Հայերեն   English   Русский  

​ԿԻՊՐՈՍ


  
դիտումներ: 3254

Կիպրոս կղզին գտնվում է Հայկական բարձրավանդակի հարևանությամբ, և հայ-կիպրական քաղաքական, ռազմական, մշակութային հարաբերությունները դեռևս միջնադարից շատ սերտ են եղել:

Հայերը Կիպրոսում հաստատվել են IV դարում: Իսկ XII դարից սկսած՝ կղզում ստվարացավ հայ բնակչության թիվը: Դա պայմանավորված էր թե՛ Բագրատունյաց թագավորության անկումով, թե՛ այն իրողությամբ, որ Կիպրոսի հարևանությամբ գտնվող Կիլիկիան դարձավ հայության երկրորդ բնօրրանը. այնտեղ ազգային պետություն ստեղծվեց՝ Ռուբինյանների իշխանապետությունը, որը հետագայում՝ 1198 թ., հռչակվեց թագավորություն:

Կիպրոսի Հանրապետությունը, որ մտնում է Բրիտանական համագործակցության մեջ, հունական երկրորդ պետությունն է աշխարհում: Կիպրոս կղզին գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսարևելյան հատվածում՝ պատմական Հայոց Կիլիկիայի սահմաններից ոչ հեռու, Իսոսի ծոցի հարևանությամբ (Իսոսի ծոցը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Հայոց ծոց):

Կիպրոս բառը մի տեսակետի համաձայն՝ լատիներեն նշանակում է նոճիների երկիր: Կղզում շատ նոճիներ կան: Մեկ այլ բացատրության համաձայն՝ բառի հիմքում կուպրումն է՝ պղինձը, քանզի կղզու ընդերքը հարուստ է պղնձի հանքերով:

Կիպրոսը դեռևս մ.թ.ա. II հազարամյակում գաղութացրել են նախ աքքայան հելլենական ցեղերը, ապա՝ փյունիկացիները: Կղզու համար պայքարում, ի վերջո, հաղթեցին հելլենները:

Կղզու դիրքը շատ հարմար է ոչ միայն նավագնացության համար: Այն նաև տնտեսական գրավչություն ունի: Կիպրոսը յուրատեսակ կապող օղակ է միջերկրածովյան ավազանի երկրների և Արևելքի միջև: Եվ կղզին միշտ եղել է նվաճողների ուշադրության կենտրոնում:

Ժամանակին մեկը մյուսի հետևից Կիպրոսի նկատմամբ հավակնություններ են ցուցաբերել և կղզին գրավել են Ասորեստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Ալեքսանդր Մակեդոնացին, նրա տերության մասնատումից հետո՝ Եգիպտոսի Պտղոմյանները, իսկ մ.թ.ա. առաջին դարում՝ Հռոմեական Հանրապետությունը:

V դարում` Հռոմեական կայսրության կործանումից հետո, կղզին անցավ Բյուզանդական կայսրությանը: VIII դարից սկսած` Կիպրոսը շարունակ կռվախնձոր էր Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության միջև և հաճախ ձեռքից ձեռք էր անցնում:

1080 թ. Կիլիկիայում ձևավորվեց Ռուբինյանների անկախ իշխանապետությունը, որը 1198 թ. հռչակվեց թագավորություն: Հատկապես Լևոն Բ-ի օրոք (1187-1219) հայ-կիպրական հարաբերությունները սերտացան: Հայոց արքան ցանկանում էր Կիպրոսն ընդգրկել իր պետության ազդեցության ոլորտում:

1191 թ. Կիպրոս կղզին գրավեցին խաչակիրները: Մեկ տարի անց այնտեղ ձևավորվեց Կիպրոսի թագավորությունը` ֆրանսիական ծագմամբ Լուսինյան արքայատոհմի գլխավորությամբ:

Կիպրոսի Լուսինյանների ներկայացուցիչները XIV դարի վերջին՝ հայոց երկրում Հեթումյանների արքայատոհմի սպառումից հետո, գահ բարձրացան Կիլիկիայի հայոց թագավորությունում և Կիլիկիայում հիմք դրեցին Լուսինյան հարստությանը: Բնականաբար Լուսինյանների համար Կիլիկիո գահը մատչելի դարձավ շնորհիվ նրանց և Հեթումյանների միջև խնամիական կապերի:

1375 թ.՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, հայոց թագավոր տիտղոսն անցավ Կիպրոսի Հակոբ Ա Լուսինյան թագավորին: Նրա ժառանգներն այդ տիտղոսը կրեցին մինչև 1489 թ.` Գորնարիոն թագուհու մահը: Հակոբ Բ-ի նախորդը` Շառլոտա թագուհին, Կիպրոսի գահը հանձնեց իր եղբորորդուն` Կառլոս Պատերազմիկին, որ Սավոյայի դուքսն էր: Այնուհետ Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավորները մինչև 1946 թ., ի թիվս այլ տիտղոսների, կրում էին նաև հայոց թագավոր տիտղոսը:

1489 թ. կործանվում է նաև Կիպրոսի թագավորությունը, և Կիպրոս կղզին անցնում է Վենետիկի Հանրապետությանը: Այս վիճակը պահպանվեց մինչև 1571 թ.՝ կղզու թուրքական նվաճումը: 1878 թ. թուրքերը կղզին զիջեցին անգլիացիներին:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբից անգլիական զորքերը մտան Կիպրոս և կղզին կցեցին Բրիտանական կայսրությանը:

Կիպրոսցիները, սակայն, ձգտում էին ազգային պետականության ստեղծման և շարունակ պայքար էին մղում հանուն անկախության: Վերջապես 1959 թ. Կիպրոսի անկախությունը ճանաչվեց Անգլիայի, Հունաստանի և Թուրքիայի կողմից: Հատուկ պայմանագրով, սակայն, անգլիացիները կղզում ռազմաբազաներ տեղակայելու իրավունք ստացան, իսկ Հունաստանն ու Թուրքիան իրենց հերթին զորամասեր պահելու արտոնություն ստացան: 1960 թ. Կիպրոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

Կիպրոս կղզու հիմնական բնակիչներն այսօր հույներն ու թուրքերն են: Կղզին իր հերթին բաժանված է երկու մասի՝ Հյուսիսային (թուրքական) և Հարավային (հունական):

Կիպրոսի Հանրապետության սահմանադրության համաձայն (ընդունվել է 1960 թ.)՝ հանրապետության նախագահը պետք է հույն լինի, փոխնախագահը՝ թուրք:

Երկրի միապալատ պառլամենտի 50 անդամներից 35-ը պետք է հույն լինեն, 15-ը՝ թուրք: Սակայն այս կարգը չի գործում կղզի թուրքական զորքերի ներխուժումից և կղզու հյուսիսային հատվածը գրավելուց հետո:

Դեռևս 1963 թ. զինված բախումներ եղան Կիպրոսի հույն և թուրք բնակչության միջև: Բախումները հրահրվում էին Թուրքիայի Հանրապետության կողմից: Միջազգային կազմակերպությունները միջամտեցին և մեկ տարի անց՝ 1964 թ., Կիպրոս մտցվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը:

Դա ամենևին էլ չլիցքաթափեց վիճակը: Կղզու հույն բնակչության շրջանում մեծանում էր Հունաստանին միավորվելու ձգտումը: Եվ 1974 թ. զինվորականությունն ապստամբեց կառավարության դեմ՝ պահանջելով միավորել կղզին Հունաստանին: Ի պատասխան՝ թուրքական բանակը մտավ կղզի և գրավեց Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ տարածքի մոտ 40 տոկոսը: Ի դեպ, թուրքական համայնքը կազմում է կղզու ողջ բնակչության սոսկ 18 տոկոսը:

Կղզում բրիտանական երկու ռազմաբազա կա Դեկելիայի և Ակրոտիլի շրջաններում, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահների հսկողության տակ գտնվող Կանաչ գոտին: Այս պայմաններում կղզու հունական մասը կազմում է ընդհանուր տարածքի կեսից քիչ ավելին:

Թուրքական ներխուժմանը հետևեց Հյուսիային Կիպրոսում թուրքական հանրապետության հռչակումը: Սա ավելի սրեց իրավիճակն ու խնդիրը փակուղի մտցրեց: Թուրքական կողմի ջանքերով կղզու միասնականությունը պառակտվեց:

Ներկայումս Կիպրոսի հարավային՝ հունական հատվածում շուրջ 5000 հայ է բնակվում: Հայությունը, սակայն, Կիպրոսում ոչ թե ազգային փոքրամասնության, այլ կրոնական համայնքի կարգավիճակ ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: