Հայերեն   English   Русский  

Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի Սամեդ Սեիդովի դեմ


  
դիտումներ: 424

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի և պատգամավոր Ժորդի Շուկլայի դեմ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ, Պյոտր Պորոշենկոյի դաշինքից ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Արևը, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

«Ագրամունտին և Ուկրաինայի գծով նախկին համազեկուցող Շուկլային մեղավոր են ճանաչել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո վարքագծի կանոնների լուրջ խախտման համար: Նրանք երկուսն էլ զրկվել են ԵԽԽՎ անդամների համար սահմանված կանոններով նախատեսված իրավունքներից՝ բացի ձայնի և բանաձևեր նախաձեռնելու իրավունքից: Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 10 տարով, իսկ Շուկլայի դեմ՝ 2 տարով»,- գրել է նա:

«Եվրոպեյսկայա պրավդա» կայքին տված մեկնաբանությունում Արևը մանրամասնել է, որ հանձնաժողովը համաձայնվել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտությանը, չնայած իրավաբանորեն նրանց մեղքը դեռ ապացուցված չէ: Որոշումը հիմնվել է ԵԽԽՎ-ում համակարգային կոռուպցիայի մասին արտաքին քննչական խմբի զեկույցի վրա:

Վերջինս հավելել է նաև, որ Ագրամունտից և Շուկլայից բացի համանման պատժամիջոցների տակ են հայտնվել նաև պատգամավորներ Չեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը (Ադրբեջան): Վերջինս նաև ԵԽԽՎ փոխնախագահն է: Սեիդովի նկատմամբ սահմանափակող միջոցներ են սահմանվել երկու տարով:

2017 թ-ի հունիսի 30-ին ԵԽԽՎ 158 պատգամավորներ ստորագրել են Արգամունտին նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացի մասին պաշտոնական առաջարկ: Նրա հրաժարականի հարցը բարձրացվել է այն բանից հետո, ինչ մարտին վեհաժողովի և Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների պատվիրակության կազմում ժամանել էին Սիրիա, չնայած Ռուսաստանի Դաշնությունը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից: Հոկտեմբերի 6-ին Ագրամունտը հրաժարական է տվել:

2018 թ-ի ապրիլին հրապարակվել է անկախ քննչական խմբի 198-էջանոց զեկույց, որում նշված է Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործողությունների մասին: Նշվել է, որ ԵԽԽՎ յոթ ներկայիս և նախկին անդամներ գործել են ընդդեմ վեհաժողովի էթիկայի չափանիշների: Զեկույցում ներկայիս պատգամավորների թվում նշված են Ագրամունտի (Իսպանիա), Չեզար Ֆլորին Պրեդայի (Ռումինիա), Ստեֆան Շեննահի (Ավստրիա), Սամեդ Սեիդովի (Ադրբեջան) և Շուկլայի (Իսպանիա) անունները: Վեհաժողովի զեկույցում նշված է եղել, որ Բաքուն փորձել է կաշառել պատգամավորներին թանկարժեք գորգերի, սև խավիարի և մարմնավաճառների միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: