարդ Բախչինյանին, որտեղ նշված են նաև վերջինիս հայտնի սաների անունները՝ Արմեն Ուսնունց, Գերասիմ Սարգսյան, Իրինա Գասպարյան։

Էդուարդ Բախչինյանի քույրը, որ նույնպես ներկա էր Իրինային նվիրված ցերեկույթին, հիշում է. «Մի օր եղբայրս ուրախ տուն եկավ՝ ձեռքին մի թերթ: Բաց արեց թերթը ու մի նկար ցույց տվեց. ինքն էր՝ նստած, շուրջը՝ իր աշակերտները: Նայեցի ու զգացի, որ աշակերտներից մեկն աղջիկ է: Զարմացած ասացի՝ էս աղջի՞կ էլ կա ձեզ մոտ: Ասաց՝ այո: Ասացի՝ գոնե կարողանո՞ւմ է մի քիչ փչել: Ասաց՝ լսիր, նա ոչ միայն կարողանում է փչել, այլև իմ ամենալավ աշակերտներից մեկն է, տասը տղա արժի»:

Իրինա Գասպարյան

Դպրոցական տարիներին արդեն ակնհայտ էր «տղամարդկային» նվագարանին նրբորեն ու վարպետությամբ տիրապետելու տաղանդը: Նա մասնակցում էր բազմաթիվ մրցույթների Հայաստանում ու արտերկրում և մշտապես վերադառանում հաղթանակներով: Կոմիտասի անվան կոնսերվատորիայում նրա ուսուցիչը պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանն էր: Ի դեպ, ընդունելության քննության ժամանակ, երբ Իրինան նվագում է, դահլիճի մոտով անցնելիս է լինում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և լսելով նրա նվագը՝ բացում է դուռն ու հիացած ասում. «Այս ինչ հանճար է ընդունվում մեզ մոտ»։

Դեռևս ուսանող՝ Իրինային աշխատանքի են հրավիրում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց։ Այդպես սկսվում է նրա մանկավարժական գործունեությունը, որը շարունակվում է արդեն 26 տարի:

Իրինա Գասպարյան

2009 թվականից Իրինան աշխատում է Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ նաև հիմնել ու ղեկավարում է փողային նվագախումբ։ 2017 թ. նվագախումբը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու «Օրանժ Քոբուլեթի» մրցույթին և զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն թվականի աշնանը նվագախումբը մեկնել է Ֆրանսիայի Լը Պլեսսի Ռոբինսոն քաղաք, որտեղ հայ-ֆրանսիական միացյալ մեծ նվագախմբով տպավորիչ ելույթներ է ունեցել։ Բացի Ալ. Հեքիմյանի անվան դպրոցից, Իրինա Գասպարյանը դասավանդում է նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:

Իրինա Գասպարյանին նվիրված ցերեկույթի ընթացքում սիրելի ուսուցչուհուն տեսաձայնային կապով ողջույններ էին հղում աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ սովորող սաները:

2012 թվականին Իրինա Գասպարյանին շնորհվել է «Տարվա լավագույն մանկավարժ» կոչումը, 2014-ին՝ Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչում, արժանացել է նաև Ոսկե հուշամեդալի։

Բացի մանկավարժական գործունեությունից, Իրինան մինչ օրս ակտիվ երաժիշտ է: Աշխատում է «Երևան» պետական փողային և Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբերում: Երկու նվագախմբում էլ նա միակ կին սաքսոֆոնահարն է:

Իրինա Գասպարյանին նվիրված ցերեկույթում իրենց կատարումներով և տեսանյութերից հնչող ուղերձներով անակնկալի էին բերում ոչ միայն սաները, այլև երաժիշտ ընկերները, գործընկերները, սակայն ամենազվարճալի անակնկալը վերջում էր. իր ղեկավարած նվագախմբի անդամների 3 ծնողներ, որոնք անգամ փողային նվագարանների նոտաների տեղը չգիտեին, սովորել էին նվագել և այդպես շնորհավորեցին սիրելի ուսուցչուհուն:

Իրինա Գասպարյան

«Տիկի՛ն Գասպարյան, Դուք չգիտեք, բայց մենք արդեն երկու ամիս է՝ գաղտնի փորձեր ենք անում, սցենարներ ենք գրում ու այնքան զգույշ, որ դուք հանկարծ չնկատեք։ Կարծում ենք՝ անակնկալն իրոք ստացվեց»,- ցերեկույթն ամփոփում է համերգավարուհին, որը, ի դեպ, նվագախմբի սաներից մեկի մայրն է:

Համերգից հետո Իրինա Գասպարյանի հետ դժվար էր հարցազրույց անցկացնելը: Շատ հուզված էր: Այնուամենայնիվ, հիշեց առաջին քայլերը երաժշտության ասպարեզում, խոսեց այսօրվա մասին: Եվ հարցին, թե ինչ խորհուրդ կտա պատանիներին, երիտասարդներին, որոնք կանգնած են երաժշտության ճանապարհի սկզբին, ասաց. «Ուզում եք անկե՞ղծ: Առաջ ես իմ բոլոր աշակերտներին ուղարկում էի կոնսերվատորիա: Հիմա ասում եմ՝ նվագեք, սիրեք երաժշտությունը, բայց նաև ընտրեք մի մասնագիտություն, որով կկարողանաք լավ կյանք ապահովել: Այո, երաժիշտներն այսօր մեր երկրում բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն չունեն, ես դա ցավով եմ ասում, բայց դա է իրականությունը: Իսկ եթե արդեն ընտրել են այս ճանապարհը՝ այլ ճանապարհով պարզապես չեն գնա: Ով անկեղծ է մտնում սրա մեջ, այլևս դուրս չի գալիս: Ինչպես ես: Սա իմ կյանքն է, այս երեխաներն իմ կյանքն են, սաքսոֆոնն իմ կյանքն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: