Հայերեն   English   Русский  

«Լույս» հիմնադրամը դադարեցնում է ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի աշխատանքներին


  
դիտումներ: 1266

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը նամակ է հղել «FAST» հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանին և Արթուր Ալավերդյանին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«FAST» հիմնադրամի հարգելի՛ հիմնադիրներ,

ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։ Ներկայումս «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։

Վստահ ենք, որ «FAST» հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի եւ նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։

Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»։

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր և հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: «Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված էր բաց նամակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: