Հայերեն   English   Русский  

Սկանդալ հայկական ֆուտբոլում. ՀՖՖ-ն արձագանքում է «Շիրակի» հայտարարությանը


  
դիտումներ: 139

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Գյումրիի «Շիրակի» հայտարարությանն այն մասին, որ ՀՖՖ-ն ակումբին ապօրինի է մեղավոր ճանաչվել կազմակերպված խաղի հետ կապ ունենալու մեջ: Այդ առթիվ հայտարարությամբ հանդես է եկել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:

«Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ և այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն/: Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդմաներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում. «Շիրակ» ՖԱ-ի ներկայացուցիչը (պաշտոնապես Արարատ Հարությունյանը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն) մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» - «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով հանդիպել է «Բանանցի» ֆուտբոլիստին, տվել կանխավճար «Շիրակի» օգտին սխալվելու և օգնելու վերջինիս խաղը հաղթելու համար և խոստացել վերջնավճարը վճարել արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում առաջնորդվել է բացառապես կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում:

Հորդորում և կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական եւ իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում: Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS)»:

Ավելի վաղ ՝ Գյումրիի «Շիրակը» արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմանը, որով ակումբը փաստացի մեղավոր էր ճանաչվել կազմակերպված խաղի հետ կապ ունենալու մեջ:

«Այսօր «Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր և 7մլն ՀՀ դրամ տուգանքի մասին, հիմնավորելով, որ Ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։

Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։

«Շիրակը» չի ընդունում Ակումբին վերաբերող որևէ փաստարկ։ Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։

Տեղեկացնում ենք, որ եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»,- ասվում է հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: