Հայերեն   English   Русский  

​Լևոն Վերմիշյան. «Մարզական պարերի ծրագիրը բազմաժանր է և գրավիչ»


  
դիտումներ: 3472

Ապրիլի 21-22-ը Երևանի «Նեպտուն» համալիրում կայացավ Սպորտային պարերի Եվրոպայի գավաթ 2018 մրցաշարը, որը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Մրցմանը մասնակցեց շուրջ 1200 մարզիկ Հայաստանից և Վրաստանից:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կոլեգիայի անդամ, առաջին կարգի մրցավար, «Օսկար» պարային ակումբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Վերմիշյանը խոսում է մրցաշարից ստացած տպավորությունների, Հայաստանում մարզական պարերի ներկայիս վիճակի, ոլորտում առկա խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:

- Պարո՛ն Վերմիշյան, Երևանում պարբերաբար անցկացվում են մարզական պարերի թե՛ տեղական, թե՛ միջազգային մրցաշարեր: Այս մրցաշարն ինչո՞վ առանձնացավ:

- «Նեպտուն» համալիրում կայացած մրցաշարը կազմակերպել էր Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան (WAPA): Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան համաձայնեց, որ տեղական ակումբները ևս մասնակցեն այս մրցմանը: Ըստ կազմակերպիչների` մասնակիցներ պետք է լինեին նաև Հունաստանից, Իրանից Իսրայելից, սակայն մեզ մոտ տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակների պատճառով հրաժարվեցին ժամանել: Պայքարի մեջ մտան միայն Հայաստանի և Վրաստանի մարզիկները, և մրցաշարի՝ Եվրոպայի գավաթ անվանումը չփոխվեց: Նշեմ, որ ստուգատեսը դատելու համար մրցավարներ էին ժամանել Վրաստանից և Ուկրաինայից: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայից մասնակցեցին մեկ միջազգային կարգի (Արթուր Զաքարյան) և 1-ին կարգի 3 մրցավար (Լևոն Վերմիշյան, Արմեն Մխիթարյան, Անդրանիկ Ծատուրյան):

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից մրցաշարին մասնակցեց 3 ակումբ՝ «Օսկարը», «Վիվատը» և «Անդռիմը»: Մրցումային երկու օրերի ընթացքում հանդես եկան տարբեր կարգ ունեցող մարզիկներ փոքրերի, պատանիների, երիտասարդների և մեծահասակների տարիքային խմբերում՝ պարային տարբեր ծրագրերով: Մրցման երկրորդ օրը մրցահարթակ դուրս եկան միայն մարզական պարերի ներկայացուցիչները՝ զույգեր, սոլոներ, լատինաամերիկյան խմբակային համարներ: Մասնակիցները հանդես եկան հետաքրքիր և տպավորիչ համարներով: Նշեմ, որ վրացի մասնակիցները բավական մեծ թիվ էին կազմում, ինչն իսկապես ողջունելի է: Կարևոր է նման մեծամասշտաբ մրցումների անցկացումը, այս կերպ ճանաչելի ենք դառնում միջազգային ասպարեզում:

- «Օսկար» պարային ակումբից մրցմանը մասնակցեց 11 մարզուհի: Գո՞հ եք Ձեր սաների ելույթներից:

- Իմ մարզուհիները հանդես եկան տարբեր տարիքային խմբերում և կարգերում: Նրանցից 9-ը գրավեցին 1-ին հորիզոնականը: Նրանց ելույթներից գոհ եմ. արդյուքներն ավելի խոսուն են: Նմանատիպ մրցումները մարզիկներին փորձ կուտակելու հնարավորություն են ընձեռում և վստահություն են հաղորդում, ինչը շատ կարևոր է նրանց հետագա մարզական ուղու համար:

- Պարո՛ն Վերմիշյան, այսօր մարզական պարերի զարգացման համար բավարար պայմաններ կա՞ն Հայաստանում:

- Շատ կարևոր է մարզադահլիճներ ունենալ՝ համապատասխան պայմաններով: Ցանկացած մարզաձևի զարգացման համար ֆինանսական հնարավորություններ են հարկավոր: Օրինակ՝ մրցումներին, սեմինարներին մասնակցելու համար հատուկ մուտքավճարներ են պահանջվում: Այդ է պատճառը, որ ոչ բոլորն են հնարավորություն ունենում մասնակցելու միջազգային մրցումների ու վերապատրաստման դասընթացների: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան հնարավորինս աջակցում է: Ամեն տարվա վերջին կազմակերպվում է հաշվետու համերգ, որի հասույթը հաջորդ տարի փոխանցվում է այն առաջատար զույգերին, որոնք որևէ միջազգային մրցաշարում ներկայացնելու են Հայաստանը:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան պարբերաբար կազմակերպում է նաև գործնական և տեսական սեմինարներ մրցավարների և մարզիչների համար: Հայաստան են ժամանում ոլորտի լավագույն ներկայացուցիչները: Օրինակ՝ այս օրերին Հայաստանում մարզչական սեմինար կանցկացնի աշխարհի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսեյ Սիլդեն:

Նշեմ, որ վերջին տարիներին հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է մարզական պարերի և առհասարակ մյուս մարզաձևերի նկատմամբ, որոշ անկում է նկատվում: Հուսանք, որ տեղական միջոցառումների կազմակերպումը հնարավորություն կտա կրկին մեծացնելու հետաքրքրությունը մարզական պարերի նկատմամբ թե՛ որպես մարզաձևի, թե՛ որպես արվեստի: Սպորտային պարերում ընդգրկված են լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերը: Մարզական պարերի ծրագիրը բազմաժանր է, երաժշտությունը՝ ռիթմիկ և գրավիչ:

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը պատրաստում է սպորտային պարերի մասնագետներ, Դուք դասախոսում եք այնտեղ: Մասնագետների պահանջարկ կա՞:

- Ոլորտի նկատմամբ անհրաժեշտ է մասնագիտական վերահսկողություն սահմանել: Մարզիչներն աշխատում են երեխաների հետ: Նրանք պետք է լավ իմանան, թե որ տարիքի երեխային ինչ ծանրաբեռնվածություն է թույլատրելի, ինչպիսի բարդությամբ տարրեր երեխան կարող է կատարել տվյալ շրջանում: Այս ամենը պետք է հստակ իմանալ՝ զարգացման շրջանում երեխային չվնասելու համար: Որակյալ մասնագետի պահանջ ամենուրեք և մշտապես կա: Ուսանողներն անգամ սովորելու տարիներին խմբեր ունեն, որոնք ղեկավարում են: Մենք նրանց ուղղորդում ենք: Շատերն աշխատում են որպես մարզիչների օգնական՝ մասնագիտության մեջ փորձ ձեռք բերելու համար:

- Տոկիո 2020-ի օլիմպիական խաղերում մարզական պարերը պաշտոնապես կընդգրկվեն օլիմպիական մարզաձևերի ընտանիքում: Ի՞նչ եք կարծում, հայ մարզիկները մասնակցության հնարավորություն կունենա՞ն:

- Հենց վերջերս Իտալիայի Բոլոնիա քաղաքում Սպորտային պարերի միջազգային ֆեդերացիան կազմակերպեց մեծ կոնգրես: Այնտեղ հրաշալի տեսահոլովակ ներկայացվեց մարզական պարերն օլիմպիական ընտանիք ընդգրկելու վերաբերյալ: Որոշված չէ, թե ինչ ընթացակարգ կմշակվի մարզիկների ընտրության համար: Օլիմպիական խաղերում հանդես են գալիս մարզաձևերի լավագույն ներկայացուցիչները: Մենք ունենք լավ մարզիկներ, պարզապես փորձն է նրանց պակասում: Հավանաբար պետք է մարզիկները միջազգային մրցումների մասնակցեն՝ վարկանիշ ձեռք բերելու համար: Մրցումներին մասնակցությունը կնպաստի բարձր արդյունքների հասնելու:

Նշեմ, որ այդ կոնգրեսին ինձ հետ միասին մասնակցեցին Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի առաջին կարգի մրցավարներ Արմեն Մխիթարյանը և Գեորգի Բաբայանը: Նպատակ ունենք 3 փուլից բաղկացած քննություններ հանձնել անգլերենով միջազգային կարգ ստանալու համար: Առաջին՝ ընդհանուր իմացության փուլն արդեն հանձնել ենք: Միջազգային կարգի մրցավար դառնալը մեզ հնարավորություն կընձեռի որպես մրցավարներ հանդես գալու Եվրոպայի և աշխարհի պաշտոնական առաջնություններում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: