Հայերեն   English   Русский  

​Արամ Ավագյան. «Յուրաքանչյուր մենամարտ կատարելագործվելու հնարավորություն է ընձեռում»


  
դիտումներ: 3111

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, այժմ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող Արամ Ավագյանը մարտի 17-ին Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում հերթական հաղթանակը տարավ` պարտության մատնելով ուզբեկ Բուրգուտ Հաջիբոևին:

«Անկախի» հետ զրույցում Արամ Ավագյանը պատմում է մենամարտից ստացած տպավորությունների, թիմակիցների հետ ԱՄՆ-ում անցկացրած արդյունավետ ուսումնամարզական հավաքի և առաջիկա ծրագրերի մասին:

- Արամ, պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցիք. շնորհավորում ենք:

- Շնորհակալ եմ: Հակառակորդս բավական ուժեղ էր, 5 մենամարտ էր անցկացրել և 5 հաղթանակ ուներ ու, կարելի է ասել, «նվեր» չէր ինձ համար: Մենամարտից առաջ անգամ նրա ոճին ծանոթանալու հնարավորություն չունեցա, քանի որ չկային համապատասխան տեսաձայնագրություններ: Բուրգուտ Հաջիբոևը համառ և կամային որակներով օժտված բռնցքամարտիկ էր: Մենամարտի ընթացքում, մի շարք հարվածներ որովայնին հասցնելուց հետո, կոտրեցի նրա համառությունը: Մրցակիցս աստիճանաբար սկսեց տեղի տալ և 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկվեց: Եթե 5-րդ ռաունդում մրցավարը չընդհատեր մենամարտը, հաջողությունը շարունակական կլիներ: Իբրև թե ռինգի անկյունում խնդիր էր առաջացել, և այդ ժամանակահատվածում հակառակորդս հասցրեց վերականգնվել: Սակայն հետագայում էլ բոլոր ռաունդներում առավելությունն իմն էր:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մարզիկների միջև մրցակցությունը սկսվում է կշռման արարողությունից: Ձեր մրցակիցը շատ ինքնավստահ էր, սակայն մենամարտի ժամանակ Դուք նրան ոչ մի հնարավորություն չտվեցիք:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ոչ միայն սպորտ է, այլև շոու: Բացի մենամարտից մարզիկը պետք է կարողանա նաև շոու ապահովել թե՛ մենամարտի ընթացքում, թե՛ կշռման արարողության ժամանակ: Այս ամենը կատարվում է հոգեբանական ճնշում գործադրելու և երկրպագուներին ավելի հետաքրքիր դառնալու համար: Մենամարտը սկսվում է արդեն իսկ հայացքներից: Մարզիկներ կան, որ իրենց ագրեսիվ են դրսևորում, հայացքով են փորձում ճնշել, մարզիկներ կան, որ պարզապես ժպտում են: Յուրաքանչյուրը կշռման արարողությանը մոտենալու հատուկ ձև ունի: Պետք է մինչ ռինգ դուրս գալն ամեն կերպ հակառակորդին ճնշել և հոգեբանորեն կոտրել, բայց և այնպես ամեն ինչ որոշվում է ռինգում:

Շատ կարևոր է ռինգ բարձրանալ տրամադրված և հաղթելու նպատակով: Պետք է վստահ մտնել, երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց և չպետք է կորցնել զգոնությունը, չպետք է թուլանալ ոչ մի դեպքում: Ուշադիր և սառնասիրտ պետք է գործել հաղթանակի հասնելու համար: Ռինգ դուրս գալիս, եթե մտածես ոչ թե հաղթելու, այլ մեկ այլ բանի մասին, ապա ոչինչ չի ստացվի:

- Մոսկվայի մենամարտից առաջ ուսումնամարզական հավաքի մասնակցեցիք ԱՄՆ-ում, ինչը հավանաբար դրական անդրադարձավ. հերթական հաղթանակը տոնեցիք:

- Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն բռնցքամարտի երկիր է: Տպավորված ենք, որ կարողացանք մուտք գործել այդ աշխարհ և անմիջապես ընտելանալ. բոլորը չէ, որ կարողանում են ընկալել այն: Ուսումնամարզական հավաքին մասնակցելով, նրանց մոտեցումները տեսնելով` նորովի ընկալեցինք ամեն ինչ: Վստահ կարող եմ ասել` կատարելագործվեցինք, մեծ փորձ ձեռք բերեցինք: Մենք նպատակ ունեինք մենամարտ անցկացնել ԱՄՆ-ում, սակայն ինչ-ինչ պատճառներով պլանները փոխվեցին, մենք նախատեսվածից շուտ վերադարձանք հայրենիք և մեկնեցինք Մոսկվա` մենամարտ անցկացնելու:

ԱՄՆ-ում մեզ մեծապես աջակցեցին Էդմոնդ Թահվերդյանը և ֆիզիկական պատրաստվածության մասնագետ Ջեսսին: Վերջինս մենամարտից առաջ շատ լավ նախապատրաստեց մեզ: Մեր պրոմոտորները` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու Արամ Դավթյանը, մշտապես անում են առավելագույնը, որպեսզի մենք լիարժեք պատրաստ լինենք բոլոր մենամարտերին: Եվ իհարկե բարձրակարգ մարզիչ, լեգենդար Դավիթ Թորոսյանի հետ մեզ ռինգում զգում ենք լիովին պատրաստ և անպարտելի:

- Փաստորեն պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու բավական փորձ ունեք արդեն: Ձեր գործելաոճում փոփոխություններ նկատու՞մ եք:

- Յուրաքանչյուր մենամարտ կատարելագործվելու հնարավորություն է ընձեռում: Կարևոր է շատ մենամարտերի մասնակցել, փորձ կուտակել: Այդ դեպքում ավելի հանգիստ ես դառնում ռինգում, ինչպես հարազատ միջավայրում: Սկզբնական շրջանում լարվածություն կա, վերջիվերջո դեռ սիրողական բռնցքամարտի ոճն է առկա: Անհամեմատելի է, երբ սիրողականից տեղափոխվում ես պրոֆեսիոնալ ռինգ: Ընթացքում մենամարտից մենամարտ վստահություն ես ձեռք բերում: Լարվածությունն ու հուզմունքն ընկնում են երկրորդ պլան, և սկսում ես չկենտրոնանալ այդ ուղղությամբ` դառնալով դրության տերն ու ավելի սառնասիրտ: Երբ համեմատում եմ առաջին և վերջին մենամարտերս, փոփոխություններն ակնհայտ են դրական առումով: Դա նկատում են թե՛ մարզիչս, թե՛ պրոմոտորներս: Դա իհարկե ոգևորում է ինձ:

Հաղթանակը պարտավորեցնում է: Պարտության դեպքում հարկավոր է հետևություններ անել, պատճառները հասկանալ: Յուրաքանչյուր մենամարտի պատրաստվելիս օգտագործում եմ իմ մաքսիմալ հնարավորությունները ռինգում ինչ-որ տեղ, ինչ-որ վայրկյան չթերանալու համար, որպեսզի հետ չնայեմ ու չափսոսամ թերանալուս համար: Ամեն մենամարտի պատրաստվում եմ՝ առավելագույն ուժերով, քնի, սննդի, հանգստի խստագույն ռեժիմ պահպանելով, քանի որ մեկը մյուսի հետ կապված է: Կարգապահության և աշխատասիրության հաշվին փորձում եմ այնպես անել, որ մենամարտի վերջում ամեն անգամ իմ ձեռքը բարձրացնեն ի նշան հաղթանակի:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուների ժամանակ դահլիճում մշտապես բազմաթիվ երկրպագուներ են լինում: Ռինգում նրանց արձագանքները լսելի՞ են:

- Մարզադահլիճում երկրպագուների, ընկերների ներկայությունը միշտ էլ ոգևորում է: Սակայն ռինգում ես լսում եմ միայն ու միայն մարզչիս՝ պարոն Թորոսյանի խորհուրդները և կենտոնանում եմ հակառակորդիս վրա: Երկրպագուների մեկնաբանություններն ու խորհուրդները ինձ համար լսելի չեն: Երկրպագուն ուրիշ աչքերով է հետևում մենամարտի ընթացքին, իսկ մասնագետը, հատկապես մարզիչը` այլ:

Նշեմ, որ էական նշանակություն չունի, թե աշխարհի որ անկյունում ես հանդես գալիս: Տարբերությունը հակառակորդների մեջ է: Մեծ ցանկություն ունեմ հանդես գալու Հայաստանում, որ էմոցիաներս փոխանցեմ իմ ժողովրդին և երկրպագուների աջակցությունը զգամ: Սակայն այդ ամենը դեռևս քննարկման փուլում է:

- Punch Boxing Promotions-ը թիմային աշխատանք է իրականացնում. տղաների հետ միասին մասնակցում եք հավաքների, հանդես եք գալիս միևնույն մրցաշարերում: Այս ամենը լրացուցիչ ոգևորություն հաղորդո՞ւմ է:

- Բռնցքամարտն անհատական մարզաձև է, սակայն թիմով կարծես մեկ ընտանիք լինենք, առայժ միշտ միասին ենք: Բայց դա հավերժ չէ: Վաղ թե ուշ առանձին կսկսենք հանդես գալ: Հնարավոր չէ մշտապես հանդես գալ նույն ռինգում: Երբ ընկերներդ կողքիդ են, լրացուցիչ դրական էներգիա են փոխանցում և ավելի ոգևորված, վստահ և համարձակ ես սկսում գործել ռինգում:

- Ձեր մարզիչը` պարոն Թորոսյանը, նշեց, որ Դուք կպայքարեք նաև Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

- Եթե մարզիչը կարծում է, որ կարող եմ հանդես գալ սիրողական բռնցքամարտում, ուրեմն ես պատրաստ եմ: Սիրողական բռնցքամարտում նպատակ ունեմ, որը անկատար մնաց Ռիոյի օլիմպիական խաղերում: Կփորձեմ նվաճել օլիմպիական ուղեգիր և մեկնել Տոկիո մեդալ նվաճելու նպատակով:

Կան բռնցքամարտիկներ, որոնք, սիրողականից տեղափոխվելով պրոֆեսիոնալ ռինգ, չեն կարողանում ընկալել պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Պայքարում են նախկին ձևերով, ինչն արդյունավետ չէ: Շատ հարվածներ են բաց թողնում, պարտություններ են կրում` վաղ թե ուշ թողնելով սպորտը: Իսկ ահա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը, երբ վերադառնում է սիրողական ռինգ, հանդիպում է մեկ այլ խնդրի՝ սահմանափակ ժամանակին: Պրոֆեսիոնալ ռինգում մարզիկն ունի 12 ռաունդ և կուլմինացիային հասնում է աստիճանաբար, հանգիստ և հանդարտ` վերջին հնչեղ ակորդով վերջակետ դնելով: Սիրողական բռնցքամարտում մարզիկը պետք է 3 ռաունդներում ներդնի իր ողջ արսենալը, այլապես ոչինչ չի հասցնի: Նման դեպք պատահեց Նարեկ Աբգարյանի հետ: Նա, պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեջ լինելով, մասնակցեց Եվրոպայի առաջնության և ժամանակի մեջ պարզապես չտեղավորվեց, թեև հակառակորդից ուժեղ էր:

Ներկայումս կենտրոնացած մարզվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որովհետև այստեղ ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջվում, ռաունդների քանակը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է շատ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանգիստ չկա: Սա աշխատանք է: Ես շարունակում եմ մարզումներս` օրական 2 պարապմունք անցկացնելով, ռեժիմին հետևելով: Հերթական մենամարտը կանցկացնեմ մայիսին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: