Հայերեն   English   Русский  

​ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ


  
դիտումներ: 5589

Կան անհատներ, որոնք, լինելով առավելապես կուսակցական գործիչ, իրենց գործունեության մեջ այնպես են փայլում, որ համազգային նշանակության գործիչներ են դառնում: Նրանցից է ՀՅԴ գործիչ Նիկոլ Աղբալյանը:

«Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու, թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պետք է սիրով կատարել, կա՛մ արդարությամբ: Լավ է, անշո՛ւշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին, կամովին առած լուծ՝ կյանքի ակոսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ անտեսվում է և մարդու աչքին երևում է, որ կարող է կորցնել իր թարմությունը: Մարդը սիրելով կին պետք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ: Երբ մարդը սիրվի կնոջ մեջ, նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ո՛չ հագուստի նոր ձևը, և ո՛չ շպարը»:

Նիկոլ Աղբալյան

Նիկոլ Աղբայլանը Թիֆլիսից է: Ծնվել է 1873 թ. մարտի 24-ին Հավլաբար թաղամասում: Նա հասարակ ընտանիքի զավակ էր:

Նախնական կրթությունն ստանալով իրենց թաղամասի ծխական դպրոցում՝ Աղբալյանը ծնողների կամքով Վաղարշապատ է ուղևորվում՝ ուսում առնելու Գևորգյան ճեմարանում: Ծնողները նպատակ ունեին իրենց որդուն հոգևորական դարձնել:

Սակայն Աղբալյանը հոգևորական չդարձավ: Ճեմարանական ուսումը կիսատ թողնելով՝ նա վերադարձավ հայրենի քաղաք և ընդունվեց Ներսիսյան դպրոց, որն ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստան և ընդունվեց Սանկտ Պետերբուրգի համալսարան: Ապա ճամփորդեց Եվրոպայում և որպես ազատ ունկնդիր սովորեց Լոզանի, Սորբոնի, Մոսկվայի համալսարաններում:

Ուսանողության տարիներից Աղբալյանը ներգրավվեց ուսանողական, հեղափոխական շարժումներում ու անդամագրվեց նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Ուսմանը զուգահեռ Նիկոլ Աղբալյանը վաստակում էր ուսուցչությամբ, միաժամանակ թղթակցում էր «Մուրճ» ամսագրին: Մինչ Թեհրան տեղափոխվելն ուսուցչություն էր անում և կուսակցական գործունեություն ծավալում Շուշիում, Ագուլիսում, Կաղզվանում, Թիֆլիսում:

1909-1912 թթ. Նիկոլ Աղբալյանը բնակություն հաստատեց Թեհրանում: Նա Ազգային վարժարանի տնօրենն էր: Միաժամանակ ակտիվ կուսակցական գործունեություն էր վարում՝ դառնալով ՀՅԴ Ազգային բյուրոյի անդամ:

1913 թ. Աղբալյանը վերադարձավ Թիֆլիս: Նույն տարին Թիֆլիսում հրատարակեց դաշնակցական «Նոր հոսանք» հանդեսը, միաժամանակ խմբագրում էր «Հորիզոն» թերթը, «Վերնատուն» գրական խմբակի և Հայ գրողների միության անդամ էր:

Թիֆլիսում Նիկոլ Աղբալյանը մշակութային գործունեություն էր վարում: Մասնավորապես մեծ ավանդ ունեցավ՝ աջակցելով Հովհաննես Թումանյանին Սայաթ-Նովային նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման գործում:

Առաջին աշխարհամարտի տարիներին Թիֆլիսում ազգային այլ գործիչների հետ ձեռնամուխ եղավ կամավորական գնդերի կազմավորման աշխատանքներին: Ապա հայ կամավորների հետ անցավ Արևմտյան Հայաստան:

Նիկոլ Աղբալյանը մեծ դերակատարություն ունեցավ նաև հայ գաղթականության պարենավորման ու փրկության կազմակերպման աշխատանքներում:

1917 թվականի ռուսական հեղափոխությանը Աղբալյանը, ի տարբերություն իր կուսակից ընկերների, զգուշությամբ վերաբերվեց: Նա շարունակ կոչ էր անում չվստահել ռուսներին և սեփական ուղի գծել: Ցավոք, ժամանակի դաշնակցական գործիչները ճկուն չգտնվեցին:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Նիկոլ Աղբալյանը նախ դարձավ խորհրդարանի անդամ, ապա՝ 1919 թ., Ալեքսանդր Խատիսյանի կառավարության մեջ դարձավ ՀՀ կրթության նախարար:

Այս պաշտոնում հսկայական գործ կար անելու, և Նիկոլ Աղբալյանը պատվով կատարեց իր առաքելությունը: Նա Հայաստանում վերականգնեց կրթության կազմակերպման գործը: Տասնյակ դպրոցներ վերաբացվեցին, 1920 թ. Նիկոլ Աղբալյանի անձնական մեծ նվիրումի շնորհիվ Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը:

Նրա ջանքերով արտասահմանից ՀՀ կառավարությունը գնեց ու Երևան բերեց գիտատեխնիկական հարուստ գրականություն, մասնավորապես՝ Թիֆլիսի քաղաքապետ Արղության-Երկայնաբազուկի գրադարանը, որի հիմքով էլ հետագայում ձևավորվեց Ազգային գրադարանը:

Նիկոլ Աղբալյանը ցանկանում էր միավորել հայ մտավորականությանն ու երևելի գործիչներին: Նա աշխարհասփյուռ հայ մտավորականությանը Երևան հրավիրելու քայլեր ձեռնարկեց:

Նիկոլ Աղբալյանը նաև թոշակ նշանակեց հայ գրողներին, մտավորականներին: Երևանում հիմնադրեց Հայաստանի գրողների ընկերակցությունը: Անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից՝ ընդառաջում ու գործ էր տալիս ամենքին: Նրա ջանքերի շնորհիվ նաև փրկվել ու մեզ են հասել Եղիշե Չարենցի գրական ստեղծագործությունների շատ մասնիկներ:

Խորհրդային իշխանությունը, ի թիվս դաշնակցական շատ գործիչների, 1921 թ. փետրվարի 9-ին ձերբակալեց նաև Նիկոլ Աղբալյանին: Նրան ձերբակալեցին Լևոն Շանթի և նախկին վարչապետ Համո Օհանջանյանի հետ միաժամանակ: Հավանաբար, նա էլ կարժանանար շատ ուրիշ հայորդիների դաժան ճակատագրին, եթե չփրկվեր Փետրվարյան ապստամբության դիպվածով:

Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Նիկոլ Աղբալյանն անցավ Պարսկաստան, ապա Եգիպտոս: Այստեղ Աղբալյանն անցավ մշակութային գործունեության: Նա տնօրինեց Ալեքսանդրիայի Ազգային վարժարանը:

Սակայն Եգիպտոսում Աղբալյանը երկար չմնաց: Նա տեղափոխվեց Լիբանան և վերջնականապես հաստատվեց Բեյրութում: Աղբալյանն իր մոտ հրավիրեց նաև Լևոն Շանթին, միասին Բեյրութում հիմնադրեցին Համազգային ճեմարանը:

Այստեղ նա ուսուցչությամբ հազիվ էր հոգում իր ապրուստը: Առհասարակ ողջ կյանքում Աղբալյանը համեստ ապրեց, անգամ՝ չքավորության մեջ: «Անցյալ տարի ոչ մեկ կոպեկ ռոճիկ եմ ստացած, ապրած եմ նախանցյալ տարվանից մնացած ռոճիկով, ամառը վրանի մեջ եմ ապրած, մենակ, մի սարի կողին՝ գիշերները շնագայլերի ձայների տակ քնելով և իմ կերակուրս ինքս պատրաստելով,- շարունակելով նամակը՝ նա ավելացնում է:- Ես ընդհանուր առմամբ վատ չեմ, բայց գլուխս արյուն է խուժում չափազանց մտավորական լարումից և դրամական վիճակս վատթարացած է»:

Այստեղ նա գրեց իր «Հայ գրականության պատմություն» արժեքավոր աշխատությունը:

Մեծ հայորդին մահացավ 1947 թ. օգոստոսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

«Երկար ապրելու չեք. ամենաշատը հարյուր տարի, ուրիշ անգամ աշխարհ գալու չեք: Ա՛յս է, որ կա. հետո գալու է հավերժական խավար և հանգիստ: Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան, հաշտ ու համերաշխ: Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա, ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվեն ու թեթև կապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը: Եթե մտածենք, որ այս օրը անցնում է և վերադարձ չունի, պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: