Հայերեն   English   Русский  

​ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ


  
դիտումներ: 6029

Հայ եկեղեցու պատմության մեջ բազում են դեպքերը, երբ առանձին գործիչներ կամ խմբավորումներ ծառայել են օտար պետությունների շահերին՝ դառնալով օտարի ներկայացուցիչը հայ եկեղեցում և գործիք, որ ծառայում է միմիայն հանուն օտարների մեծապետական շահերի: Ոմանք եկեղեցին են ծառայեցրել իրենց անձնական կամ նեղ խմբակային շահերին: Իսկ եթե իրենց անձնական շահերը համընկել են օտար պետությունների շահերի հետ, դա իսկական աղետ է դարձել հայության համար:

Եղել են դեպքեր, երբ այդ անհատները կամ խմբավորումները մրցել են միմյանց հետ՝ տարված օտարին քծնելու և ծառայելու մոլուցքով:

Նման իրավիճակ էր XIX դարասկզբին, երբ Էջմիածնի կաթողիկոսական գահի համար ծավալվեց Դավիթ-Դանիելյան վեճը: Էջմիածնի կաթողիկոսական գահին իրենց թեկնածուներին էին ցանկանում տեսնել Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը և իհարկե Հայաստանում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Ռուսական կայսրությունը:

Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի մահից հետո Էջմիածնի միաբանությունը հակված էր կաթողիկոսական աթոռին տեսնելու Դանիել Ա Սուրմառեցուն: Սակայն արդեն 1801 թ. Վրաստանը գրաված ռուսները, ցանկանալով իրենց հսկողության տակ պահել նաև հայությանը, Էջմիածնի կաթողիկոսական աթոռին առաջ քաշեցին իրենց գործակալին՝ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին, որ մինչ այդ ռուսահայերի առաջնորդն էր և իրեն «փառավորել» էր՝ իրականացնելով Ղրիմի հայաթափության ռուսական ծրագիրը:

Մինչ ռուսները դավադիր ճանապարհով ցանկանում էին իրենց գործակալին հաստատել կաթողիկոսական աթոռին, Էջմիածնում գումարված ժողովը կաթողիկոս է ընտրում Դանիել Ա Սուրմառեցուն: Նույն ժողովի որոշմամբ Էջմիածնի ամենաազդեցիկ միաբաններից Դավիթ Էնեգեթցին ուղևորվում է Կոստանդնուպոլիս՝ առաջնորդելու նորընտիր կաթողիկոսին Մայր Աթոռ:

Այստեղ Դավիթ Էնեգեթցին ընտրվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, սակայն հրաժարվում է պատրիարքական աթոռից, մանավանդ որ նրա ընտրությունը Բարձր դռան սրտով չէր:

Իմանալով, որ ռուսական կաբինետին հաջողվել է չեղարկել կաթողիկոսական նախկին ընտրությունը և իր թեկնածուին՝ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին ընտրել տալ ամենայն հայոց կաթողիկոս, Դավիթ Էնեգեթցին, թողնելով պատրիարքական աթոռը և հրաժարվելով նորընտիր օրինավոր կաթողիկոսին ուղեկցելուց, շտապ վերադառնում է Էջմիածին:

Սակայն Հովսեփ Արղությանին այդպես էլ բախտ չվիճակվեց օծվել ամենայն հայոց կաթողիկոս: Նա մահացավ Թիֆլիսում՝ չհասնելով Էջմիածին: Այդժամ Դավիթ Էնեգեթցին, իր համակիրներին համախմբելով իր շուրջը, նաև ստանալով ռուսների հավանությունը, 1802 թ. ապրիլի 28-ին օծվում է ամենայն հայոց կաթողիկոս՝ փաստացի բռնագրավելով կաթողիկոսական աթոռը օրինավոր ընտրված Դանիել Ա Սուրմառեցուց:

Դավիթը հայոց կաթողիկոսական գահացանկում հաշվառված է որպես Դավիթ Ե Էնեգեթցի: Նրա ազգանունը Ղորղանյան է, ծնվել է պատմական Գուգարքի Մանգեղյաց Փոր գավառի Էնագեթ (Էնեգեթ) գյուղում:

Դավիթ Ղորղանյանի ծննդյան թվականն անհայտ է:Հայտնի է միայն, որ նա սերում է մեծատոհմիկ ընտանիքից: Դեռ մանկուց ծնողները որոշում են, որ Դավիթը պետք է հոգևորական դառնա, և նա պատանի հասակում տեղափոխվում է Վաղարշապատ ու սովորում Էջմիածնի դպրեվանքում:

Հոգևորական ծառայողական սանդղակով Դավիթ Ղորղանյանն արագ բարձրացավ: Նա դարձավ Մայր աթոռի տնտեսական մասի կառավարիչ: Այդ պաշտոնում էլ նրան նշանակեցին Մայր աթոռի նվիրակ՝ Պոլսից Էջմիածին ուղեկցելու նորընտիր կաթողիկոս Դանիել Սուրմառեցուն:

Դավիթ Ե Էնեգեթցին կաթողիկոսական աթոռը գրավեց ռուսական իշխանությունների աջակցությամբ: Ռուսները ցանկանում էին Արևելյան Հայաստանում մեծացնել իրենց ազդեցությունը՝ գրավելով նախ և առաջ հայոց կաթողիկոսական գահը:

Դանիել Սուրմառեցու կողմնակիցներն էլ 1802 թ. մայիսի 25-ին Բագրևանդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նրան օծեցին ամենայն հայոց կաթողիկոս: Դանիելը հաստատվեց Բայազետում:

Սկսվեց Դավիթ-Դանիելյան վեճը հայոց կաթողիկոսական աթոռի համար: Սակայն, ըստ էության, այս վեճում նրանք սոսկ խամաճիկներ էին: Իրականում երկու կաթողիկոսներն էլ սոսկ խաղալիք էին ռուսական, պարսկական և թուրքական շահերի բախման կիզակետում:

Պայքարի առաջին փուլում Դավիթ Ե Էնեգեթցին կարողացավ հաղթանակի հասնել իր ախոյանի նկատմամբ: Նրա մարդիկ, ռուսների աջակցությամբ ստանալով սուլթանի կառավարության համաձայնությունը, կարողացան Բայազետից դուրս բերել Դանիել կաթողիկոսին և Վաղարշապատ հասցնել: Այստեղ Դանիելը Դավթի կարգադրությամբ բանտարկվում է: Շատ չանցած՝ պարսից Ֆաթհ Ալի շահի հրամանով նա աքսորվում է Մարաղա:

Սակայն Դավթին վիճարկված չէր երկար վայելել իր հաղթանակը: Ռուսները փոխեցին իրենց վերաբերմունքը Դավթի նկատմամբ և կրկին առաջ քաշեցին Դանիելի թեկնածությունը: Իսկ պարսկական կառավարությունը, ճիշտ է, գտնվելով Ռուսաստանի դեմ պատերազմի պայմաններում, այնուամենայնիվ չդիմանալով ճնշումներին՝ զիջումների գնաց: Դավիթը գահազրկվեց և կաթողիկոսական գահ բարձրացավ Մարաղայի աքսորից վերադարձած Դանիել Սուրմառեցին:

Սկիզբ առած ռուս-պարսկական պատերազմի ժամանակ պարսկական կառավարությունը հայությանը հաճոյանալու համար կաթողիկոսական աթոռից գահընկեց արեց Դավիթ Ե Էնեգեթցուն և գահ բարձրացրեց Դանիել Ա Սուրմառեցուն:

Գահազուրկ Դավիթ Ե Էնեգեթցին մնաց Էջմիածնում և ծառայեց որպես շարքային միաբան:

1808 թ. Դանիել Ա Սուրմառեցի կաթողիկոսի մահից հետո Դավիթ Էնեգեթցին դարձյալ փորձեց գրավել կաթողիկոսական գահը: Սակայն ռուսական իշխանությունները նրան հասկացրին, որ այլևս պետք է մոռանա կաթողիկոսական գահի մասին: Դավիթ Էնեգեթցուն ուղղակի ասացին, որ նրա թեկնածությունը հակասում է թե՛ ռուսական, թե՛ հայության շահերին:

Եվ երբ ռուսների աջակցությամբ ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում Եփրեմ Ա Ձորագեղցին, Դավիթ Էնեգեթցին ստիպված էր գրավոր հայտարարություն ստորագրել, որ երբեք չի հավակնի կաթողիկոսական գահին: Սա, ինչ խոսք, գահազուրկ նախկին կաթողիկոսի կյանքի ապահովության գրավականն էր:

Դավիթ Էնեգեթցին մահացավ 1817 թ. հոկտեմբերի 31-ին, Էջմիածնում: Մարմինն ամփոփված է Սուրբ Գայանե վանքի բակում՝ հարավային կողմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: